• Հիսուսի մեջ տեսնել ամենամոտ և հավատարիմ Ընկերոջը

    «Նա մնում է մեր սրտի դռան մոտ»:


    Սեպտեմբերի 28-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ և կանգ առավ «նրա բաղկացուցիչ տարրերից առաջինի վրա, որը աղոթքն է»:

     

    Ըստ Նորին Սրբության, աղոթքը մեզ թույլ է տալիս հեշտ ու անկաշկանդ դիմել Աստծուն, ինչպես մտերիմ ընկերոջը: Սրբերի կյանքի գաղտնիքը Աստծո հանդեպ նրանց աճող վստահությունն է, որն էլ հեշտացնում է Նրա կամքի ճանաչողությունը: Այս ընկերությունը հաղթահարում է վախը կամ խռովահույզ կասկածները՝ Աստծո բարի մտադրությունների վերաբերյալ:

     

    Ճանաչողությունն, ըստ Սրբազան Քահանայապետի, դեռ չի նշանակում բացարձակ պարզություն կամ հստակություն, քանի որ մենք խոսում ենք կյանքի մասին, և այն միշտ չէ, որ ենթարկվում է տրամաբանությանը, քանզի այն ունի բազմաթիվ ասպեկտներ, որոնք հնարավոր չէ ամփոփել մեկ կատեգորիայի մեջ: Սակայն նույնիսկ լիակատար վստահության դեպքում էլ մենք միշտ չէ, որ պատշաճ ենք գործում և միայն հաստատում ենք Պողոս առաքյալի խոսքերը. «Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում» (Հռոմ. 7,19): Մենք մեքենաներ չենք, և միայն հրահանգները մեզ համար բավարար չեն, – ընդգծեց Նորին Սրբությունը. «Տիրոջ օգտին որոշումներ կայացնելու և՛ խոչընդոտները, և՛ օգնությունը կարող են նաև զգացական լինել»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց Հիսուսի առաջին հրաշքը՝ դիվահարի բժշկումը Մարկոսի Ավետարանում (տես՝ Մկ. 1,21-28): Կափառնայի ժողովարանում Հիսուս մի մարդու ազատում է չար դևից, նրանից հեռացնելով Աստծո կեղծ պատկերը, որը սատանան հենց սկզբից էր առաջարկում. Բարձրյալի կերպարը, որը չի ուզում մեր երջանկությունը։ Պիղծ ոգուց բռնվածը գիտի, որ Հիսուսն Աստված է, սակայն դա բնավ չի դրդում նրան հավատալ Քրիստոսին, ավելին, նա հայտարարում է. «Դու մեզ կորստյան մատնելու՞ եկար» (տես՝ Մկ. 24):

     

    Շատերը, նույնիսկ քրիստոնյաները, այսպես են մտածում, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը, – գուցե նրանք հավատում են, որ Հիսուսն Աստծո Որդին է, սակայն կասկածում են, որ Նա նրանց երջանկություն է ցանկանում, իսկ ոմանք էլ վախենում են, որ Նրա առաջարկը լուրջ ընդունելը կնշանակի կործանել իրենց կյանքը, ոչնչացնել իրենց ամենից փափագած ցանկություններն ու ձգտումները: Երբեմն այնպիսի մտքեր են սողոսկում, որ Աստված չափազանց շատ է պահանջում, այլ կերպ ասած, Նա մեզ այնքան էլ չի սիրում: Այնուամենայնիվ, Նրան առաջին անգամ հանդիպելիս՝ մենք ճաշակեցինք իրական ուրախության, բերկրանքի համը: Պետք ասել, որ տխրությունը կամ վախը Աստծուց բաժանվելու նշաններ են. «Եթե կամենում ես հավիտենական կյանք մտնել, պահի՛ր պատվիրանները» (տես՝ Մտթ. 19,17): Ի դժբախտություն այս երիտասարդի, որոշ խոչընդոտներ նրան խանգարեցին իրականացնել «բարի ուսուցչին» հետևելու իր բուռն ցանկությունը։ Նա ամեն ինչ արեց Հիսուսին հանդիպելու համար, սակայն ի վերջո հարստությունն ավելի կարևոր էր: Հիսուսը չի ստիպում նրան որոշում կայացնել, սակայն ասվում է, որ երիտասարդը «տրտմությամբ» հեռացավ Հիսուսից (տես՝ Մտթ. 19, 22): «Նա, ով հեռանում է Տիրոջից, երբեք որևէ բանից գոհ չի լինում, նույնիսկ եթե ունի շատ առատ բարիքներ և հնարավորություններ», – ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Ճանաչողությունն այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ արտաքին կողմը երբեմն խաբուսիկ է լինում, սակայն Աստծո հետ ընկերությունը կարող է «նրբորեն փարատել» ցանկացած կասկած և վախ՝ կյանքն ավելի ընկալունակ դարձնելով Նրա «բարի լույսին», ինչպես ասել է երանելի Ջոն Հենրի Նյումանը, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սրբերը փայլում են արտացոլված լույսով և պարզ առօրյա գործունեության մեջ ցույց են տալիս Աստծո սիրառատ ներկայությունը, Ով անհնարինը դարձնում է հնարավոր: Ասում են, որ երկար ժամանակ սիրով ապրած ամուսինները նմանվում են միմյանց, նման բան կարելի է ասել նաև սուրբ աղոթքի մասին. աստիճանաբար, բայց արդյունավետ կերպով դա մեզ ավելի ու ավելի ընկալունակ է դարձնում ճանաչողության նկատմամբ:

     

    Նորին Սրբությունն իր խորհրդածության ավարտին դիմեց ուխտավորներին և աղոթք բարձրացրեց, որպեսզի Տերը մեզ պարգևի Իր հետ ընկերական հարաբերությունների մեջ ապրելու շնորհը, «այնպես, ինչպես ընկերն է խոսում ընկերոջ հետ» (տե՛ս Սբ. Ի. Լոյոլա, Հոգևոր վարժություններ. 53), որպեսզի Հիսուսի մեջ տեսնենք մեր ամենամոտ ու հավատարիմ Ընկերոջը, Ով երբեք մեր վրա ճնշում չի գործադրում և, ամենակարևորը, երբեք չի լքում մեզ, նույնիսկ երբ մենք հեռանում ենք Նրանից: «Նա մնում է մեր սրտի դռան մոտ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց