• Սրբազան Քահանայապետը կոչ է անում Եկեղեցուն աղոթել տարեցների համար

    Եկե՛ք հիշենք, որ տատիկներն ու պապիկները, տարեցները մեր կյանքը սնուցող հացն են, ժողովրդի թաքնված իմաստությունն են:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2022թ. հուլիս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը խնդրում է աղոթել տարեցների համար:

     

    Չի կարելի խոսել ընտանիքի մասին՝ չխոսելով այդ ընտանիքներում տարեցների ներկայության կարևորության մասին, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և մատնանշում նաև իր սեփական տարիքը.

     

    «Մենք երբեք այսքան շատ չենք եղել մարդկության պատմության մեջ, սակայն չգիտենք, թե ինչպես ապրենք կյանքի այս նոր փուլը: Կան բազմաթիվ նախագծեր տարեցներին օգնելու համար, բայց քիչ են նախագծերը հենց նրանց կյանքի համար: Մենք՝ տարեց մարդիկս, հաճախ հատկապես զգայուն ենք հոգատարության, մտորումների և սիրո դրսևորումների նկատմամբ: Մենք հանդիսանում ենք կամ կարող ենք լինել քնքշության ուսուցիչներ: Պատերազմին սովոր մեր աշխարհին պետք է քնքշության իսկական հեղափոխություն։ Այս հարցում մենք մեծ պատասխանատվություն ենք կրում նոր սերունդների առջև։ Եկե՛ք հիշենք, որ տատիկներն ու պապիկները, տարեցները մեր կյանքը սնուցող հացն են, ժողովրդի թաքնված իմաստությունն են, և շատ հաճելի ու գեղեցիկ է նրանց պատվելը, և հանուն այդ նպատակի ես հատուկ տոն սահմանեցի նրանց համար: Եեկե՛ք աղոթենք տարեցների համար, որպեսզի նրանք դառնան քնքշության ուսուցիչներ, որպեսզի նրանց փորձառությունն ու իմաստությունը օգնեն երիտասարդներին՝ ապագային հույսով և պատասխանատվությամբ նայելու»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց