«Աղութում եմ առ Հայր Աստված, որպեսզի իր շնորհքով այնպես անի, որ մենք հայերս այլևս ցեղասպանություն չապրենք, և ուրիշ ոչ մի ազգ ևս չտեսնի այն»:
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի ԱՄՆ կատարած Հովվական այցելությունը շարունակվում է: Ռաֆայել Պետրոս ԻԱ մայիսի 30-ին ժամանեց Ֆրեզնո քաղաք՝ տեղի առաջնորդ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի և Հայր Անտոն Վրդ. Նորատունկյանի ընկերակցությամբ, որտեղ հանդիպում ունեցավ Հայկական գաղութի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի Պատվո Հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ:
Հանդիպումը տեղի ունեցավ Ֆրեզնոյի համալսարանի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, որտեղ Ամենապատիվ Հոգևոր Տերը ծաղկեպսակ դրեց հայոց նահատակների անմահ հիշատակի կոթողի մոտ:
Արարողությանը ներկա էին Հայկական Ուսումնասիրության կենտրոնի տնորէն` Պրոֆեսոր Պարլո Տեր Մկրտիչյանը, Ֆրեզնոյի Ս. Երրորդություն Մայր Եկեղեցու Հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Աշոտ Աբղ. Խաչատուրյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հովիվ Հայր Կոմիտաս Զոհրաբյանը, Սբ. Պողոս Եկեղեցու հովիվ Հայր Եսայի Պետրոսը, Ֆրեզնոյի բժշկական առաքելության կառույցի անդամներ և Հ.Մ.Ը.Մ. «Սասուն» մասնաճյուղի սկաուտական ներկայացուցիչներ։
Հանդիպման ժամանակ Հյուպատոս Պերճ Աբգարյանը բարի գալուստի խոսք ուղղեց Հոգևոր Տիրոջը: Ապա Ռաֆայել Պետրոս ԻԱ շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին հիշեց, որ ինքը ցեղասպանությունից հետո այն առաջին սերունդն է, որը ապրել է զգացումը, թե ի՞նչ է նշանակում մեծանալ առանց մեծ հոր ու մեծ մոր։ «Աղութում եմ առ Հայր Աստված, որպեսզի իր շնորհքով այնպես անի, որ մենք հայերս այլևս ցեղասպանություն չապրենք, և ուրիշ ոչ մի ազգ ևս չտեսնի այն», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ։
Հանդիպման ավարտին Հոգևոր Տերը ներկաներին շնորհեց իր հայրական օրհնությունը։
Ժամը 5-ին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Հայրապետը այցելեց Ֆրեզնո քաղաքի Սուրբ Հովհաննես Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին տեղի առաջնորդ՝ Գերապայծառ Ջո Փրենին և վաստակավոր եպիսկոպոս Արմանտո Օչոայոն: Այնուհետև հատուկ հարցազրույց տվեց տեղական «Channel 24» կայանին, որի ժամանակ խոսեց հայերի ընդհանուր իրավիճակի մասին ու հատկապես ԱՄՆ Արևմտյան ափին նրանց ներկայության մասին, որտեղ ինքը ծառայել է երկար տարիներ, որպէս Հովիվ։ Հոգևոր Տերը միևնոյն տեղեկությունները տվեց Հայաստանի իրավիճակի մասին, քառասնօրյա պատերազմից հետո ու նաև Միջին Արևելքի Քրիստոնյաների իրավիճակի մասին։
Երեկոյան ժամը 7-ին, Ռաֆայել Պետրոս ԻԱ, լատինական Սուրբ Հովհաննեսի անվան Աթոռանիստ Եկեղեցում գլխավորեց Ժամերգության արարողությունը՝ մասնակցութեամբ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի, Լատին Եկեղեցու Ֆրեզնոյի Առաջնորդ` Ժոզեֆ Պրենընիի և Եկեղեցու Ժողովրդապետ Հայր Սել Գոնսալեսի, ներկայությամբ հայ հավատացյալների: Ժամերգության ավարտին տեղի ունեցավ Հոգևոր Տիրոջ և տեղի Եպիսկոպոսի միջև նվերների փոխանակում, ապա պատգամներ ու պատշաճ ընդունելություն, որին մասնակցեցին նաև Ֆրեզնոյի հայ ընտանիքները, որոնք առիթ ունեցան ողջունելու Ամենապատիվ Հոգևոր Տիրոջն ու լուսանկարվել նրա հետ:
Ֆրեզնոյում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ավարտին Հոգևոր Տերը և իրեն ընկերակցող շքախումբը ուղղվեցան Սան Խոսե քաղաք։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը