«Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն պիտի տամ» (Յովհ. 6.55)
Կիրակի, 12 յունիս, 2022 թուական.
Տօն Ամենասուրբ Երրորդութեան.
Փանիկ համայնքի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցում տեղի ունեցաւ Առաջին Սուրբ Հաղորդութեան հոգեպարար արարողութիւնը՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Սուրբ Պատարագին ներկայ էին Լիբանանի Այնճար քաղաքի Սուրբ Վարդարանի Տիրամայր Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստուածաբանութեան դոկտոր Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը, Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյեանը, Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցի վարչական մասի տնօրէն Հայր Մարիօ Վրդ. Կուկարելլոն, Սպիտակի Մայր Թերեզայի Գթութեան քոյրերը, Փանիկ համայնքի վարչական ղեկավար՝ պարոն Գեւորգ Սալնազարեանը, Փանիկի միջնակարգ դպրոցի տնօրէն՝ պարոն Արսէն Մամիկոնեանը, Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ կազմակերպութեան անդամները եւ համայնքի հաւատացեալներ:
Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Փանիկ համայնքի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, առընթերակայութեամբ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանի եւ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյեանի:
Սուրբ Պատարագի քարոզի ընթացքում Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը անդրադառնալով Սուրբ Հաղորդութեան խորհուրդին՝ ասաց.
««Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն պիտի տամ» (Յովհ. 6.55): Յաճախ լսում ենք աստուածային այս քաղցր խօսքերը, բայց դժբախտաբար շատ չենք մտածում այդ մասին: Այսօր մեր երեխաների համար այսպէս ասած «հոգեւոր պսակադրութիւն» է, որի ժամանակ ընդունում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին՝ որպէս կենդանի մարմին եւ կենդանի արիւն: Նրանք, ուտելով Յիսուսի Մարմինը եւ ըմպելով Նրա արիւնը, ոչ միայն ընդունում են Տիրոջ զոհաբերութիւնը իրենց համար, այլեւ առանց խորապէս գիտակցելու, կատարեալ միութեան մէջ են մտնում Տիրոջ հետ: «Հաղորդութիւն» բառը վերաբերուում է ոչ միայն «սուրբ նշխար ճաշակելու» նիւթական ժէստին, այլ մի ամբողջ ապրելակերպի ու հաւատքի։
«Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. եթէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»:» (Յովհ. 6, 50-52)։ Ահաւասիկ սա է Սուրբ հաղորդութիւնը, որը նշանակում է միանալ եւ հաղորդուել Տիրոջ հետ, որը եկեղեցու եօթ խորհուրդներից մէկն է ու ամենակարեւորը, քանզի ինչպէս նորածինը չի կարող առանց մօր կաթի ապրել ու մեծանալ, այդպէս էլ քրիստոնեան` առանց Սուրբ Հաղորդութեան։ Սա աւելին է, քան պարզ հաղորդակցութիւնը երկու մարդկանց միջեւ, քանի որ «հաղորդութիւն» բառն արտայայտում է հոգեւոր միութիւն, որն անհամեմատելի է, որեւէ այլ բանի հետ: Այս աստուածային շնորհքը եւ այս միաւորումը՝ մեր մահկանացու մարմինը Տիրոջ կենդանի մարմինի հետ, յատկանշում է քրիստոնէութիւն բոլոր դարերի ընթացքում: Յիսուսի հետ հաղորդակցուելը հնարաւոր է դառնում, երբ լսում ենք նրա խօսքը, հետեւում իր ուսմունքներին եւ գործնականում կիրառում այն՝ չխզելով այն կապը, որը սկսուել է մկրտութիւնից:
Պօղոս առաքեալը ներկայ չէր, երբ Յիսուս հիմնեց Սուրբ Հաղորդութեան խորհուրդը, սակայն Կորնթացիների առաջին նամակի մէջ ասում է․ «Որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ աւանդեցի ձեզ». (Ա․ Կոր․ 11.23), որովհետեւ Յիսուս Ինքն անձամբ սովորեցրեց Պօղոս առաքեալին, երբ դարձի եկաւ Դամասկոսի ճանապարհի վրայ: Եւ մենք այդ օրուանից մինչեւ այսօր փորձում ենք պատրաստ լինել Աստուծոյ հետ մեր հանդիպմանը: Մեր Տէր Յիսուս Քրիստոս սիրեց մարդկութեանը եւ այդ իսկ պատճառով խաչուեց մեր մեղքերի քաւութեան համար: Մեզանից ոչ ոք չի մէռնում իր սիրելի մարդու համար, կամ պարզապէս սիրոյ համար, սակայն Յիսուս իր անձը զոհեց եւ ընդունեց մահուան բաժակը, չարչարանքի բաժակը, մոռացութեան բաժակը, լքուածութեան բաժակը, յուսախաբութեան բաժակը, անտարբերութեան բաժակը:
Ինչպէս աղօթքը մեզ սրբում եւ մօտեցնում է Աստծուն, այնպէս էլ, հաղորդուելով Փրկչի Մարմնից ու Արիւնից՝ սրբուում ենք եւ նմանուում Նրան, Ով խաչի վրայ թափեց Իր մաքուր Արիւնը՝ մարդկանց մեղքի ապականութիւններից փրկելու համար։
Գրիգոր Տաթեւացին ասում է. «Այս խորհուրդի գործն է՝ աւելացնել շնորհները եւ դեղ լինել ամէնօրեայ մեղքերին»: Այս է պատճառը, որ հաղորդուելով՝ պէտք է յիշենք Յիսուս Քրիստոսի չարչարանքները։ Իսկ Յովհաննէս Մանդակունին ասում է. «Նրանք, ովքեր հաւատքով եւ երկիւղածութեամբ են մօտենում Քրիստոսին, լուսաւորուում են Սուրբ Հոգով եւ առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»։
Սիրելի՛ երեխաներ, դուք կենդանի վկաներն եք Քրիստոսի անմահական մարմնի եւ արեան, որ առաջին անգամ ստանալու եք: Ձեր ծնողները ձեզ առաջնորդում են եկեղեցի, որն աստուածային մի մեծ շնորհք է տրաուած Աստուծոյ կողմից։ Այսօր ուրախութեան մեծ տօն է որոհետեւ հասել է Յիսուսի հետ հանդիպման օրը: Անբիծ եւ մաքուր պահէք ձեզ եւ միշտ առաջնորդուեք Քրիստոսի եւ եկեղեցու պատուիրաններով՝ կեանքի բոլոր դժվարութիւնները յաղթահարելու համար, պահպանէք սիրոյ կապը Յիսուսի հետ, քանի որ պէտք է ապրեք քաղցր, անհոգ եւ խաղաղ օրեր Քրիստոսի հետ:
Ահա թէ ինչ է նշանակում «հաղորդութիւն» բառը առաջին հերթին. մնալ Քրիստոսի հետ՝ իմանալով, որ այս միութեան մէջ մենք ի վերջոյ գտնում ենք Աստծուն, Ով ստեղծել է մեր կեանքը: Այս տօնակատարութիւնը բոլորի համար առիթ է դառնում յիշելու եւ նորոգելու այս արարողութեան խորը իմաստը: Առանց Աւետարանի, առանց սիրով ապրած կեանքի՝ Քրիստոսի հետ կապը կտրուում է, եւ ի վերջոյ մեր քրիստոնեական կեանքը չորանում եւ դառնում է անպէտք երեւոյթ:
Այսպիսով, մենք բոլորս, նոյնիսկ շատ տարիներ անց այն պահից, երբ մենք առաջին անգամ «ճաշակեցինք սուրբ նշխարը», կոչուած ենք առաջին հաղորդութիւն ընդունելու, զարգացնելու այն հիմնական կապը, որը թոյլ է տալիս որպէսզի Աստծոյ սէրը հոսի մեր կեանքում եւ այն պտղաբեր դարձնի աշխարհ համար: Ամէն»:
Սուրբ Պատարագից յետոյ խօսք առաւ Լիբանանի Այնճար քաղաքի Սուրբ Վարդարանի Տիրամայր Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստուածաբանութեան դոկտոր Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը.
«Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրեր,
Գերյարգելի հայրն արդէն ամէն ինչ ասեց: Յիսուս իր աշակերտներից բաժանուելուց առաջ, խոստացաւ նրանց հետ լինել ամէն օր, մինչև աշխարհի կատարածը: Նշանակում է, որ Նա մեզ հետ է ամէն օր, եւ Իր այս խոստումը կատարեց, երբ հիմնեց Ամենասուրբ Հաղորդութեան խորհուրդը: Աստծոյ սիրոյ մեծագոյն գիւտն է Սուրբ Հաղորդութիւնը: Աստուած՝ Ամենակարողը, սրանից աւելի մեծ գիւտ չէր կարող անել, սրանից աւելի մեծ ստեղծագործութիւն, ճարտարապետութիւն ինչպէս ասում է մեր խորհրդատետրը չէր կարող կատարել: Աստուած ինքն իրեն տրամադրեց մեզ, ընծայեց մեզ, որպէսզի մեզ հետ լինի ամէն օր: Նշանակում է, փոքրիկնե՛ր դու պէտք է սիրէք Յիսուսին, Նրանից աւելի համով, աւելի գեղեցիկ, աւելի հզօր, աւելի սիրելին չկա: Ծնողնե՛ր, խնդրում եմ ձեզանից, եկեղեցին ձեզանից խնդրում և պահանջում է, որ ամէն կիրակի բերէք ձեր երեխաներին, ձեր զաւակներին դէպի Յիսուսը, որպէսզի Սուրբ Պատարագի ընթացքում Յիսուս Քրիստոսից ընդունեն իրենց սէրը, իրենց անհունութիւնը, իրենց հրաշքը: Խնդրում եմ, մի մոռացէք սիրել Յիսուսին, ծնողներ՝ բերէ՛ք ձեր երեխաներին եւ դուք նույնպէս մասնակցէ՛ք Սուրբ Պատարագներին: Շնորհակալութիւն ձեզ, եւ շնորհաւորում եմ բոլորիդ: Ամէն»:
Սուրբ Պատարագի աւարտին երեխաները իրենց ժողովրդապետի եւ հիւրերի հետ միասին կիսեցին Սուրբ Հաղորդութեան համար պատրաստուած տորթը, այնուհետեւ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը երեխաներին բաժանեց Սուրբ Հաղորդութեան վկայականներ եւ խաչեր:
Դիւան՝ Առաջնորդութեան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց