• Ոսկէ յոբելեան՝ Մայր Թերեզայի Գթութեան քոյրերի Սպիտակի տանը

    «Ծառայեցէ՛ք Տեառն ուրախութեամբ»:


    Երեքշաբթի, 2022 թուականի մայիսի 31-ին՝ Մայր Թերեզայի Գթութեան քոյրերի Սպիտակի տանը, մեծ շուքով նշուեց Առաքինազարդ քոյր Ժոզե Աննի Կրօնական ուխտադրութեան 50-ամեակը:

     

    Յիշեցնենք, որ Մայր Թերեզան Հայաստան է եկել 1988թ. երկրաշարժից յետոյ՝ աղէտից տուժածներին օգնելու համար: Գթութեան քոյրերը տներ են հիմնել Սպիտակում եւ Երեւանում: Սպիտակի տունը գտնւում է Իտալական կոչուող գիւղում՝ Սպիտակից դէպի Երեւան տանող ճանապարհին: Այստեղ քոյրերը խնամում են տարբեր հիւանդութիւններով տառապող եւ հաշմանդամութիւն ունեցող երեխաների ու չափահասների, որոնք մեծ մասամբ լքուած են ծնողներից, մի քանիսն էլ ծնողազուրկ են: Քոյրերը հոգում են նրանց բոլոր կարիքները, գումար հայթայթում ու տանում անհրաժեշտ վիրահատութիւնների, բժշկական օգնութեան, կազմակերպում են նրանց թերապեւտիկ, լոգոպեդական, հոգեբանական զարգացումը եւ, ամենակարեւորը, հոգեւոր կեանքը: Ամէն օր, նրանք մասնակցում են Սուրբ Պատարագի, կազմակերպւում են նաեւ այլ աղօթքներ, քրիստոնէական դասեր, երգեցողութեան ժամեր: Երեխաների մեծ մասը հասկանում, խօսում եւ աղօթում է ոչ միայն հայերէն, այլեւ՝ անգլերէն, որովհետեւ մանկուց լսել են քոյրերից եւ շփուել նրանց հետ:

     

    Հոգեւոր արարողութիւնը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով, ձեռամբ՝ Հայաստանում եւ Վրաստանում Պապական Նուիրակ Արհ. Տէր Ժոզէ Ավելինօ Արքեպս. Բեթանկուրի, առընթերակայութեամբ՝ Կովկասի լատինածէս կաթողիկէների Առաջնորդ Ջուզեպպէ Եպիսկոպոս Պազոտտոյի եւ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչ Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

     

    Հոգեպարար արարողութեանը ներկայ էին հոգեւոր դասը եւ Անարատ Յղութեան հայ քոյրերը, ինչպէս նաեւ բազում հաւատացեալներ: Պատարագիչ Արքեպիսկոպոսն իր քարոզում ասաց հետեւեալը.

    «Արհիապատի՛ւ Եպիսկոպոս Պազոտտօ, Գթութեան սիրելի՛ քոյրեր, սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

    Այսօր նշում ենք մեր Տեր Յիսուս Քրիստոսի Մայր՝ Սուրբ Կոյս Մարիամի Այցելութիւնը Եղիսաբեթին: Յիշում ենք այն պահը, երբ Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը՝ այցելելու իր զարմուհի Եղիսաբեթին, քանի որ Գաբրիէլ հրեշտակապետը Սուրբ Կոյսին յայտնել էր, որ նրա ազգական Եղիսաբեթը՝ լինելով  առաջացած տարիքում, հրաշքով յղիացել էր: Այսօրուայ տօնակատարութիւնը լի է ուրախութեամբ, որ բխում է Աստծոյ փրկարար սիրուց: Մենք տօնում ենք Աստծոյ խօստման իրականացումը: Մենք ցնծութիւն ենք ապրում, քանի որ սա եւս մէկ անգամ վկայում է մեր նկատմամբ Տիրոջ սէրը: Աստծոյ փրկարար սէրը տարածուում է տառապանքներով եւ խաւարով պատուած այս աշխարհում:

     

    Տէրն Իր փրկչագործութիւնը բացայայտեց մի խոնարհ կնոջ միջոցով, ով այցելութեան էր գալիս իր տարեց ազգականին:

     

    Աստուած Յիսուս Փրկչին ուղարկեց՝ որպէս որդի Սուրբ Կոյս Մարիամի: Մարիամը խոնարհ եւ ոչ յայտնի կին էր՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից: Ոչ ոք երբեւէ չէր կարող պատկերացնել, որ Մարիամը պէտք է լիներ այն կինը, ով երկրին բերելու էր Աստծոյ փրկութիւնը: Աստուած աշխարհ եկաւ ո՛չ որպէս հզօր նուաճող կամ յաղթանակած Թագաւոր, այլ՝ որպէս խոնարհ Մանուկ, ում լոյս աշխարհ բերեց համեստ մի կին՝ հասարակ եւ անյայտ մի քաղաքից: Սա վկայութիւնն է այն բանի, որ Աստուած Իր գործերը չի իրագործում մարդկային ուժի կամ հզօրութեան միջոցով:

     

    Անքննելին են Աստծոյ ուղիները: Ճիշտ այսպէս է Աստուած գործում Իր հրաշքները եւ իրականացնում մեր բոլորի փրկութիւնը: Աստուած ամէն ինչ անում է, որպէսզի մենք բոլորս փրկուենք եւ արժանանանք յաւիտենական կեանքին:

     

    Այսօրուայ աւետարանական ընթերցուածում լսեցինք Մարիամի խօսքերը: Գոհաբանական այս խօսքերը լսելիս՝ հասկանում ենք, որ Մարիամը լցուած է Սուրբ Հոգու շնորհներով: Գոհաբանական այս երգը յայտնի է Մարիամի Օրհներգութիւն անուամբ: Սա գովեստի եւ փառաբանութեան, գոհաբանութեան եւ Աստծուն հնազանդութեան հիասքանչ մի օրհներգ է, որում Մարիամը ներկայացնում է այն մեծամեծ գործերը, որ Աստուած արել է մեզանից իւրաքանչիւրի համար: Այստեղ գովաբանւում է Աստծոյ սէրը եւ հաւատարմութիւնը մեզ: Տերը երբեք մեզ չի լքում, երբ կարիքի մէջ ենք, այլ, տալիս է այն ամէնը, ինչի կարիքն ունենք:

     

    Աստծոյ բազմաթիւ ընծաներից ամենամեծը Նրա Որդու՝ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի զոհաբերութիւնն է: Այսօրուայ տօնակատարութեանը՝ մենք նշում ենք Աստծոյ ներկայութիւնը մեր մէջ: Երկու յղի կանայք՝ Մարիամը եւ Եղիսաբեթը, զգում են իրենց երեխաների ցնծութիւնը: Եթէ իմանայինք մեր հանդէպ Աստծոյ խորհրդաւոր սիրոյ չափը, ապա, մենք նոյնպէս ցնծութիւն կապրէինք: Տէրը, ով սիրում եւ ապահովում է մեզ՝ դառնում է մեր ուրախութեան եւ երջանկութեան աղբիւրը:

     

    Այսօր առանձնայատուկ օր է, որը մեզ մէկտեղ է բերել՝ նշելու քոյր Ժոզէ Աննի Կրօնական ուխտադրութեան 50-րդ տարեդարձը: 1972 թուականի մայիսի 13-ին՝ Կալկաթայում, քոյր Ժոզէ Աննը իր հաստատակամութիւնը եւ հաւատարմութիւնը յայտնեց Գթութեան քոյրերի համայնքի առջեւ: Այս 50 տարիների ընթացքում, քոյր Ժոզէ Աննը անսասան հաւատարմութեամբ ծառայել է տարբեր երկրներում եւ բազում իրավիճակներում՝ ստանձնելով տարբեր պարտականութիւններ, ի թիւս որոնց՝ եղել է Տարածաշրջանային Մեծաւորուհի: Արդէն 10 տարի է, ինչ նա Հայաստանում է, եւ, այս նուիրման համար երախտապարտ ենք նրան եւ Աստծուն: Անկասկած, այս 50 տարիների ընթացքում, քոյր Ժոզէ Աննը ապրել է ինչպէս լաւ, այնպէս էլ վատ ժամանակներ, որոնք սիրով նուիրել է Տիրոջը: Այսօր մեր շնորհակալութիւնն ենք յայտնում Աստծուն՝ Տիրոջ եւ քոյր Ժոզէ Աննի հաւատարմութեան համար: Շնորհակալութի՛ւն, քոյր Ժոզէ Անն:

     

    Եկէ՛ք հաստատուն մնանք մեր հաւատքի եւ յոյսի մէջ՝ քաջ գիտակցելով, որ Աստուած միշտ հետեւում եւ պաշտպանում է մեզ՝ տալով այն ամէնը, ինչի կարիքն ունենք: Ջանա՛նք էլ աւելի նուիրվել եւ մօտ լինել Տիրոջը՝ նորոգուած կամքով եւ խիզախութեամբ:

     

    Թո՛ղ որ Աստուած մեր բոլորի հետ լինի այժմ եւ միշտ: Ամէն»:

     

    Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին՝ իր շնորհաւորական խօսքը յղեց նաեւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը.

    «Արհիապատիւ եպիսկոպոսներ, հոգեւոր հայրեր, առաքինազարդ քոյրեր եւ յարգելի ներկաներ,

    Թոյլ տուէք ի սրտէ շնորհաւորել Առաքինազարդ քոյր Ժոզէ Աննին՝ իր Կրօնական ուխտադրութեան 50-ամեակի առթիւ: «Մեր արածը պարզապէս մի կաթիլ ջուր է ովկիանոսում: Բայց եթէ այդ կաթիլը չլինէր, կարծում եմ՝ ովկիանոսը կը զգար դրա պակասը»,- ասում էր Մայր Թերեզան: Քրիստոսին ծառայելը միայն խօսքով չի սահմանափակւում: Այն իր մէջ որքան ուրախութիւն ու քաղցրութիւն, այնքան էլ դառնութիւն եւ դժուարութիւն է պրունակում: Այսօր Գթութեան քոյրերի առաքելութիւնը վկայում է այն մասին, որ Աստուած Սէր է եւ գործում է մեր մէջ: Պէտք է հաւատանք, որ մեծ սիրով արուած նոյնիսկ ամենափոքր գործերը գնահատւում են մեր Տէր Յիսուս Քրիստոսի կողմից:

     

    Սիրելի՛ քոյր Ժոզէ Անն, մաղթում եմ բեղուն առաքելութիւն, ուժ եւ կորով՝ համբերութեամբ ծառայելու այն մարդկանց, ովքեր ձեր կարիքն ունեն: Թող Ամենակարող Աստուած իր առատ շնորհներով լիացնի Ձեզ»:

     

    Սուրբ Պատարագից յետոյ, բոլոր ներկաները հաւաքուեցին ագապէի սեղանի շուրջ:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

     

Օրացույց

Օրացույց