• «Տե՛ր, լիացրու՛ մեզ Քո ներկայությամբ»

    Մեր շուրջը ոչ միայն սննդի, այլ նաև շփման, մխիթարության, ընկերության, լավ տրամադրության, ուշադրության, ավետման սով կա:


    Corpus Christi տոնակատարության ժամանակ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հավատքով ընդունելով Սուրբ Հաղորդությունը՝ մարդը ոչ միայն սնվում է Հիսուսով, այլ նաև  լիանում Նրա ներկայությամբ։

     

    «Այսօր Իտալիայում և տարբեր երկրներում նշվում է Քրիստոսի Մարմնի և Արյան տոնը, – հիշեցրեց Նորին Սրբությունը: – Սուրբ Հաղորդությունը, որն հաստատվեց Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ, կարծես ճանապարհորդության ժամանման կետն էր, որը Հիսուսը նախանշեց որոշակի նշաններով, հատկապես հացի բազմացմամբ, որը նկարագրված է այսօրվա ավետարանական ընթերցման մեջ (տես՝ Ղկ. 9, 11б-17): Հիսուս հոգ է տանում Իրեն հետևող մեծ բազմության մասին, որը եկել էր Նրա խոսքը լսելու և տարբեր դժվարություններից ազատվելու համար: Նա օրհնեց հինգ նկանակը և երկու ձուկը, կտրեց այն, իսկ աշակետրները բաժանեցին և «բոլորը հագեցան», ասում է Ավետարանիչը (տես՝ Ղկ. 9, 17): Սուրբ Հաղորդություն ստանալիս ամեն ոք կարող է զգալ Տիրոջ այս սիրառատ հոգատարությունը: Նա, ով հավատքով ընդունում է Քրիստոսի Մարմինն ու Արյունը, ոչ միայն ուտում է այն, այլ նաև հագենում է: Ուտել և հագենալ. երկու հիմնարար կարիքներ, որոնք բավարարվում են Սուրբ Հաղորդության ժամանակ»:

     

    Այնուհետև իր խորհրդածության ժամանակ Սրբազան Քահանայապետը հատուկ ընդգծում է այս երկու կարիքները. «Ամենքը կերան», – գրում է Ղուկաս Ավետարանիչը: Օրվա ավարտին աշակերտները Հիսուսին խորհուրդ են տալիս արձակել ժողովրդին, որպեսզի մարդիկ ուտելիք գտնեն իրենց համար։ Սակայն Ուսուցիչը ցանկանում է հոգալ նաև այդ մասին. բոլոր նրանց, ովքեր լսել են Նրա խոսքը, Նա ցանկանում է կերակուր տալ»: Հիսուս հացի և ձկան բազմացման այդ հրաշքը թաքուն է անում, ինչպես Կանայում հարսանիքի ժամանակ, ընդգծեց Նորին Սրբությունը. հացը բազմանում է՝ ձեռքից ձեռք անցնելով: Ընդունելով այդ հացը՝ ամբոխը հասկանում է, որ Հիսուս հոգ է տանում ամեն ինչի մասին. «Դա սուրբ Հաղորդության մեջ ներկա Տերն է: Նա մեզ կոչ է անում դառնալ Երկնային քաղաքացիներ, սակայն միևնույն ժամանակ Նա հաշվի է առնում այն ​​ճանապարհը, որը մենք պետք է անցնենք այստեղ՝ երկրի վրա: Եթե ​​հացը մեզ չի հերիքում, նա գիտի դա և հոգ է տանում դրա մասին»:

     

    Երբեմն Սուրբ Հաղորդությունը ինչ-որ վերացական բան և առօրյա դժվարություններից հեռու ընկալելու վտանգ կա, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Սակայն իրականում, Տերն ի սրտե ընդունում է մեր բոլոր կարիքները: Նա ցանկանում է օրինակ ծառայել աշակերտներին՝ ասելով, որ նրանք ուտելիք տան այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը լսել էին Իրեն (տես՝ Ղկ. 13): Սուրբ Հաղորդությանը մեր երկրպագության անկեղծությունը հաստատվում է, երբ մենք հոգ ենք տանում մեր մերձավորի մասին, ինչպես Հիսուսն է անում. մեր շուրջը ոչ միայն սննդի, այլ նաև շփման, մխիթարության, ընկերության, լավ տրամադրության, ուշադրության, ավետման սով կա: Դա հենց այն է, ինչը մենք գտնում ենք Սուրբ Հաղորդության հացի մեջ. Քրիստոսի ուշադրությունը մեր կարիքներին և նույնը անելու հրավեր մեզ շրջապատող մարդկանց հանդեպ: Մենք պետք է ուտենք և ուրիշներին սնունդ տանք»։

     

    Անհրաժեշտ է ուտել և հագենալ՝ իմանալով, որ Հիսուսն է մեզ սնունդ տալիս, շարունակեց Նորին Սրբությունը. «Քրիստոսի Մարմնի և Արյան մեջ մենք գտնում ենք Նրա ներկայությունը, մեզանից յուրաքանչյուրի համար Նրա տված կյանքը: Նա պարզապես մեզ չի օգնում, Նա հենց Ինքն Իրեն է մեզ տալիս. Նա դառնում է մեր ուղեկիցը, Նա մտնում է մեր գործերի մեջ, ազատում է մեզ միայնությունից, վերականգնում է իմաստը և ոգեշնչում: Հենց դա է մեզ հագեցնում, երբ Տերը իմաստավորում է մեր կյանքը, կասկածներն ու մեր թափառումները խավարի մեջ, քանզի Նա տեսնում է իմաստը, և այդ իմաստը, որը Տերը պարգևում է մեզ, հագեցնում է մեզ, տալիս է այն «ավելի մեծ» բանը, որը մենք բոլորս փնտրում ենք, այսինքն՝ Տիրոջ ներկայությունը։ Քանի որ Նրա ներկայության ջերմության մեջ մեր կյանքը փոխվում է. առանց Նրա այն իրոք գորշ կլիներ: Երկրպագելով Քրիստոսի Մարմինն ու Արյունը, եկե՛ք ամբողջ սրտով խնդրենք Նրան. ”Տե՛ր, տուր ինձ հանապազօրյա հացս, որպեսզի կարողանամ առաջ ընթանալ և լիացրու՛ ինձ Քո ներկայությամբ”»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց