• Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ պատարագը Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում

    «Իմ աղոթքը, իմ մաղթանքը և իմ պատգամն է. սիրեցեք իրար ինչպես Քրիստոս մեզ սիրեց»:


    Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի առաջին Հայրապետական այցը դեպի ԱՄՆ շարունակվում է:

     

    2022թ. մայիսի 29-ին, Ամենապատիվ Հոգևոր Տերը Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում մատուցեց Հայրապետական Սուրբ Պատարագ` առընթերակայությամբ Հայր Ջոն Հենրի Հենսնի և Հայր Անտոն Վրդ. Նորատունկյանի։

     

    Պատարագին ներկա էին հանգստյան մեջ գտնվող կարդինալ Ռոճըր Մահոնին և Լոս Անջելեսի Արքեպիսկոպոս Խոսե Կոմեզին, Սան Ֆերնանդո շրջանի օժանդակ եպիսկոպոս Ալեխանդրո Ակլան, Լոս Անջելեսի առաջնորդ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ժողովրդապետ Գերյ. Մանուել Ծ.Վ. Բաղդասարյանը։

     

    Հոգևոր Տիրոջ Քարոզը

     

    Սուրբ Զոհի ընթացքին արտասանած իր քարոզում, Ամենապատիվ Հոգևոր Տերը նախ անգլերեն լեզվով շնորհակալություն հայտնեց պատվավոր հյուրերին, ապա գոհաբանություն մատուցեց Աստծուն իրեն շնորհած այս առիթի համար, նաև շնորհակալություն հայտնեց պատարագին մասնակցող հավատավոր ժողովրդին, որ «հավատարիմ մնաց եկեղեցուն և Քրիստոսին»:

     

    Կառչած մնալ ինքնությանն ու հավատարիմ լինել Քրիստոսին

     

    «Այստեղ ներկա եք, որպեսզի լսեք Աստծո խոսքը և ամրապնդվեք հույսի և սիրո մեջ, որ Աստծո գթությունը ներկա լինի յուրաքանչյուրիդ կյանքում», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ, ընդգծելով աշխարհում տիրող դժվարին օրերը՝ դրանք համարելով «անցումային շրջան», որտեղ հանդիպում ենք «մարդկության դեմ ուղղված կարգախոսների», «սակայն, ասաց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետը, մենք պետք է մնանք կառչած մեր ինքնությանը՝ վկայելու համար մեր պատկանելիությունը Քրիստոսին»։

     

    Բարի հովիվը

     

    «Իմ պարտականությունը, որպես Հայր, կայանում է Հիսուսի ինձ հանձնված առաքելության մեջ, որն է լինել Բարի Հովիվ, նմանվել Նրան ու շարունակել Նրա առաքելությունը, մի առաքելություն, որն ունի ձեզանից յուրաքանչյուրը։ Դուք էլ եք հովիվներ, հայրերը և մայրերը ընտանիքում հովիվներ են, որոնք պիտի զոհվեն իրենց զավակների համար, որպեսզի շարունակեն Քրիստոսի առաքելությունը», ի միջի այլոց ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը, ընդգծելով, որ «այս անելու համար պետք է հանձնվել Քրիստոսի նախախնամությանն ու ապավինել Աստվածամորը, որին նվիրված է մայիս ամիսը»։

     

    Ապավինել Աստվածամորը

     

    «Մեզանից յուրաքանչյուրն ունեցել է մի պահ, երբ աշխարհից անջատված եկել է Աստվածամոր հովանու տակ, զգալով նրա մայրական գուրգուրանքը և հաղթահարելով չարն ու դժվարությունները, և ամեն տեսակ անբարոյականություն, որն այսօր մեզ շրջապատում է», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ և քարոզը ավարտեց ընդգծելով, որ «Իմ աղոթքը, իմ մաղթանքը և իմ պատգամն է. սիրեցեք իրար ինչպես Քրիստոս մեզ սիրեց ։ Մեկդ մյուսի դեմքին տեսեք Քրիստոսի պատկերը»։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը խոսքը եզրափակեց Աստծո օրհնությունները հայցելով բոլոր ներկաների վրա ու նշելով, որ այսօրվա աղոթքը նվիրվում է ոչ միայն ներկաներին, այլ նաև բացականերին, հիվանդներին, մանուկներին և բոլոր նրանց, ովքեր ունեն Աստծո շնորհքի կարոտն ու պակասը»։

     

    Սուրբ Պատարագից հետո, եկեղեցու սրահում տեղի ունեցավ աջահամբույր, ապա պատշաճ հյուրասիրություն:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց