«Զօրաւոր է այն ազգը, որն ունի զօրաւոր ընտանիքներ»։
Մուրացան
2022թ. յունիսի 14-15-ը Թորոսգիւղի Աղաճանեան կենդրոնում տեղի ունեցաւ ընտանիքների երկօրեայ հաւաքը: Այս անգամ հաւաքին մասնակցում էին Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքներից հաւաքուած քսանյոթ ընտանիք, ինչպէս նաեւ Գիւմրիի «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենդրոնից 5 ընտանիք:
«Ընտանիքի օր» երկօրեայ հաւաքը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով, ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ՝ Արժ. Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանի եւ Արժ. Տէր Միքայէլ Քհն. Տօմպուրեանի:
Ողջոյնի եւ բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ «Ընտանիքների օրուայ» կազմակերպիչ՝ Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը:
Տէր Գրիգորն իր խօսքում նշեց, որ պէտք է արժեւորել յուրաքանչիւր այսպիսի հանդիպում, քանզի դրանք նպաստում են, ոչ միայն ընտանեկան կապերի ամրապնդմանը, այլեւ եկեղեցի-ընտանիք փոխհարաբերութիւնների զարգացմանն ու հզօրացմանը:
Արժ. Տէր Յովսէփ Քհն. Գալստեանը շարունակեց «Ընտանիքների երրորդ հավաքին»-ներկայացրած «Սիրոյ բերկրանքը ընտանիքում» (ըստ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի համանուն շրջաբերականի) թեմայով բանախօսութիւնը: Բանախօսութեան հիմքում ընկած էին հետեւեալ թեմաները.
1.Կեանքի պարգեւը,
2.Միջամտութիւններ՝ մարդկային որդեծնութեան գործընթացում,
3.Արհեստական բեղմնաւորման տեսակները,
4.Ինչու՞ պէտք է մարդկային որդեծնութիւնը տեղի ունենայ ամուսնութեան մէջ,
5.Չի՛ կարելի ոտնահարել երեխայի իրաւունքները:
Ընտանիքների օրուայ առթիւ պատրաստուել էր հայ կաթողիկէ հինգ ընտանիքների հաւատքի վկայութեան մասին պատմող փոքրիկ ֆիլմ:
Բոլոր մարդիկ կեանքի այս կամ այն փուլում կարող են ունենալ հոգեբանական աջակցութեան կարիք: Օրուայ երկրորդ կէսին ընտանիքների համար կազմակերպուեց «մշակութային առանձնայատկութիւնների, կարծրատիպերի անդրադարձը ընտանիքի վրայ», ինչպէս նաւե «Ընտանիքների տեսակները: Ծնող-երեխայ միջանձնային յարաբերութիւնները» թեմաներով հոգեբանական դասընթաց, որը վարեց հոգեբան-հոգեթերապեւտ Ելենայ Յովհաննիսեանը:
Առաջին օրուայ հագեցած առօրեայի աւարտին հաւաքի մասնակիցների համար կազմակերպուեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը:
Հաջորդ օրը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով, որը մատուցեց Գերպ. Հայր Եղիայ Վրդ. Դերձակեանը:
Ամուր սիրոյ եւ փոխադարձ հարգանքի վրայ է հիմնված իրական ու ճշմարիտ ընտանիքը: Այս թեմայի շուրջ գեղեցիկ եւ հետաքրքիր բանախօսութեամբ հանդէս եկաւ Կարիտաս-Վրաստանի տնօրէն տկն. Անահիտ Մխոյեանը:
Բանախօսութիւնը յագեցած էր երկխօսութիւններով, որոնց ընթացքում էլ բանախօսը մասնակիցների յուզող հարցերին, տուեց սպառիչ պատասխաններ ու կարեւոր խորհուրդներ:
Հայաստանում Պապական Նուիրակ Ժոզէ Ավելինօ Բեթթենկուրը նամակի միջոցով իր խօսքն ու առաքելական օրհնութիւնն փոխանցեց ընտանիքների օրուայ առթիւ.
Ստորեւ մեջբերում ենք ողջոյնի խօսքից հատուած.
«Հայ Կաթողիկէ սիրելի՛ ընտանիքներ,
Մենք պատկանում ենք ընտանիքներին: Մենք պատկանում ենք ո՛չ միայն մեր կենսաբանական ընտանիքներին, այլեւ՝ Եկեղեցու ընտանիքին: Այս տարի, ձեզ հետ կլինի նաեւ մայիս 17-ին՝ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաքելական Կառավարիչ նշանակուած Գերապատիւ Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէն: Այսուհետ, նա Հայաստանի Եկեղեցու ընտանիքի հայրն է, եւ, յուսով եմ, որ սիրով կ’ընդունէք նրան եւ կ’աղօթէք նրա շատ կարեւոր առաքելութեան համար:
Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Արժանապատիւ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանին, բոլոր հոգեւորականներին եւ կրօնաւորներին, ովքեր աջակցել են շատ կարեւոր այս հովուական նախաձեռնութեանը…»:
Վերջում, ընտանիքները հոգեւորականների հետ ամփոփեցին հաւաքը՝ կիսուեցին իրենց մտածումներով եւ գաղափարներով:
Դիւան՝ Առաջնորդութեան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց