• Սուրբ Երրորդությունը հեղափոխում է մեր կենսակերպը

    Մենք կղզիներ չենք, մենք աշխարհում ենք, որպեսզի ապրենք Աստծո օրինակով և նմանությամբ:


    Սուրբ Երրորդության տոնին «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ սիրել նշանակում է ոչ միայն ինչ-որ մեկին բարին ցանկանալ և բարիք գործել, այլ ամենից առաջ ընդունել և զիջել նրան, քանզի «հենց սա է նշանակում սիրել»:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը, Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս հատվածում Հիսուսն աշակերտներին ներկայացնում է երկու ուրիշ Աստվածային Անձերի՝ Հորը և Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգու մասին Նա ասում է. «Ոչ թե Ինքն Իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն կխոսի և գալիք բաների մասին կպատմի ձեզ: Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ»: Ապա խոսելով Հոր մասին, Քրիստոսը պարզաբանում է. «Ամեն ինչ որ Հայրն ունի, Իմն է» (տես՝ Հվհ. 16,14-15): Սւորբ Հոգին չի խոսում Իր մասին. Նա հռչակում է Հիսուսին և բացահայտում Հորը: Երկնային Հայրն Իր Որդուն է տալիս այն ամենը, ինչ ունի և Ինքն Իրեն ոչինչ չի թողնում: Սա մեծահոգություն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց բոլորին նայել ինքն իրեն, թե ինչի մասին ենք խոսում և ինչ ունենք:

     

    «Մենք միշտ ցանկանում ենք, որ լավը խոսեն մեր մասին, սակայն ինքներս միայն մեր, մեր գործերի և խնդիրների մասին ենք խոսում: Ինչպիսի՜ ապշեցուցիչ տարբերություն Սուրբ Հոգուց, Ով խոսում է և հռչակում ուրիշներին, Հորը, Որդուն: Ինչ վերաբերում է մեր ունեցածին, ապա նախանձախնդրությամբ ենք պահում և դժվարությամբ կիսվում ուրիշների հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր ոչինիչ չունեն։ Հեշտ է ասել, բայց շատ դժվար է անել»:

     

    Ահա թե ինչու Սուրբ Երրորդության տոնակատարությունը ոչ այնքան աստվածաբանական վարժանք է, որքան հեղափոխություն մեր կենսակերպում, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Աստված, Որի մեջ Իր Անձերից յուրաքանչյուրն ապրում է մյուսի համար, այլ ոչ թե իր համար, խրախուսում է մեզ ապրել ուրիշների հետ և ուրիշների համար։ Այսօր մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, թե արդյո՞ք մեր կյանքն արտացոլում է Աստծուն, որին մենք հավատում ենք: Մենք, որ երկրպագում ենք Հայր Աստծուն և Որդուն և Սուրբ Հոգուն, արդյո՞ք իսկապես հավատում ենք, որ ուրիշների կարիքն ունենք և պիտի ծառայենք նրանց:

     

    Եռամիասնական Աստծուն պետք է վկայել արարքներով: Աստծուն՝ կյանքի Արարչին, մենք ընկալում ենք ոչ այնքան գրքերով, որքան կյանքի վկայությամբ։ Նա, Ով, ինչպես գրում է Հովհաննես Ավետարանիչը, «սեր է», բացահայտում է Իրեն սիրո միջոցով, իսկ Սեր-Աստծուն մենք կարող ենք տեսնել որոշ բարի, առատաձեռն, հեզ մարդկանց մեջ, որոնց հանդիպում ենք մեր ճանապարհին:

     

    «Սիրո իմաստն ավելի լավ հասկանալու համար եկեք հիշենք Աստվածային Անձերի անունները, որոնք մենք միշտ արտասանում ենք խաչակնքվելիս», քանզի այդ Անուններից յուրաքանչյուրը ենթադրում է մյուս երկուսի առկայությունը, – շարունակեց Սրբազան Քահանայապետը: Հայրը, օրինակ, Հայր չէր լինի առանց Որդու, նույն կերպ, անհնար է Որդուն առանձին պատկերացնել, Նա միշտ Հոր Որդին է: Իսկ Սուրբ Հոգին Հոր և Որդու Հոգին է։

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց. «Սուրբ Երրորդությունը սովորեցնում է մեզ, որ մարդը չի կարող գոյություն ունենալ առանց այլ մարդկանց: Մենք կղզիներ չենք, մենք աշխարհում ենք, որպեսզի ապրենք Աստծո օրինակով և նմանությամբ. լինել սրտաբաց, ուրիշների կարիքն ունենալ և օգնել ուրիշներին: Եկե՛ք ինքներս մեզ մի հարց ևս տանք. արդյո՞ք մենք մեր առօրյա կյանքում Երրորդության արտացոլանքն ենք: Խաչակնքումը, որն անում ենք ամեն օր, ընդամենը ժեստ է, թե՞ այն բնորոշում է մեր խոսքերը, հանդիպումները, դատողությունները, ներումը։ Թո՛ղ Սուրբ Աստվածածինը՝ Հոր դուստրը, Որդու մայրը և Սուրբ Հոգու հարսը, օգնի մեզ ընկալել և մեր կյանքում վկայել Աստված-Սեր խորհուրդը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց