• Ընտրիր լավ մասը

    «Մեր օրը սկսելիս արդյո՞ք մենք ոգեշնչում փնտրում ենք Աստծո Խոսքում»:


    Հուլիսի 17-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը:

     

    Ղուկասի Ավետարանից վերցված հատվածում պատմվում է երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի մասին, ովքեր Հիսուսին հյուրընկալել էին իրենց տանը (տես՝ Ղկ. 10, 38-42): Մարթան անմիջապես գործի է անցնում՝ հյուրի կարիքները հոգալու համար, իսկ Մարիամը նստում է Հիսուսի ոտքերի առաջ, որպեսզի լսի Նրան: Այդ ժամանակ Մարթան խնդրում է Ուսուցչին ասել, որ Մարիամն օգնի իրեն: Թվում է, թե Մարթայի բողոքը տեղին էր և նա իրավացի է: Սակայն Հիսուս պատասախնում է. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք, Մարիամն ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի» (Ղկ. 10, 41-42): Սա անսպասելի պատասխան էր: Հիսուս մեզ մտածելու առիթ է տալիս: Ինչո՞ւ է Տերը, գնահատելով Մարթայի առատաձեռն հոգատարությունը, ասում, որ այդ իրավիճակում Մարիամի պահվածքն ավելի նախընտրելի է։

     

    «Մարթայի փիլիսոփայությունը հետևյալն է՝ նախ պարտականությունը, հետո նոր միայն հաճույքը, քանի որ հյուրերին ընդունում են ոչ միայն գեղեցիկ խոսքերով, այլ նաև պատշաճ հյուրասիրությամբ, որպեսզի հյուրն իրեն ցանկալի զգա։ Հիսուս դա շատ լավ գիտի և գնահատում է Մարթայի ջանքերը։ Սակայն Հիսուս ցանկանում է տեղեկացնել նրան, որ կա առաջնահերթությունների նոր կարգ, որը տարբերվում մինչ այս պահը գոյություն ունեցող կարգերից: Մարիամը ճիշտ էր ընկալել առաջնահերթությունների այդ նոր կարգը՝ հասկանալով, որ կա «լավ մասը», որը պետք է առաջնային լինի, քանզի մնացած ամեն ինչ գալիս է հետո, ինչպես առվակը, որը հոսում է աղբյուրից: Այդ «լավ մասը» Տիրոջ ոտքերի մոտ նստելն է. թողնել բոլոր գործերը և լսել Նրա խոսքը:

     

    Հիսուսի խոսքը վերացական չէ. այս ուսմունքը շոշափում և ձևավորում է կյանքը, փոխում այն, ազատում ​​չարից և լցնում հավիտենական ուրախությամբ», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Հիսուսի խոսքը լավագույն մասն է, որ Մարիամն ընտրեց և դրեց առաջին տեղում: Սա չի նվազեցնում կամ նսեմացնում գործնական ջանքերի արժեքը, սակայն դա պետք է լինի Հիսուսի խոսքը լսելու հետևանք: Հակառակ դեպքում ամեն ինչ դառնում է վազվզուք՝ առանց նպատակի և օգուտի, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և հորդորեց արձակուրդների այս ժամանակահատվածում կանգ առնել ու լսել Հիսուսին.

     

    «Այսօր շատերն անդադար աշխատում են, և դժվարանում են մի րոպե ազատ ժամանակ գտնել՝ մտածելու համար: Ուստի, ամառային արձակուրդների այս ժամանակահատվածը շատ արժեքավոր է, քանի որ մեզ հնարավորություն է տրվում բացել Ավետարանը և ամեն օր Ավետարանից մեկ փոքրիկ հատված կարդալ՝ առանց շտապելու և հանգիստ. […] Թող այդ էջերը մեզ մարտահրավեր նետեն մտածելու այն մասին, թե ինչպիսին է մեր և մեզանից յուրաքանչյուրի կյանքը. արդյո՞ք այն համապատասխանում է Հիսուսի ասածներին, թե՞ ոչ: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. մեր օրը սկսելիս արդյո՞ք մենք ոգեշնչում փնտրում ենք Աստծո Խոսքում: […] Եթե ​​առավոտյան տանից դուրս գանք և մեր մտքում պահենք Հիսուսի խոսքը, ապա օրն անկասկած  կունենա այդ բառի երանգը, որն ըստ Տիրոջ կամքի մեր գործողություններն կողմնորոշելու զորություն ունի»:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը սովորեցնի մեզ ընտրել լավ, բարի մասը, որը երբեք մեզնից չի վերցվի», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց