• Ղազանչիի նորակառոյց Սուրբ Յովսէփ Հայ Կաթողիկէ եկեղեցում կատարուեց զանգի օծման կարգ

    «Գաբրիէլէան փողն գոչէ, սուրբք ամենայն անդր հաւաքին»:
    Սբ. Ներսէս Շնորհալի


    2022թ. յունիսի 1-ին Ղազանչի գիւղում կատարուեց նորակառոյց Սուրբ Յովսէփ հայ կաթողիկէ եկեղեցու զանգի օծման կարգը՝ ձեռամբ Գերհ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանի, Արժ. Տէր Յովսէփ Քհն. Գալստեանի եւ Արժ. Տէր Նարեկ քհն. Թադեւոսեանի: Հոգեպարար այս արարողութեանը ներկայ էին նաեւ գիւղի հաւատաւոր ժողովուրդը:

    Գերհ. Հայր Գառնիկը իր ուրախութիւնն յայտնեց եկեղեցու զանգի օծման առթիւ, նշելով, որ եւս մէկ քայլով մօտեցանք եկեղեցու բացմանը, որը կամուրջ պէտք է դառնայ հաւատացեալների եւ Աստծոյ միջեւ:

    «Սիրելինե՛րս, Հայաստանում զանգերը լայն տարածում են գտել 10-րդ դարի երկրորդ կէսից, եւ այսօր էլ դրանք անբաժան են Հայ եկեղեցու ծիսակատարութիւններից:

    Եկեղեցական ծիսակարգում զանգի նպատակն է բոլոր հաւատացեալ ժողովրդին եկեղեցի հրաւիրելը, միաժամանակ այն խորհրդանշում է հրեշտակների փողը, որը յարութիւն առած բոլոր մարդկանց հրաւիրում է Աստծոյ ահեղ ու արդար դատաստանին (հմմտ. (Յայտն. 8։2): Սուրբ Ներսէս Շնորհալին այն անուանում է «գաբրիէլեան փող»»:

    Յիշեցնենք, որ Ղազանչիի եկեղեցու կառուցումը մեկնարկել է 2020թ,՝ այն ժամանակ թեմի Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արք. Մինասեանի ջանքերով եւ կաթողիկէ միջազգային կառոյցների հովանաւորութեամբ: Շինարարական աշխատանքների հիմնական մասն աւարտուած է, այժմ ընթանում են ցանկապատման աշխատանքները, ինչպէս նաեւ եկեղեցու ներքին վերջնական յարդարումը եւ Սուրբ Խորանի կառուցումը: Նախատեսւում է, որ Եկեղեցին պատրաստ կը լինի մինչեւ սոյն թուականի օգոստոս ամիսը:

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

     

Օրացույց

Օրացույց