• Եկեղեցին խոնարհվում է Հաղորդության և տառապյալների վերքերի առաջ

    «Սուրբ Հաղորդությունը «նոր աշխարհի մարգարեությունն է», դա Հիսուսի ներկայությունն է, Ով կոչ է անում դարձի գալ և դառնալ կարեկցող, առատաձեռն, չլինել եսասեր և անհատապաշտ, այլ լինել բարի և եղբայրասեր»:


    Սեպտեմբերի 25-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հովվական այց կատարեց Մատերա քաղաք՝ ավարտելու քառօրյա 27-րդ Ազգային Հաղորդության համագումարը, որտեղ հավաքվել էին մոտ 800 պատվիրակներ Իտալիայի 166 թեմերից։ Նորին Սրբությանը դիմավորեց տեղի եպիսկոպոսության նախագահ, կարդինալ Մատտեո Մարիա Ջուպպին, քաղաքացիական և կրոնական իշխանությունները։ Քաղաքային մարզադաշտում Սրբազան Քահանայապետը մատուցեց Սուրբ Պատարագ:

     

    Իր քարոզում Նորին Սրբությունը խորհրդածեց ավետարանական մի առակի շուրջ, որը պատմում էր աղքատ Ղազարոսի մասին (Ղկ. 16,19-31): Սուրբ Հաղորդության խորհուրդը, որին նվիրված էր եկեղեցական համագումարը, հիշեցնում է «Աստծո գլխավորությունը»: Սակայն այդ կարևոր հանգամանքը ընդհանրապես չէր հետաքրքրում անանուն հարուստին, քանզի նա մտածում էր միայն իր բարօրության, կարիքների բավարարման, շքեղությունը վայելելու մասին։ Նրա կյանքում տեղ չկար Աստծո համար, ինչպես որ նրա անունը չի նշվում առակում. հարուստի ինքնությունը որոշվում էր միայն նրա հարստությամբ: Սա արդիական է նույնիսկ այսօր, ընդգծեց  Սրբազան Քահանայապետը, երբ մարդկանց գնահատում են նկատի ունենալով իրենց ֆինանսական կարգավիճակը, սոցիալական դերը, կոչումները և նույնիսկ հագուկապը: «Դա սեփականության և հավակնության կրոն է, որը հաճախ գերիշխում է այս աշխարհի բեմում, բայց ի վերջո հեռանում է դատարկաձեռն»: Ընդհակառակը, ազքատն անուն ունի՝ Ղազարոս, որը նշանակում է «Աստված ինձ օգնում է»։ Չնայած աղքատությանը և մերժվածությանը, նա պահպանում է իր արժանապատվությունը, քանի որ նա ապրում է Աստծո հետ և հաստատապես ապավինում է Նրան:

     

    Սուրբ Հաղորդությունը, ըստ Նորին Սրբության խոսքերի, մեզ հուշում է անդադար երկրպագել Աստծուն, և ոչ թե մեր սնափառ եսասիրությանը: Միայն Տերն է Աստված, իսկ մնացած ամեն ինչը Նրա սիրո պարգևն է, և նա, ով երկրպագում է Աստծուն, չի կարող որևէ մեկի ստրուկը լինել: Անհրաժեշտ է կրկին բացահայտել Սուրբ Հաղորդության երկրպագության աղոթքը, քանզի այն վերականգնում է Աստծո զավակների արժանապատվությունը:

     

    «Աստծո առաջնահերթությունից բացի, Սուրբ Հաղորդությունը եղբայրական սիրո կոչ է անում», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը. այս Հացը սիրո խորհուրդն է, որով Քրիստոս պարգևում և զոհաբերում է Իրեն մեզ համար՝ խնդրելով անել նույնը, որպեսզի մեր կյանքը դառնա հաց եղբայրների և քույրերի համար: Ավետարանական մեծահարուստը չգիտի այս ամենի մասին և միայն մահվան շեմն անցնելուց հետո է նկատում Ղազարոսին, որից այժմ իրեն բաժանում է «մեծ վիհը» (տես՝ Ղկ. 16,26): Հենց մեծահարուստն է փորել այդ վիհը իր երկրային կյանքի ընթացքում, և որը հավերժ անհաղթահարելի կմնա։ Մեր հավիտենական ապագան կախված է մեր ներկա կյանքից», մերձավորների հանդեպ մեր վերաբերմունքից, – ընդգծեց Նորին Սրբությունը՝ ցավով նշելով, որ այս առակը մեր օրերի պատմությունն է։ Անարդարությունը, երկրագնդի ռեսուրսների անհավասարաչափ բաշխումը, ուժեղների արտոնությունները թույլերի նկատմամբ, անտարբերությունն աղքատների հառաչանքների հանդեպ մի վիհ է, որն ամեն օր խորանում է և ծնում մարգինալացում: Քրիստոնյաները չեն կարող անտարբեր մնալ, և այսօր պետք է ընդունել, որ Սուրբ Հաղորդությունը «նոր աշխարհի մարգարեությունն է», դա Հիսուսի ներկայությունն է, Ով կոչ է անում դարձի գալ և դառնալ կարեկցող, առատաձեռն, չլինել եսասեր և անհատապաշտ, այլ լինել բարի և եղբայրասեր:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց. «Մենք երազում ենք Հաղորդության Եկեղեցու մասին», որտեղ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր իրենք իրենց հացի պես կբեկանեն բոլոր նրանց համար, ովքեր ճնշված են միայնության և աղքատության պատճառով, նրանց համար, ովքեր կարեկցանքի և քնքշության կարիք ունեն, նրանց համար, ովքեր կորցրել են հույսը: Նման Եկեղեցին ծնկի է իջնում ​​Հաղորդության առջև, սակայն նաև կարեկցությամբ խոնարհվում է տառապյալների վերքերի առաջ, ոտքի է հանում աղքատներին, սրբում դժբախտների արցունքները՝ «հույսի և ուրախության հաց դառնալով բոլորի համար»։ Որովհետև չկա ճշմարիտ Հաղորդության երկրպագություն առանց կարեկցանքի բազմաթիվ «Ղազարոսների» հանդեպ, որոնք նույնիսկ այսօր քայլում են մեր կողքին:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին վերադառնալ Հաղորդության հացի համին և հիշել, որ թեև մեր երկրային գոյությունն անցնում է, սակայն Սուրբ Հաղորդությունը խոստանում է հարություն և մեզ առաջնորդում դեպի նոր կյանք, որը հաղթում է մահին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց