Մեծ Սեպասարը այն կաթողիկէ գիւղերից մէկն է, որը մշտապես պահել ու պահպանել է իր հոգեւոր եւ բարոյական նկարագիրը՝ թողնելով մեծ ժառանգութիւն իր յաջորդներին
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,
Այսօր հիշարժան օր է…
Մեծ ուրախութիւն ու գոհունակութիւն եմ յայտնում Աստծուն, որ ձեզ հետ միասին տօնելու ենք Մեծ Սեպասար գիւղի հիմնասիւնը համարւող Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամեակը:
Մեծ Սեպասարը այն կաթողիկէ գիւղերից մէկն է, որը մշտապես պահել ու պահպանել է իր հոգեւոր եւ բարոյական նկարագիրը՝ թողնելով մեծ ժառանգութիւն իր յաջորդներին: Ինչպէս պատմութիւնն է մեզ յուշում, գիւղը իր գոյութեան ողջ ընթացքում հանդիպել է բազմաթիւ դժուարութիւնների: Քրիստոնէական իր հաւատքը պահպանելու եւ գօտեպնդելու համար մշտապէս մաքառել է ոսոխների դէմ՝ չկորցնելով երբէք իր ազգային ոգին ու արժէքները: Այս ամէնի մարմնացումը Սուրբ Փրկիչ եկեղեցին է, որը մէկ դարից աւել ծառայում է գիւղի հաւատաւոր ժողովրդին:
Ինձ համար կրկնակի ուրախութիւն է, քանի որ այսօր Սուրբ պատարագի ընթացքում տեղի կունենայ նաեւ մանուկների առաջին Սուրբ Հաղորդութեան գեղեցիկ արարողութիւնը: Սիրելի՛ մանուկներ, վստահ եղէ՛ք, որ սա ձեզ համար խորհրդանշական օր է եւ թո՛ղ որ այս օրը հաւերժ դաջուի ձեր յիշողութիւններում, քանզի դուք առաջին անգամ հաղորդակից էք լինելու Յիսուս Քրիստոսի Մարմնին եւ Արեանը: «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մատթ. 26, 26-28):
Յիսուս Քրիստոս ահա՛ այս խօսքերով հիմք դրեց Սուրբ Հաղորդութեան գեղեցիկ խորհրդին:
Սիրելի՛ փոքրիկներ, անհոգ մանկութիւն եմ մաղթում ձեզ, եղէ՛ք առողջ ու երջանիկ, շրջապատուած միայն ջերմութեամբ ու սիրով:
Խօսքս շարունակելով, ուզում եմ անդրադարձ կատարել նաեւ այսօրուայ եկեղեցական սուրբ տօնին: Ինչպէս գիտենք, այսօր՝ ընդհանրական եկեղեցու համար մեծ տօն է, քանզի Հոգեգալստեան տօնին յաջորդող Ա կիրակին Եկեղեցին նուիրել է Ամենասուրբ Երրորդութեանը:
Ամենասուրբ Երրորդութիւնը մեր հաւատքի հիմքն է՝ Հայր Աստուած, Որդի Աստուած եւ Սուրբ Աստուած: Մեզ՝ քրիստոնեաներիս համար այն աստուածային շնորհի եւ լոյսի սիրոյ աղբիւր է: Եկէ՛ք մեր կեանքի ընթացքում մշտապէս ընթանանք Ամենասուրբ Երրորդութեան ճանապարհով:
Ես ուզում եմ յայտնել իմ խորին շնորհակալութիւնը Մեծ Սեպասարի ժողովրդապետ Տէր Յովսէփ Քհն. Գալստեանին այսպիսի գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար:
Սիրելի՛ մեծսեպասարցիներ սրտանց շնորհաւորում եմ ձեզ այս գեղեցիկ օրուայ առթիւ եւ մաղթում անսասան հաւատ եւ մեծ նուիրում եկեղեցուն: Թո՛ղ որ Ամենակալ Տէր Աստուած Փրկի մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից եւ արժանացնի երկնային արքայութեանը: Ամէն: