Նորին Սրբությունը կաղոթի խաղաղության համար:
Սուրբ Կույս Մարիամին նվիրված մայիս ամսվա վերջին օրը՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սանթա-Մարիա-Մաջորե բազիլիկայում կգլխավորի Սուրբ Վարդարանի աղոթքը։ Նորին Սրբությունը կաղոթի խաղաղության համար Մարիամի Regina Pacis արձանի առջև (Խաղաղության Թագուհի): Բենեդիկտոս XV Պապի խնդրանքով այս արձանը կառուցվել է 1918թ.: Այս արձանի առջև են հավատացյալներն աղոթել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի համար:
Աղոթքի սկզբին՝ երեկոյան ժամը վեցին, Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ կդնի Տիրամոր արձանի առջև, նրա հետ միասին կաղոթեն Աստծո Ժողովրդի ներկայացուցիչները. Առաջին Հաղորդությունն ընդունած երեխաներ, ուկրաինական ընտանիքներ, եկեղեցական երիտասարդական շարժումների անդամներ, Վատիկանի ոստիկանությունը և Հայրապետական պահակագունդը, հռոմեական ծխականներ և Հռոմեական Կուրիայի անդամներ: Նոր ավետարանացման օժանդակության Հայրապետական խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է. «Ի նշան մտերմության նրանց հետ, ովքեր բոլորից շատ են տառապում ներկայիս ողբերգական իրադարձությունների պատճառով»: Սուրբ Վարդարանի աղոթքները հերթով կկարդան ուկրաինացի ընտանիքը, մարդիկ, ովքեր պատերազմում ունեն զոհեր, ինչպես նաև զինվորական քահանաները։
Մայիս ամսվա աղոթքի առանձնահատկությունը կլինի ամբողջ աշխարհի Մարեմյան միջազգային սրբավայրերի առցանց մասնակցությունը, հատկապես այն սրբավայրերի, որոնք գտնվում են պատերազմի, քաղաքական անկայունության և բռնության կենտրոնում: Հռոմում կայանալիք Վարդարանի աղոթքի ուղիղ հեռարձակմանը կմիանան Ուկրաինայի Տիրամոր Զարվանիցայի սրբավայրը, Իրաքի Տիրամոր Փրկության սրբավայրը, Սիրիայի Տիրամոր Խաղաղության Եկեղեցին, Արաբիայի Մարիամ Թագուհու Եկեղեցին Բահրեյնում: Նրանց հետ միասին խաղաղության համար կաղոթեն Չեստոխովայի, Նոկայի, Լորետոյի, Մեխիկոյի, Լուրդի սրբավայրերի հավատացյալները:
Նոր ավետարանացման օժանդակության Հայրապետական խորհուրդը աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հավատացյալներին կոչ է անում հետևել և Սրբազան Քահանայապետի հետ միասին աղոթել Խաղաղության Տիրամորն ուղղված Վարդարանի ջերմեռանդական աղոթքը։