«Հավատքը օրորոցային չէ, որի ներքո մենք քնում ենք: Իսկական հավատքը կրակ է, վառվող կենդանի հուր, որպեսզի մենք արթուն լինենք և կարողանանք գործել «նույնիսկ գիշերը»։
Օգոստոսի 14-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ, հորդորում է մեզ կրկին վառել հավատքի կրակը, որպեսզի այն չվերածվի երկրորդական իրականության, որը ստիպում է մեզ խուսափել կյանքի մարտահրավերներից և պարտավորություններից Եկեղեցում և հասարակությունում:
«Այսօրվա ավետարանական ընթերցման մեջ Հիսուս ասում է մի բան, որը միշտ զարմացնում է և ստիպում մտածել: Աշակերտների հետ քայլելիս՝ Հիսուս ասում է. «Երկրի վրա կրակ գցելու եկա, և ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի» (Ղկ. 12,49): Ի՞նչ կրակի մասին է խոսում Նա։ Ի՞նչ են նշանակում այս կրակոտ խոսքերը, որ Հիսուսը ասում է մեզ այսօր»։
Ինչպես գիտենք, շարունակեց Նորին Սրբությունը, Տերն եկավ Ավետարանն աշխարհ բերելու համար, այսինքն՝ Աստծո սիրո բարի լուրը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ ցույց տալու համար: Այդ իսկ պատճառով Նա ասում է, որ Ավետարանը նման է կրակի. այս լուրը, ներխուժելով պատմություն, այրում է կյանքի հին հիմքերը, խրախուսում է մեզ հրաժարվել սեփականատիրական շահերից, մեղքի և մահվան ստրկությունից հեռանալ և ապրել հարություն առած Հիսուսի նոր կյանքով: Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, երբ Ավետարանը մտնում է մեր կյանք, և մենք լսում և ընդունում ենք այն, մեզ շրջապատող աշխարհն այլևս նույնը չի մնում։ Տիրոջ Խոսքը խրախուսում է փոփոխությունը և կոչ է անում դարձի գալ: Ավետարանի նպատակը մեզ կեղծ խաղաղության մեջ գցելը չէ, այլ անհանգստություն բորբոքելը, որպեսզի մենք մեր սիրտը բացենք Աստծո և եղբայրների առաջ: Խոսքն իսկական կրակի մասին է՝ մարդկանց ջերմացնելով Աստծո սիրով, Ավետարանը այրում է մարդկային եսասիրությունը, լուսավորում կյանքի մութ կողմերը և ոչնչացնում է մեզ ստրկացնող կեղծ կուռքերին:
Հիսուս Քրիստոսը նման է աստվածաշնչյան Եղիա և Երեմիա մարգարեներին, Նա համակված է Աստծո սիրո կրակով, որպեսզի այն բոցավառվի աշխարհում, սիրելով մարդկությանը մինչև վերջ՝ ամբողջությամբ նվիրվում է, նույնիսկ մինչև մահ և մահվան խաչի վրա (տես. Փիլ 2։8)։ Քրիստոսը լցված է Սուրբ Հոգով, Որը կրակի է նման. Իր լույսով և զորությամբ Նա բացահայտում է Աստծո ողորմած դեմքը և հավատքի լիություն տալիս նրանց, ովքեր կորած են համարվում: Այն քանդում է օտարության պատնեշները, բուժում մարմնի ու հոգու վերքերը՝ նոր շունչ հաղորդելով կրոնականությանը, որին սպառնում է արտաքին պրակտիկայով սահմանափակվելը: Նա կրակ է, քանզի փոխում և մաքրում է:
«Ի՞նչ է բոլորի համար նշանակում կրակի մասին Հիսուսի խոսքը», – հարցրեց Նորին Սրբությունը: Տերը «կոչ է անում մեզ կրկին վառել հավատքի կրակը, որպեսզի այն երկրորդական բան չդառնա» մեր կյանքում կամ լինի ապաստարան մեզ համար, որտեղ մենք գտնում ենք խաղաղություն՝ թաքնվելով «Եկեղեցու և հասարակության մեջ առկա խնդիրներից և պարտավորություններից»: Սրբազան Քահանայապետը մեջբերեց Անրի դը Լյուբակին, ով ասում էր, որ Աստծո հանդեպ հավատը բերում է ներքին խաղաղություն, սակայն ոչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում. այն չի ուզում պատրանքներով խաբել մեզ, գցել երանելի էյֆորիայի մեջ, քանզի այն մեզ գործելու հնարավորություն է տալիս: Նորին Սրբությունն ընդգծեց, որ «հավատքը օրորոցային չէ, որի ներքո մենք քնում ենք: Իսկական հավատքը կրակ է, վառվող կենդանի հուր, որպեսզի մենք արթուն լինենք և կարողանանք գործել «նույնիսկ գիշերը»։
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին տալ հետևյալ հարցերի պատասխանները. որքանո՞վ ենք մենք խանդավառված Ավետարանով, որքա՞ն հաճախ ենք մենք այն կարդում, արդյո՞ք այն ամենուր մեզ հետ է: Արդյո՞ք հավատքը մեզ ինքնագոհություն է տալիս, թե՞ վկայության կրակն է վառում մեր հոգիներում: Արդյո՞ք Սուրբ Հոգու կրակը վառվում է մեր համայնքներում, արդյո՞ք կա հավատքի ուրախություն, աղոթքի ջերմեռանդություն և նախանձախնդրություն ողորմության գործերի մեջ: Թե՞ սովորական հոգնածությամբ քարշ ենք տալիս մեր թշվառ գոյությունը՝ մռայլ դեմքով ամեն օր բողոքելով ու բամբասելով։ Քրիստոնյաները կանչված են հետևյալ պատասխանը տալու համար. «Մենք բոցավառված ենք Աստծո սիրո կրակով և ցանկանում ենք այն տարածել աշխարհով մեկ, հասցնել բոլորին, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան բացահայտել Հոր քնքշությունը և զգան Հիսուսի ուրախությունը, Ով սրտերը դարձնում է առատաձեռն, իսկ կյանքը՝ գեղեցիկ: Սրա համար աղոթենք Սուրբ Կույս Մարիամին, թո՛ղ Նա, Ով ընդունեց Սուրբ Հոգու կրակը, բարեխոսի մեզ համար», – եզրափակեց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը