• Տարեցների խոցելիությունը սովորեցնում է բոլորին վստահել Աստծուն

    Ծերությունը բոլորի համար է, ուստի մենք պետք է տարեցների հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանանք, որ ուրիշները վերաբերվեն մեզ ծերության ժամանակ:


    Հունիսի 1-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները ծերության մասին և ասաց, որ անհրաժեշտ է «քաղաքական և հասարակական բարեփոխում», որը չի անտեսի ծերերին ու հիվանդներին։

     

    Նորին Սրբությունը մեկնաբանելով 70-րդ Սաղմոսն ասաց, որ տարեցների փխրունությունն ու խոցելիությունը հաճախ դառնում է «խաբեության, իշխանության չարաշահման և ամբարտավանության առիթ» տարեցների նկատմամբ: «Աղբի մշակույթի» նման դաժան դրսևորումներ, ցավոք, պատահում են նաև ընտանիքներում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Այդ իսկ պատճառով ողջ հասարակությունը «պետք է անհապաղ հոգ տանի իր ծերերի մասին, որոնց թիվը գնալով շատանում է»։ Տարեցների սոցիալական անտեսման հետևանքները «ճակատագրական» են, ընդգծեց Նորին Սրբությունը, քանզի ծերությունը զրկվում է իր բնածին արժանապատվությունից: «Մենք բոլորս էլ մեր խոցելիությունը, հիվանդությունները, տարիքը, մեր ծերությունը թաքցնելու գայթակղություն ունենք, քանզի վախենում ենք, որ դրանք կդառնան արժանապատվության կորստի նախերգանք», – ասաց Սրբազան Քահանայապետը:

    Տարիների ընթացքում իմաստացած 70-րդ սաղմոսի հեղինակը «իր ծերությունն ընկալում է որպես պարտություն», սակայն իր հույսը  վերագտնում է Տիրոջ մեջ և ի սրտե դիմում Աստծուն։ Տարեցները կրկին բացահայտում են աղոթքի զորությունը և վկայում դրա մասին: Իսկապես, Ավետարանում Հիսուս երբեք չի անտեսում նրանց աղոթքները, ովքեր օգնության կարիք ունեն, հիշեցրեց Նորին Սրբությունը: Տարեցները խոցելի են, այդ իսկ պատճառով նրանք կարող են իրենց բնորոշ «խոցելիության ուսմունքով» կիսվել այլ տարիքի մարդկանց հետ. մեզանից յուրաքանչյուրը պետք է վստահի Տիրոջը և աղոթի Նրա օգնության համար:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, տարեցների այս  ուսմունքը կարևոր հորիզոններ է բացում մեր քաղաքակրթության բարեփոխման համար՝ որպես համընդհանուր բարեկեցություն, քանզի ծերության հայեցակարգային և գործնական մարգինալացումը քայքայում է կյանքի բոլոր ժամանակաշրջանները, ընդգծեց Նորին Սրբությունը և կոչ արեց հավատացյալներին մտածել տարեց հարազատների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին. արդյո՞ք հիշում, այցելու՞մ և հարգո՞ւմ ենք նրանց։

     

    Ծերությունը բոլորի համար է, ուստի մենք պետք է տարեցների հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանանք, որ ուրիշները վերաբերվեն մեզ ծերության ժամանակ: Տարեցները մարդկության հիշողությունն ու իմաստությունն են, խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց