• Աւարտուեցին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ամառային ճամբարները

    «Աշխարհին… մանկա՜ն մաքրութիւն է պէտք, եւ հէնց ա՛յն մանկան,
    որին ամէն օր աշխարհ են բերում…»
    Պարոյր Սեւակ


    «Սէր անուն Յիսուս». ահա այս նշանաբանով առաջնորդուելով է, որ ամէն տարի Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութիւնը՝ Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում կազմակերպում է երեխաների կողմից ամենասպասուած, հեքիաթային եւ գունեղ ամառային ճամբարները:

     

    Երեխաների հոգեւոր, սոցիալական եւ մշակոյթային զարգացումը, քրիստոնէական դաստիարակութիւնը եւ մարդկային համընդհանուր արժէքների սերմանումը մշտապէս եղել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու ուշադրութեան կենդրոնում:

     

    Ամառային ճամբարների նպատակն է սիրոյ եւ հոգատարութեան մթնոլորտում, դրական եւ ստեղծագործ միջավայրում կազմակերպել ճամբարականների ամառային հանգիստը: Այսպիսով, այս օրերը նպաստում են ոչ միայն երեխաների հոգեւոր եւ հուզական աճին, այլեւ պատասխանատու եւ գիտակից քաղաքացիների, ինչպէս նաեւ Եկեղեցու նուիրեալների դաստիարակութեանը, միեւնոյն ժամանակ, խթանելով նրանց միջանձնային հարաբերութիւններն իրենց հասակակիցների հետ:

     

    Մինչ ճամբարների մեկնարկը՝ Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը երկօրեայ դասընթաց կազմակերպեց ջոկատավարների համար, որտեղ երիտասարդները ծանօթացան այն կարեւոր հոգեւոր եւ բարոյական արժէքներին, որոնցով մինչ օրս առաջնորդւում է «Աղաճանեան» ճամբարը:

     

    Այս տարի, «Աղաճանեան» ճամբարը 7 հերթափոխերի ընթացքում հիւրընկալեց 10-16 տարեկան աւելի քան 800 երեխաների՝ Հայաստանի Հայ Կաթողիկէ բոլոր համայնքներից եւ Վրաստանի Կարտիկամ գիւղից:

     

    «Աղաճանեան» ճամբարի կազմակերպչական խումբը՝ ի դէմս ճամբարի տնօրէն Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանի, ջանք եւ եռանդ չի խնայում երեխաների լիարժէք եւ անմոռանալի հանգիստը ապահովելու համար՝ հաշուի առնելով իւրաքանչիւր տարիքային խմբի հետաքրքրութիւնների շրջանակը եւ ցանկութիւնները:

     

    Ճամբարային օրակարգը հագեցած էր: Արհեստավարժ աշխատակիցների եւ կամաւորների շնորհիւ՝ ճամբարականները կարողացան ձեռք բերել նորանոր գիտելիքներ, ստեղծագործելու հմտութիւններ եւ կարողութիւններ: Նրանք հնարաւորութիւն ունեցան ոչ միայն մասնակցելու ամենօրեայ պատարագների, այլեւ հոգեւորականների հետ անհատական զրոյցներ ունենալու:

     

    Ճամբարային օրերի ընթացքում՝ քրիստոնէական դասերը, ընդգրկուն միջոցառումները, բազմատեսակ ու բազմաբովանդակ խաղերը, ազգագրական եւ ժողովրդական պարերի ու հոգեւոր երգերի ուսուցումը երեխաների մօտ ձեւաւորեցին ազգային մշակոյթի մտածողութիւն, արժէհամակարգ, գեղագիտական ճաշակ, զարգացրեցին երաժշտական հմտութիւններ: Հաշուի առնելով երեխաների տարիքային առանձնայատկութիւնները՝ կազմակերպուեցին օտար լեզուի, նկարչութեան, ձեռքի աշխատանքի, երգի, պարի, թատերական արուեստի եւ առաջին բուժօգնութեան դասեր:

     

    Երեխաներն իրենց անմիջական դերակատարութեամբ մասնակցեցին ամենօրեայ թատերական ներկայացումներին՝ մեծ հետաքրքրութիւն եւ սէր ցուցաբերելով թատերական արուեստի ու կինոյի նկատմամբ:

     

    Այս տարի եւս, ճամբարում հիւրընկալուեցին բազմաթիւ յայտնի հիւրեր, ովքեր մասնակիցների հետ կիսուեցին իրենց անձնական փորձով, գիտելիքներով, մտքերով ու նորանոր գաղափարներով, նաեւ՝ պատասխանեցին երեխաներին յուզող բոլոր հարցերին: Ճամբարի մշտական հիւրերն էին նաեւ՝ տիկնիկային եւ ստուերային թատրոնները, ծաղրածուները:

     

    Վրաստանից ժամանած ճամբարականների համար մէկօրեայ ճանաչողական այց կազմակերպուեց Գիւմրիում:  Երեխաները մասնակցեցին Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Եկեղեցում մատուցուող կիրակնօրեայ պատարագին:

     

    Մանկութիւնը ամենագեղեցիկ տարիքն է, իսկ մեծահասակների պարտքն է՝ մարտահրաւէրներով լի այս աշխարհում անհոգ դարձնել երեխաների կեանքի այս շրջանը: Երիտասարդ սերունդը ո՛չ միայն հասարակութեան, այլեւ Եկեղեցու ապագան է: Նրանց հետ աշխատանքը մեծ փորձառութիւն եւ հոգեւոր աճ է նաեւ անձնակազմի համար:

     

    Ճամբարային այս օրերի ընթացքում երեխաները կարողացան միմեանց հետ կիսել սեփական հոյզերն ու գաղափարները, ուրախանալ մէկը միւսի յաջողութիւններով, երազել, իրականացնել երազանքներ, ձեռք բերել նոր ընկերներ, որոնցից շատերը, գուցէ եւ կը դառնան ընկերներ ամբողջ կեանքի համար:

     

    Դիւան Առաջնորդութեան

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց