• Սիդնեյի հայ կաթողիկէ եկեղեցին ունեցավ Եկեղեցու նոր սպասավորներ

    «Ուրախ եմ, ասաց Հոգևոր Տերը, որ եկա այստեղ և տեսա, որ կա նման մի համայնք։ Համայնք, որ համախմբված է իր եկեղեցու շուրջ, ամուր է ու կառչած է իր ինքնության ու քրիստոնեական արմատներից»։


    Սիդնեյի Եկեղեցին, որ այս օրերին ապրում է հրճվանքի և ուրախության պահեր՝ վայելելով Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետ` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ ներկայությունը, 2022թ. հուլիսի 31-ին հարստացավ նոր սպասավորներով։

     

    Արդարև կիրակի առավոտյան Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերը Սիդնեյի Հայ Կաթողիկէ Փոխման Տիրամոր մայր տաճարում մատուցած Հովվապետական այցելության եզրափակիչ սուրբ և անմահ պատարագի ժամանակ, առընթերակայությամբ Արհ. Գևորգ Եպիսկոպոս Ասատուրյանի և Գերհարգելի Բարսեղ Թ. Ծ. Վարդապետ Սուսանյանի, նախ Եկեղեցու խորանին ծառայող չորս թեկնածուներին` Լորան Կարապետյանին, Ժագ Ներսեսյանին, Գրիգոր Թաշճյանին և Հարութ Զէյթունցյանին շնորհեց եկեղեցական փոքր աստիճաններ, ապա Գրիգոր Թաշճյանին ու Հարութ Զէյթունցյանին ձեռնադրեց մնայուն սարկավագներ։

     

    Արարողության ժամանակ արտասանած իր քարոզում Ռաֆայել Պետրոս ԻԱ, նախ, ուրախություն հայտնեց Ավստրալիա կատարած իր հովվական այցելության ու հավատացյալների հետ ունեցած հանդիպումների համար, ապա շնորհավորեց նորօծ սարկավագներին ու կիսասարկավագներին, նրանց մաղթելով բարի առաքելություն, որպեսզի ամուր, հաստատ ու հավատարիմ լինեն իրենց կոչումին ու արմատացած իրենց քրիստոնէական հավատքի մեջ, որպեսզի կարողանան աջակցել եկեղեցուն ու ծառայել հավատավոր ժողովրդին՝ ոչ թե փնտրելով իրենց անձնական փառքն ու շահերը, այլ ի փառս Աստծո և ի բարօրություն հայոց ազգի: Ապա շնորհավորեց նաև Հայ Կաթողիկէ համայնքին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին իրեն վերապահած ջերմ ընդունելության համար։

     

    «Ուրախ եմ, ասաց Հոգևոր Տերը, որ եկա այստեղ և տեսա, որ կա նման մի համայնք։ Համայնք, որ համախմբված է իր եկեղեցու շուրջ, ամուր է ու կառչած է իր ինքնության ու քրիստոնեական արմատներից»։ Ապա մեկնաբանելով օրվա Ավետարանը, որ խոսում էր կորած ոչխարի մասին, Ռաֆայել Պետրոս ԻԱ նկատեց, որ Տերը՝ Բարի Հովիվը, երբեք չի լքում իր ոչխարներին և «նույնն արեց, ահա Ավստրալիայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու հետ»։

     

    Պատարագի ավարտին կատարվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու երգչախմբի պաշտոնական ներկայացումը, որն այսուհետ պիտի կոչվի «Սիդնեյի Ալեմշահ երգչախումբ»։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց