• Տիրոջից խաղաղության Հոգի խնդրենք

    Ի՞նչ խաղաղություն է, որի մասին աշխարհը չգիտի, սակայն Տերը տալիս է մեզ: Այդ խաղաղությունը Սուրբ Հոգին է, հենց Հիսուսի Հոգին է:


    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը՝ «Երկնային Թագուհի» աղոթքն արտասանելուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց այն պատվիրանի մասին, որը Հիսուս պատգամեց Իր աշակերտներին՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ նրանց հրաժեշտ տալիս. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հվհ. 14,27):

     

    Հիսուսի խոսքերն արտահայտում են սեր և հանգստություն, թեև այդ պահը հեռու էր խաղաղ լինելուց, պարզաբանեց Նորին Սրբությունը. Հուդան դուրս էր եկել Հիսուսին դավաճանելու համար, Պետրոսը ուր որ է կուրանար և գրեթե բոլորը կլքեին Իրեն: Տերը այդ ամենը գիտի, սակայն ոչ ոքի չի հանդիմանում: Անհանստանալու փոխարեն Նա մինչև վերջ խոնարհ է մնում: Նման մի ասացվածք կա. ինչպես մարդն ապրում է, այնպես էլ մեռնում է, շարունակեց Սրբազան Քահանայապետը։ Հիսուսի կյանքի վերջին ժամերը ամփոփում են Նրա կյանքի ամբողջ էությունը: Նա զգում է վախ ու ցավ, սակայն չի դառնանում կամ զայրանում, Նա խաղաղության մեջ է, այն խաղաղության, որը բխում է Նրա խոնարհ սրտից, որը հույսով լի է, քանզի անհնար է խաղաղություն թողնել ուրիշներին, եթե այն իրականում չկա հենց քո մեջ, հավելեց Նորին Սրբությունը:

     

    Խաղաղություն եմ թողնում ձեզ. ամենադժվար պահին խոնարհ մնալով՝ Հիսուս ցույց է տալիս, որ դա հնարավոր է: Նա ցանկանում է, որ մենք նույնպես այդպես վարվենք, քանի որ մենք Նրա խաղաղության ժառանգներն ենք: Հիսուս մեզ կոչ է անում լինել խոնարհ, սրտաբաց և միշտ լսել ուրիշներին, թուլացնել լարվածությունը և ներդաշնակություն կառուցել, ասաց Սրբազան Քահանայապետը, ընդգծելով, որ հենց դա է լինելու մեր վկայությունը Հիսուսի մասին, և այն ավելին է, քան բազմաթիվ խոսքերը կամ քարոզները: Հարցնենք ինքներս մեզ, ասաց Նորին Սրբությունը, թե արդյո՞ք մենք փորձում ենք թուլացնել լարվածությունը, հաղթահարել հակամարտությունները, իրավիճակներին արձագանքել առանց բարկության:

     

    Իհարկե, այդ խոնարհությունը հեշտությամբ չի տրվում, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Որքա՜ն ջանք է պահանջվում ներդնել բոլոր մակարդակներում հակամարտությունները հաղթահարելու համար: Այստեղ մեզ օգնության է գալիս Հիսուսի երկրորդ արտահայտությունը. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Հիսուս գիտի, որ մենք ինքներս չենք կարող խաղաղություն պահպանել, որ մենք օգնության, պարգևի  կարիք ունենք: Խաղաղությունը, որին մենք պետք է ձգտենք, ամենից առաջ Աստծո պարգև է: Դրա համար էլ Հիսուս ասում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս»: Սա ի՞նչ խաղաղություն է, որի մասին աշխարհը չգիտի, սակայն Տերը տալիս է մեզ: Այդ խաղաղությունը Սուրբ Հոգին է, հենց Հիսուսի Հոգին է: Դա Աստծո ներկայությունն է մեր մեջ, դա Աստծո «խաղաղության ուժն է»: Հենց Սուրբ Հոգին է, որ զինաթափում է սիրտը և լցնում խաղաղությամբ»: Սուրբ Հոգին է, որ հանդարտեցնում և կասեցնում է ուրիշների վրա հարձակվելու գայթակղությունը: Հենց Սուրբ Հոգին է հիշեցնում մեզ, որ մեր կողքին մեր եղբայրներն ու քույրերն են, այլ ոչ թե մեր հակառակորդները: Հենց Սուրբ Հոգին է մեզ ներելու, ամեն ինչ նորից սկսելու զորություն տալիս, քանի որ մենք ինքներս մեր ուժերով չենք կարող դա անել: Հենց Սուրբ Հոգու հետ ենք մենք դառնում մարդիկ, ովքեր խաղաղություն են կերտում:

     

    Մենք պետք է անդադար խնրենք Սուրբ Հոգուն, որպեսզի մեզ խաղաղություն պարգևի, քանզի որքան շատ ենք մենք անհանգստանում, անհամբերություն կամ բարկություն դրսևորում, «այնքան շատ պետք է Տիրոջից խաղաղության Հոգի խնդրենք»:

     

    «Եկե՛ք սովորենք ամեն օր ասել. «Տե՜ր, ինձ տու՛ր Քո խաղաղությունը, ինձ տու՛ր Քո Սուրբ Հոգին»: Եկե՛ք խնդրենք նրանց համար, ովքեր ապրում են մեր կողքին և պետությունների ղեկավարների համար: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ընդունել Սուրբ Հոգուն, որպեսզի մենք կարողանանք խաղաղարարներ դառնալ», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց