Ի՞նչ է Ծաղկազարդի խորհուրդը. «իր անձը ունայնացրեց…», Քահանայապետի քարոզը Սբ. Պետրոսի հրապարակում
«Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպա֊րանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ։ Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու». Փլպ., 2:5:11
Ծաղկազարդի խորհուրդը խոնարհութիւնն է. շեշտել է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազանը Քահանայապետը եւ յիշեցրել Սբ. Պողոսի՝ փիլիպեցիներին ուղղած նամակի տողերը.Յիսուս ունայնացրեց ինքն իրեն…Սա՛ է Տիրոջ ճանապարհը եւ իւրաքանչիւր քրիստոնեայի ճանապարհը՝ խոնարհութիւնը: Բայց մենք երբեք չենք համակերպուի այն մտքի հետ, որ Աստուած խոնարհ է, շեշտում է Նորին Սրբութիւնը: Այս Աւագ շաբաթուայ ընթացքում մենք պէտք է յետեւենք Յիսուսի ճանապարհին, որը ոչ այլ ինչ էր, քան՝ կատարեալ խոնարհութեան ճանապարհ: Իսկ առանց ինքդ քեզ ստորացնելու, ունայնացնելու՝ ճշմարիտ խոնարհութիւն հնարաւոր չէ: Աստուծոյ Որդին ծառայի կերպարանք առաւ, ուրեմն խոնարհութիւնը ծառայութիւն է: Խոնարհ լինել՝ նշանակում է սրտումդ տեղ բացել Աստուծոյ առաջ, դատարկուել, ունայնանալ՝ Աստուծով լցուելու համար: Յիսուսի անցած ճանապարհն ունի իր հակոտնեան՝ այս աշխարհի ճանապարհը, փառասիրութեան, հպարտութեան, հաջողութեան ճանապարհը: Սատանան Յիսուսին էլ առաջարկեց այդ տարբերակը, բայց Յիսուս մերժեց նրան: Յիսուսի օգնութեամբ մե՛նք էլ կարող ենք դա անել մեր ամէնօրեայ կեանքում, վստահ է Քահանայապետը: Նա օրինակ է բերում լռութեան մէջ, ստուերում ուրիշներին ծառայելով զոհաբերուող բազմաթիւ բարեպաշտ հաւատացեալների, ովքեր հոգ են տանում հիւանդների, տարեցների, հաշմանդամների մասին, յիշում է նաեւ մերօրեայ հակաքրիստոնեական հալածանքներին զոհ գնացած բազմաթիւ հաւատոյ նահատակներին:
Ուրեմն, հարկ է վճռակամօրէն հանձն առնել ընթանալու Յիսուսի անցած ճանապարհով եւ անդադար զօրութիւն եւ առաջնորդութիւն խնդրել Աստծուց: