• Մեկնարկեց «Համայնքային Երիտասարդական Օրեր – VI» հանդիպումը

    Շատ կարեւոր է մէկտեղ հաւաքուել որպէս հաւատքի ժողովուրդ եւ խորհրդածել: Այսօրուայ հաւաքի բնաբանը՝ «Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց», հրաւէր է մեզ բոլորիս՝ հետեւելու Սուրբ Աստուածամօր օրինակին, «այո» ասելու Աստծոյ կանչին, ընդառաջ գնալու Նրա հարւէրին եւ ներգրաւուելու Տիրոջ առաքելութեան մէջ:


    Երեքշաբթի, 26 Յուլիս, 2022 թուական.

     

    Մեկնարկեց երկար սպասուած «Համայնքային Երիտասարդական Օրեր – VI» հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքների երիտասարդներ:

     

    Հանդիպման պաշտօնական բացմանը ներկայ էին Հայ Կաթողիկէ հոգեւոր դասը, ինչպէս նաեւ հրաւիրեալ հոգեւորականներ Լիբանանից եւ Իտալիայից: Մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Պասսալէի, առընթերակայութեամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Արժ. Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանի: Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ ընթերցուեց Հայաստանում եւ Վրաստանում Պապական Նուիրակ Արհի. Տէր Ժոզէ Աւելինօ Արքեպս. Բեթենկուրի ողջոյնի ուղերձը: Հակիճ մէջբերում ենք հատուած խօսքից.

     

    «Շատ կարեւոր է մէկտեղ հաւաքուել որպէս հաւատքի ժողովուրդ եւ խորհրդածել: Այսօրուայ հաւաքի բնաբանը՝ «Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց», հրաւէր է մեզ բոլորիս՝ հետեւելու Սուրբ Աստուածամօր օրինակին, «այո» ասելու Աստծոյ կանչին, ընդառաջ գնալու Նրա հարւէրին եւ ներգրաւուելու Տիրոջ առաքելութեան մէջ: Աղօթելով եւ խորհրդածելով աւետարանական այս խօսքերի եւ մեր հաւատի շուրջ՝ պատրաստւում ենք նաեւ հաջորդ տարի Լիսաբոնում կայանալիք Համաշխարհային Երիտասարդաց Օրերին, որի ընթացքում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը հանդիպում է ունենալու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդների եւ ձեզանից շատերի հետ:

     

    Այս տարի՝ հոկտեմբեր ամսին, Փորթուկալիայում գտնուող Ֆաթիմայի Սրբավայրից Հայաստան է բերուելու Ֆաթիմայի Սուրբ Կոյսի արձանը: Զանազան միջոցներով՝ Մարիամը մեզ հրաւիրում է «վեր կենալ եւ շտապով գնալ» դէպի մեր քրիստոնէական կոչումը»:

     

    Հայաստանի Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան Արտակարգ եւ լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսեանի փոխանցած ողջոյնի խօսքում տիկին դեսպանը ասում է, որ մէծապէս գնահատում է մասնակից երիտասարդների եռանդն ու պատրաստակամութիւնը. ««Համայնքային Երիտասարդական Օրեր – Զ» հանդիպումը մրմնացումն է երիտասարդներուն հանդէպ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ հոգատարութեանը:

     

    Վստահ եմ, որ երտասարդները այս հանդիպումը պիտի աւարտեն ազգային եւ հոգեւոր ոգիով՝ գիտելիքներով հարստացած»:

     

    Երիտասարդներին ողջունեց նաեւ Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Պասսալէն, ով իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին եւ խրախուսեց երիտասարդական այս միջոցառման կազմակերպումը, որը հնարաւորութիւն է ընձեռում զարգացնելու երիտասարդների հոգեւոր եւ մշակոյթային գիտելիքները, ինչպէս նաեւ էլ աւելի ամրապնդելու նրանց հաւատքը եւ կապը Եկեղեցու հետ:

     

     

    Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը: Մէջբերում ենք հատուած խօսքից.

     

    «Այսպիսի միջոցառումների նպատակն է նոր գիտելիքների եւ փորձառութեան փոխանցումը մեր երիտասարդ սերնդին, որը թոյլ կը տայ ձեւաւորել առաւել հանդուրժող եւ գիտակից հասարակութիւն: Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների դերը եւ ներգրաւուածութիւնը Եկեղեցու կեանքում եւ իրենց համայնքների հզօրացման գործում:

     

    Այս միջոցառումը նոր տեսլական է խորապէս ճանաչելու սեփական ինքնութիւնը եւ պատկանելիութիւնը, պահպանելու համոզմունքները եւ աւանդոյթները:

     

    Երիտասարդական հաւաքի այս օրերը նման են «հոգեւոր ուխտագնացութեան», որը մեզ կ’առաջնորդի դէպի կենդանի Քրիստոս: Ուստի, սիրելի՛ երիտասարդներ, պէտք է կարողանաք ձեր ապրած կեանքի իւրաքանչիւր օր վառ պահել ձեր հաւատքը եւ վկայել Քրիստոսին, պէտք է կարողանաք աղօթել ուրիշների համար եւ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր կարիքն ունեն ձեր օգնութեան՝ համոզուած լինելով, որ ամէն անգամ, երբ օգնութեան ձեռք էք մեկնում՝ նոր էջ է բացւում Եկեղեցու, մեր համայնքների եւ ընտանիքների կեանքում: Մեզանից իւրաքանչիւրը, որքան էլ որ ուժեղ լինի՝ պէտք է գիտակցի, որ միայն միասնականութեան մէջ ենք դառնում անպարտելի»:

     

    ՀԵՕ միջոցառման օրերի Կարագապահական կանոնների մասին խօսեց «Աղաճանեան» կենդրոնի տնօրէն Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը:

     

    Ընթրիքից յետոյ, երիտասարդները մասնակցեցին Վարդարանի Ջերմեռանդութեանը: Օրուայ աւարտին՝ մշակոյթային երեկոյի շրջանակներում, հանդէս եկան Գիւմրի, Փանիկ եւ Տաշիր համայնքերի երիտասարդները՝ ներկայացնելով իրենց կողմից պատրաստուած ներկայացումները:

     

    Դիւան Հայստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

     

Օրացույց

Օրացույց