• Հաղորդագրություն Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինհոդոսի մասին

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու և համայնքի վերաբերյալ՝ եկեղեցական, հովվական, կանոնական և հասարակական հարցերը քննարկելուց հետո, Սինհոդոսական Հայրերը ընտրություն կատարեցին թափուր մնացած աթոռներն ու պաշտոնները օժտելու նոր եպիսկոպոսներին և պատասխանատուներին:


    Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական Սինհոդոսը տեղի ունեցավ 2022թ. օգոստոսի 17-22-ը  Զմմառի Փոխման Կույսի մայրավանքում՝ Կաթողիկոսական Աթոռում, նախագահությամբ Ամենապատիվ և Գերերջանիկ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ և մասնակցությամբ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի, Ֆրանսայի, ԱՄՆ ու Կանադայի, Հարավային Ամերիկայի, Արհիապատիվ և Գերաշնորհ Արքեպիսկոպոսների և Եպիսկոպոսների: Բացակա էր Թուրքիայի ու Կ. Պոլսի Թեմի Առաջնորդը:

     

    Սինհոդոսի աշխատանքները սկսվեցին սուրբ և անմահ պատարագով, որը մատուցեց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը Զմմառու Վանքի Փոխման Կույսի եկեղեցիում, մասնակցութեամբ վերոյիշյալ հայրապետների, վանքի հասարակության և դպրեվանքի ժառանգավորների:

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու և համայնքի վերաբերյալ՝ եկեղեցական, հովվական, կանոնական և հասարակական հարցերը քննարկելուց հետո, Սինհոդոսական Հայրերը ընտրություն կատարեցին թափուր մնացած աթոռներն ու պաշտոնները օժտելու նոր եպիսկոպոսներին և պատասխանատուներին:

     

    1- Ժողովական Հայրապետները ուրախությամբ ընդունեցին Աստծո Ծառա Մխիթար Աբբահոր երանացման և սրբադասման դատի փակման արարողությանն իրենց ուղղված հրավերներն ու իրենց փափագը հայտնեցին մասնակցելու 2022թ. սեպտեմբերի 8-ին  նախատեսված ձեռնարկներին՝ Վենետիկի Մխիթարյան մայրավանքում:

     

    2- Հատուկ կերպով ուսումնասիրվեցին Ֆրանցիսկոս Քահանայապետի կողմից առաջարկված Սինհոդոսական եկեղեցու միջոցները և հանգրվանները՝ ի նպաստ նախատեսված աշխատանքների: Ժողովական Հայրերը հրավիրեցին մեր եկեղեցու վարդապետներին, քահանաներին ու հավատացյալներին լրջորեն ու անհապաղ մասնակցել ու միասին քալել ընդհանրական եկեղեցու հետ՝ ի նպաստ եկեղեցու վերանորոգման և հարմարեցում արդի մարդու մտայնությանն ու ապրելակերպին:

     

    3- Ժողովական Հայրերը Հոգևոր Տիրոջ կողմից հրավիրվեցին մասնակցելու Երջանկահիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի երանացման դատի Ա Բաժնի պաշտոնական բացման հանդիսությանը Հռոմում՝ առաջիկա հոկտեմբեր ամսին:

     

    4- Նմանապես որոշվեց, համագործակցաբար Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու զույգ Աթոռների իշխանության հետ, պաշտոնական և հանդիսավոր կերպով տոնախմբել Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակը առաջիկա տարվա ընթացքում՝ ձեռնարկելով գիտաժողով, հրատարակություններ և Ս. պատարագ Հռոմի Ս. Պետրոս տաճարում, Ֆրանցիսկոս Քահանայապետի հանդիսապետությամբ, որի ժամանակ Ներսես Շնորհալին կհռչակվի համամիութենական շարժման ռահվիրա ու Սուրբ պաշտպան:

     

    5- Ծիսական, Քրիստոնեական ուսուցման, քահանայական կոչումների, երիտասարդաց, ընտանյաց և հաղորդակցության միջոցների հանձնախմբերին կոչ արվեց անհապաղ աշխուժացնել իրենց աշխատանքները և առաջիկա Սինհոդոսին ներկայացնել իրենց զեկուցումները, ձեռնարկներն ու առաջարկները:

     

    6- Ժողովական Հայրերը նամակագրություն հղեցին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ իրենց հարգանքն ու փարումը հայտնելու համար Ս. Պետրոսի հաջորդին, և հայցեցին նրա աղոթքներն ու առաքելական օրհնությունը մեր եկեղեցու առաջնորդների և հավատացյալների վրա:

     

    7- Ժողովական Հայրերը իրենց ցավակցությունները հայտնեցին Հայաստանի Հանրապետության «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հսկա պայթյունի պատճառով արձանագրված մարդկային կորուստների համար, ինչպես նաև վիրավորներին մաղթեցին շուտափույթ ապաքինում:

     

    8- Ի վերջո, հայրապետները կոչով դիմեցին Հայաստանի, Արցախի, Սիրիայի և Լիբանանի ղեկավարներին, որպեսզի լսեն ժողովուրդի իղձերն ու բաղձանքները, և իրենց երկիրներում հաստատեն խաղաղություն, համերաշխություն ու արդարություն, ինչպես նաև ապահովեն հեշտ կյանքի տարրական իրավունքներն ու պայմանները:

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինհոդոսի նիստերը փակվեցին երկուշաբթի երեկոյան, հոգևոր արարողությամբ՝ Զմմառու մայրավանքի Փոխման Կույսի եկեղեցում:

     

    Դիվան Հայ Կաթողիկէ Պատրիարքության

Օրացույց

Օրացույց