• Սրբազան Քահանայապետը կոչ է անում աղոթել փոքր և միջին ձեռնարկատերերի համար

    Համավարակի և պատերազմների պատճառով աշխարհը կանգնած է լուրջ սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2022թ. օգոստոս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը խնդրում է աղոթել փոքր և միջին ձեռնարկատերերի համար:

     

    Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ 2021թ.  աշխարհում յուրաքանչյուր չորրորդ ձեռնարկատիրություն կրկնակի կրճատել է իր վաճառքի ծավալները համավարակի պատճառով։ Պետական ​​օգնությունը բավարար չէ այնտեղ, որտեղ այն ամենից շատ է անհրաժեշտ. աղքատ երկրներում և փոքր ձեռնարկատիրության զարգացման համար: Այս համատեքստում Նորին Սրբությունը դիմում է բոլոր հավատացյալներին հետևյալ խոսքերով.

     

    «Համավարակի և պատերազմների պատճառով աշխարհը կանգնած է լուրջ սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ։ Մենք դա դեռ չենք գիտակցում: Լուրջ վնասներ կրածների շարքում են մանր և միջին ձեռնարկատերերը, որոնք զբաղվում են առևտրով, արհեստագործությամբ, մաքրությամբ, փոխադրումներով և այլն: Սրանք այն ձեռնարկատերերն են, որոնց անունները չկան ամենահարուստների և ազդեցիկների ցուցակում, սակայն, չնայած բոլոր դժվարություններին, նրանք աշխատատեղեր են ստեղծում՝ պահպանելով իրենց սոցիալական պատասխանատվությունը։ Սրանք այն ձեռնարկատերերն են, ովքեր ներդրումներ են կատարում ընդհանուր բարօրության համար, չեն թաքցնում իրենց գումարները և վճարում են հարկերը: Նրանք բոլորն էլ իրենց ահռելի ստեղծագործական ներուժն ուղղորդում են իրավիճակը ներքևից փոխելու համար: Քաջությամբ, ջանասիրությամբ և անձնազոհությամբ նրանք ներդրումներ են կատարում կյանքի մեջ՝ ստեղծելով բարեկեցություն, հնարավորություններ և աշխատատեղեր։ Աղոթենք, որպեսզի տնտեսական և սոցիալական ճգնաժամից ամենից շատ տուժած փոքր և միջին ձեռնարկատերերը գտնեն անհրաժեշտ միջոցներ՝ իրենց գործունեությունը շարունակելու համար՝ ի սպաս այն համայնքների, որտեղ նրանք ապրում են»:

     

    Աղոթքի համաշխարհային ցանցի տնօրենը հետևյալ կերպ է մեկնաբանել Սրբազան Քահանայապետի այս խնդրանքը. «Մեր առջև ծառացած ճգնաժամերը, մեզ այլ բան ստեղծելու հնարավորություն են տալիս, ինչպես դա արեց Նոյը: Այս առումով շատ կարևոր են փոքր և միջին ձեռնարկատերերը, նրանց ստեղծագործական ներուժը և ներքևից լուծումներ առաջարկելու կարողությունը։ Առանց նրանց անհնար կլիներ հաղթահարել COVID-19 համավարակի ճգնաժամը, և նրանք դեռ խիստ պետք են մեզ, ահա թե ինչու է այդքան կարևոր աղոթել նրանց համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց