Յուրաքանչյուր ոք կարևոր է. բոլորի մասնակցության և փոխօգնության սկզբունքները:
2022թ. հուլիսի 1-ին Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ՝ Հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակներում Աշոցքի հայ կաթողիկէ համայնքների Ծխական երիտասարդական խորհուրդը “Արփի լիճ” ազգային պարկի Ախուրյանի կիրճի անտառում կազմակերպեց 1-օրյա ճամբար՝ Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Բավրայի և Սիզավետի 55 պատանիների և երիտասարդների մասնակցությամբ, Աշոցքի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի առաջնորդությամբ: Ճամբարի կազմակերպման նպատակն էր՝ ստեղծել արդյունավետ պայմաններ՝ երիտասարդների միասնականության, մասնակցայնության զարգացման համար: Ճամբարը սկսվեց առավոտյան 8:30-ին՝ Մեծ Սեպասարի երիտասարդների կողմից մյուս համայնքներից ժամանած իրենց ընկերներին դիմավորմամբ: 09:00-ին մատուցվեց միասնական Սուրբ Պատարագ, որի ընթացքում ծխական հոգևոր հովիվը բացատրեց ճամբարի նպատակը՝ հղում անելով ԾՀԽ ծրագրի տրամաբանությանը: Պատարագից հետո երիտասարդներից Կատյա Մարգարյանը և Լեյլա Մարտիրոսյանը անցկացրեցին ծանոթացման և հաղորդակցման խաղ-վարժանք: Ապա Տ. Հովսեփը վարեց հոգևոր զրույց-քննարկում՝ «Յուրաքանչյուր ոք կարևոր է. բոլորի մասնակցության և փոխօգնության սկզբունքները՝ ըստ Կաթողիկէ սոցիալական ուսմունքի» թեմայով: Մեծ Սեպասարի երիտասարդներից Ջուլիետա Պետանյանը և Ալյոնա Պողոսյանը հետաքրքիր քննարկում կազմակերպեցին «Ի՞նչ է ներառումը» թեմայով: Ճաշից հետո Կատյա Մարգարյանը զրույց վարեց «Սոցիալական հաղորդակցություն, համերաշխության սկզբունքը» թեմայի շուրջ: Հայկական Կարիտասի ԾՀԽ ծրագրի աշխատակից Դիանա Նիկոլյանը կազմակերպեց հաղորդակցական և մասնակցային հմտություններով զարգացնող մի նկարչական խաղ: Բոլոր զրույցների ընթացքում երիտասարդներն ակտիվ մասնակցում էին: Ամենամեծ մասնակցային խանդավառությունն, այնումենայնիվ, երիտասարդները ցուցաբերեցին սպորտլանդիայի ընթացքում՝ պարանի ձգումներ, վազքի մրցում, գնդակով խաղեր, որոնք տևեցին շուրջ 3 ժամ: Երեկոյան 19:00-ին խարույկի շուրջ համախմբված՝ Վարդարանի միասնական աղոթքով խնդրեցին Տիրամոր բարեխոսությունը՝ Ծխական երիտասարդկան խորհուրդների զարգացման համար և, ամփոփելով ճամբարային օրակարգը, միմյանց հրաժեշտ տվեցին՝ նոր ավյունով լցված և մտածելով հետագա միասնական քայլերի մասին:
Նյութը պատրաստեց՝ Տեր Հովսեփ Քհն. Գալստյանը