• Ջոկատաւարների համար կազմակերպուեց երկօրեայ դասընթաց «Աղաջանյան» կենդրոնում

    Առանց երեխաների հնարաւոր չէր լինի այդպէս սիրել մարդկութիւնը…
    Ֆեօդոր Դօստոեւսկի


    2022թ. յունիսի 4-ին եւ 5-ին, Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը երկօրեայ դասընթաց կազմակերպուեց ջոկատաւարների համար ի պատրաստութիւն ամառային ճամբարների: Նախապատրաստական դասընթացի համար նախօրոք հարցազրոյցի միջոցով ընտրուել էին 30-ից աւել ջոկատաւարներ Հայաստանի տարբեր համայքներից:

    Դասընթացին՝ բացման խօսքով հանդէս եկավ Աղաջանեան կենդրոնի տնօրէն Տէր Գրիգոր աւագ քհն. Մկրտչեանը, ով սկզբում ծանօթացաւ բոլորի հետ, այնուհետեւ ներկայացրեց ճամբարում գործող կարգ ու կանոնը, այն հոգեւոր եւ բարոյական արժէքները, որոնցով մինչեւ օրս առաջնորդւում է Աղաջանյան ճամբարը:

     

     

    Երեխաներին յիշարժան օրեր պարգեւելու համար ճամբարի կազմակերպչական խումբը փորձում է տարեցտարի աւելի կատարելագործել իր գործունէութիւնը:

     

    Այս տարի ջոկատաւարների վերապատրաստման դասընթացի համար յատուկ հրաւիրուել էին դասընթացավարներ, ովքեր գիտելիքների հարուստ պաշար փոխանցեցին մասնակից երիտասարդներին:

     

    Դասընթացավար Դաւիթ Մեջլումեանը դասախօսութիւն վարեց «Առաջնորդութիւն տասը մատի պէս» թեմայով՝ մանրամասն անդրադառնալով առաջնորդութեանը, թէ ինչպէ՞ս կարելի է մոտիվացնել եւ մոտիվացվել, տարբեր իրավիճակներում կառավարել էմոցիաները, լինել նախաձեռնող եւ պատասխանատու: Դասընթացի մասնակիցները ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին նաեւ կեանքին առնչուող այլ կարեւոր խնդիրներ՝ առաջարկելով լուծման իրենց տարբերակները:

     

    Երեխաների հետ աշխատելիս՝ ամենակարեւոր գործոններից մէկը յստակ պատկերացում ունենալն է մարդկային յարաբերութիւնների էթիկայի, մանկութեան հիմնահարցերի, հոգեկան առողջութեան, ինչպէս նաեւ բռնութեան հիմնախնդիրների մասին: Այս եւ այլ թեմաների խորքային վերլուծութեամբ եւ մանրակրկիտ բացատրութեամբ հանդէս եկաւ հոգեբան-հոգեվերլուծող Արմինէ Գմիւրը:

     

    Ծրագրի պատասխանատուներն իրենց խօսքում շեշտը դրեցին ճամբարում անընդունելի վարքականոնների, ջոկատավար-երեխայ փոխյարաբերութիւնների, ինչպէս նաեւ ճամբարային եւ ներջոկատային գրուած եւ չգրուած օրէնքների վրայ:

     

    Յիշեցնենք, որ այս տարի, «Աղաճանեան» կենդրոնում երեխաների ամառային հանգիստը կը մեկնարկի յուլիսի 1-ից եւ կը շարունակուի մինչեւ օգոստոսի 23-ը՝ վեց հերթափոխերով, այսպիսով, խոստանալով ամառային գունեղ, հետաքրքիր եւ իրադարձութիւններով լեցուն օրեր:

     

    Դիւան Առաջնորդութեան

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց