• Ճանաչողությունը պահանջում է սիրալիր հարաբերություններ Աստծո հետ

    «Ի տարբերություն կենդանիների՝ մարդը կարող է սխալվել, կամ չցանկանալ ճիշտ ընտրություն կատարել, և Աստվածաշունչն այդ մասին խոսում է հենց առաջին էջերից»:


    Օգոստոսի 31-ի առավոտյան Պողոս VI սրահում ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց քրիստոնեական ուսուցումների նոր շարք հոգևոր ճանաչողության վերաբերյալ:

     

    «ճանաչողությունը կարևոր գործողություն է, որը վերաբերում է բոլորին, քանի որ որոշումներ կայացնելը կյանքի անբաժան մասն է», – ասաց Նորին Սրբությունը. մարդն ընտրում է իր սնունդը, հագուստը, ուսման ուղղությունը, աշխատանքը, հարաբերությունները: Այս բոլոր դեպքերում կյանքի ծրագիրն է իրականացվում, ինչպես նաև Աստծո հետ մեր հարաբերությունները:

     

    Ավետարանում Հիսուս խոսում է ճանաչողության մասին կյանքի սովորական պատկերների միջոցով. դա ձկնորսն է, ով ընտրում է լավ ձուկը և մի կողմ է շպրտում վատը, դա վաճառականն է, ով ընտրում է ամենաթանկարժեք մարգարիտը, դա հողագործն է, ով արտում գանձեր է գտնում (տես՝ Մտթ. 13,44-48): «Ճանաչողությունը խելացիության, հմտության և կամքի դրսևորում է՝ լավագույն պահն ընտրելու համար: Հենց սրանք են ճիշտ ընտրություն կատարելու պայմանները»: Սակայն խոհեմության պտուղների համար հարկավոր է ինչ-որ բան վճարել և անմիջապես, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. ձկնորսը քրտնաջան աշխատում է, իսկ հետո մի կողմ է շպրտում որսի մի մասը, վաճառականը չի վարանում ամեն ինչ ծախսել մարգարիտ գնելու համար, ինչպես որ գանձեր գտած հողագործը:

     

    Ըստ Նորին Սրբության, հոգևոր ճանաչողության կարևոր առանձնահատուկությունը «ոչ երկրային» ուրախությունն է. այն զգացել են մոգերը՝ Սուրբ Ծննդյան աստղը տեսնելիս, սուրբ մյուռոնակիր կանայք, ում հրեշտակն ավետեց Տիրոջ հարության մասին. «Նրանք բոլորը գտան Աստծուն»:

     

    «Հողագործի, ձկնորսի և վաճառականի կերպարները օրինակ են այն ամենի, ինչ կատարվում է Երկնային Արքայությունում, որը դրսևորվում է այն առօրյա գործերում, որոնք պահանջում են հստակ դիրքորոշում։ Ահա թե ինչու է այդքան կարևոր տարբերակել կարողանալը. հիմնական ընտրությունը կարող է ծագել այն հանգամանքներից, որոնք առաջին հայացքից երկրորդական են թվում»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց ապագա առաքյալներ Անդրեասի և Հովհաննեսի հետ Հիսուսի առաջին կարճ հանդիպումը. այն արմատապես և ընդմիշտ փոխեց նրանց կյանքը: Տարիներ անց ավետարանիչը նույնիսկ կհիշի այս հանդիպման ճշգրիտ ժամանակը. «Մոտ ժամը չորսն էր» (տես՝ Հվհ. 1,39): «Հենց այդ ժամանակ նրա կյանքում հանդիպեցին ժամանակավորն ու հավիտենականը», – ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Խոհեմություն, փորձառություն, մոտիկություն, կամք. սրանք ճանաչողության անհրաժեշտ տարրերից են, որոնք ջանք են պահանջում և շատ դժվար աշխատանք, քանզի Աստծո կամքով մենք միշտ ազատ ենք մեր որոշումներում»:

     

    Ի տարբերություն կենդանիների՝ մարդը կարող է սխալվել, կամ չցանկանալ ճիշտ ընտրություն կատարել, և Աստվածաշունչն այդ մասին խոսում է հենց առաջին էջերից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    Աստված մարդուն տալիս է ճշգրիտ ցուցումներ. եթե ուզում ես ապրել, եթե ուզում ես վայելել կյանքը, հիշիր, որ դու արարած ես, այլ ոչ թե բարու և չարի չափանիշ, հիշե՛ք, որ ձեր ընդունած որոշումը կունենա հետևանքներ ինքներդ ձեր, ուրիշների և ամբողջ աշխարհի համար (տես՝ Ծննդ. 2,16-17), դուք կարող եք երկիրը դարձնել հոյակապ այգի կամ մահվան անապատ: Սա հիմնարար դաս է. պատահական չէ, որ սա եղավ առաջին երկխոսությունը Աստծո և մարդու միջև:

     

    Ճանաչողությունը կյանքի դժվար, բայց անհրաժեշտ պայման է. դա պահանջում է որդիական հարաբերություններ Հայր Աստծո հետ, Ով մեզ մենակ չի թողնում, այլ միշտ պատրաստ է խորհուրդ տալ, քաջալերել և ընդունել, – իր խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը.

     

    «Տերը երբեք չի պարտադրում Իր կամքը, քանի որ Նա ցանկանում է, որ իրեն սիրեն և չվախենան: Իսկ սերը կարելի է ապրել միայն ազատության մեջ: Ապրելու համար պետք է սովորել սիրել, իսկ դրա համար պետք է կարողանալ տարբերակել: Թո՛ղ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ: Եկե՛ք ամեն օր դիմենք Նրան, հատկապես երբ պետք է ընտրություն կատարենք»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց