• Աստված սպասում է մեր վերադարձին

    «Գիտե՞ս, որ Դու կարևոր ես Աստծո համար: Դու Նրան չես փնտրում, սակայն Նա քեզ է փնտրում»:


    Սեպտեմբերի 11-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավտերանական ընթերցումը, որտեղ ներկայացված են երեք առակներ ողորմածության մասին: Նորին Սրբությունն ասաց, որ Աստված մեր Հայրն է, և Նա փնտրում է մեզ, երբ մենք կորչում ենք: Սրբազան Քահանայապետը կոչ արեց ուրիշների հանդեպ ցուցաբերել նույն մոտիկությունը, կարեկցանքն ու քնքշությունը, ինչ Աստված ցուցաբերում է մեր հանդեպ:

     

    Օրվա ավետարանական ընթերցումը մեզ ներկայացնում է երեք առակներ, որոնք պատմում է Հիսուս՝ ի պատասխան փարիսեցիների և դպիրների վրդովմունքին, որ Նա ընդունում է մեղավորներին և ուտում նրանց հետ, հիշեցրեց Նորին Սրբությունը: Աստված «ոչ ոքի չի բացառում, Նա Իր խնջույքին ցանկանում է տեսնել բոլորին, քանի որ Նա սիրում է բոլորին որպես Իր զավակներ»: Այս առակների իմաստն այն է, որ «Աստված մեր Հայրն է, և երբ մենք կորչում ենք, Նա գալիս է մեզ փնտրելու», ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Առակների երեք գլխավոր հերոսները՝ կորած ոչխարին փնտրող հովիվը, կորած մետաղադրամը գտած կինը և անառակ որդու հայրը, անհանգստանում են իրենց կորուստների համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Երեքն էլ, ըստ էության, մի փոքր մտածելուց հետո կարող էին հանգստանալ, քանզի հովիվը կորցրել է մեկ ոչխար, սակայն ունի իննսունինը այլ ոչխարներ, թող այդ մեկն էլ կորչի: Կինը կորցրել է մեկ մետաղադրամ, սակայն ունի ևս ինը, իսկ հայրն ունի մեկ այլ որդի, ով հնազանդ ու անձնուրաց մարդ է, ուրեմն ինչու՞ մտածես նրա մասին, ով հեռացել է հանուն անառակ կյանքի։ Սակայն նրանք անհանգստանում են իրենց կորցրած ոչխարի, մետաղադրամի և որդու համար: Նա, ով սիրում է, անհանգստանում է կորածի համար, կարոտում է բացակայողին, փնտրում և սպասում է կորածին: Որովհետև նա ուզում է, որ ոչ ոք չկորչի»:

     

    Հենց այդպիսին է մեր Հայրը, շարունակեց Նորին Սրբությունը. «Նա անհանգստանում է, երբ մենք հեռանում ենք Նրանից, Նա սգում է հոգու խորքում, Նա գնում է մեզ փնտրելու, մինչև որ կրկին գրկի մեզ, քանզի Նա ունի հոր և մոր սիրտ, և Նա տառապում է Իր սիրելի զավակների բացակայության համար»:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին խորհել հետևյալի մասին. «Արդյո՞ք մենք նույն անհանգստությունն ենք զգում ինչ-որ մեկին կորցնելիս: Արդյո՞ք մենք կարոտում ենք նրանց, ովքեր չկան, ովքեր հեռացել են քրիստոնեական կյանքից: Արդյո՞ք մենք ունենում ենք ներքին անհանգստություն, թե՞ մնում ենք անտարբեր ու անխռով։ Այլ կերպ ասած, մենք իրո՞ք զգում ենք ինչ-որ մեկի բացակայությունը համայնքում, թե՞ պարզապես ձևացնում ենք, որ անհանգստանում ենք»։ Խոսքը միայն «մյուսների համար բաց» լինելու մասին չէ, խոսքն Ավետարանի մասին է,- ընդգծեց Նորին Սրբությունը և հորդորեց մտածել մեր փոխհարաբերությունների մասին. «Արդյո՞ք մենք աղոթում ենք անհավատների համար, նրանց համար, ովքեր հեռացել են Եկեղեցուց և Աստծուց: Արդյո՞ք մենք փորձում ենք վերադարձնել նրանց՝ ցուցաբերելով մասնակցություն, կարեկցանք և քնքշանք։ Հայրը խնդրում է մեզ հոգ տանել այս երեխաների մասին, որոնց ամենաշատն է կարոտում: Եկե՛ք ուշադիր նայենք մեզ շրջապատող մարդկանց, և նրանց մեջ անպայման կգտնվի մեկը, ում ոչ ոք երբեք չի ասել. «Գիտե՞ս, որ Դու կարևոր ես Աստծո համար: Դու Նրան չես փնտրում, սակայն Նա քեզ է փնտրում»»:

     

    Աստված միշտ փնտրում է Իր զավակներին, իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց քրիստոնյաներին լինել անհանգստացող սիրտ ունեցող մարդիկ և անտարբեր չլինել մերձավորների հանդեպ.

     

    «Եկե՛ք աղոթենք Սուրբ Աստվածածնին՝ մեր Մորը, ով չի հոգնում մեզ՝ Իր զավակներին, փնտրելուց և նրանց մասին հոգ տանելուց»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց