Բաժիններ՝ Թեմական
  • Պաշտօնական ներկայացում նորանշանակ Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հ. Միքայէլ Վրդ. Բասսալէի

    Փոփոխութիւնները անցումային շրջանի պահեր են՝ լինի թէ՛ կառավարչի համար, եւ թէ՛ բոլորիս:


    Երկուշաբթի, 13 յունիս, 2022 թուական.

     

    Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում Հայաստանում եւ Վրաստանում Պապական Նուիրակ Արհ. Տէր Ժոզէ Ավելինօ Բեթանկուրը Հայաստանի հոգեւոր դասին եւ Անարատ Յղութեան հայ քոյրերին ներկայացրեց Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան նորանշանակ Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէին:

     

    Հանդիպումը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով՝ ձեռամբ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի եւ առընթերակայութեամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանի:

     

    Սուրբ Պատարագի աւարտին Արհ. Տէր Ժոզէ Ավելինօ Բեթանկուրը հանդէս եկաւ ներկայացուցչական խօսքով.

     

    «Գերպ. Հայր Միքայէլ Բասսալէ, գերյարգելի վարդապետներ, արժանապատիւ տէր հայրեր, առաքինազարդ քոյրեր,

    այսօր միասինենք շատ ուրախ մի առիթով: Շնորհակալութիւն եմ յայտնում Ձեր վեհանձնութեան համար Գերապատիւ հայր, որ ընդունեցիք այն պաշտօնը, որ տուեց Ձեզ Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ լինելու Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ: Այսպիսով, Ձեզ բերել եմ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ողջոյնը, ով արդէն գիտի, որ Դուք այստեղ էք, Ձեզ բերել եմ Պետական Քարտուղարութեան վերադասների ողջոյնները եւ իրենց համերաշխութիւնը Ձեր հետ: Ֆրանցիսկոս Պապի կողմից Ձեր նշանակումը՝ որպէս Առաքելական Կառավարիչ նշանակում է, որ Դուք ունէք բոլոր իրաւունքները եւ պարտականութիւնները, որ Եկեղեցական կանօնագիրքը շնորհում է Առաքելական Կառավարիչներին: Դուք որպէս Առաջնորդութեան ղեկավար գիտենք, որ ունէք շատ բարդ, պատասխանատու հանձնառութիւն: Կարող էք վստահել այն օգնութեանը, որ կստանաք Առաքելական նուիրակութեան աղօթքներից եւ անձամբ Նուիրակից: Նաեւ այն ամբողջ թիկունք կանգնելը, որ կստանաք քահանաներից կրօնաւորուհիներից եւ այս Առաջնորդութեան բոլոր հաւատացեալներից: Գիտենք, որ փոփոխութիւնները անցումային շրջանի պահեր են՝ լինի թէ՛ Կառավարչի համար, եւ թէ՛ բոլորիս: Գիտենք նաեւ, որ նոր ժամանակներ են նոր հնարաւորութիւնների եւ նոր ապագայի համար: Այս աղօթքի ոգիով է, որ այսօր այստեղ հաւաքուած ենք: Շնորհակալութիւն:»

     

    Այնուհետեւ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէն հանդէս եկաւ շնորհակալական խօսքով.

    «Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Արհ. Տէր Ժոզէ Ավելինօ Բեթանկուրին եւ շնորհակալութիւն բոլորիդ, որ այսօր եկել էք: Սա փոքրիկ ծանօթութեան միջոց է: Եւ նաեւ Աստծոյ օգնութեամբ եւ զորութեամբ կարողութեանս սահմաններում անելու եմ ամէն ինչ ինձ վստահուած թեմի համար: Չեմ ուզում դատարկ խոստումներ տալ, քանի որ չգիտեմ ինչ են կարելիութիւնները, բայց պէտք է փորձեմ Աստծոյ զորութեամբ եւ ձեր օգնութեամբ ամէն ինչ անել ձեր անձերի եւ համայնքի համար: Պէտք է փորձենք միասին բարձրանալ, ինչքան որ կարող ենք, եւ դա կախուած է մեզանից: Ինձ ընտրել են, հաւանաբար որպէսզի համադրեմ գործերը: Եւ հույս ունեմ, որ պէտք է ինձ հասկանաք եւ օգնէք, որովհետեւ պէտք է աշխատեմ բոլորիս բարիքի համար: Այնպէս է եղել, որ այս կեանքում մեկ հոգուն աւել տեսութիւն է տրուում, ոչ թէ կործանման համար, այլ բոլորի լաւի համար: Աստուած օրհնի բոլորիդ, եւ աղօթէք ինձ համար»

     

    Սուրբ պատարագից յետոյ՝ գլխաւորութեամբ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի տեղի ունեցաւ թեմական քննարկումներ հոգեւոր դասի եւ քոյրերի հետ միասին:

     

    Դիւան՝ Առաջնորդութեան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

Օրացույց

Օրացույց