Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեն նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ:
Երեքշաբթի, 2022 թվականի մայիսի 17-ին հրապարակվեց, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի միաբանության անդամ և Ամերիկայի Միացյալ Նահանգների Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ` Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեն նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ։
Ստորև ձեզ ենք ներկայացնում Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեի կենսագրականը.
ԳԵՐՊ. ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԲԱՍՍԱԼԵ
Ծննդյան տարեթիվ՝ 1969
Ծննդյան վայր՝ Բեյրութ, Լիբանան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1987-1988թթ.
Սկսել է հաճախել Փոքր Նորընծայարան Սիրիայի Հալեպ քաղաքում, ապա, ուսումը շարունակել է Հալեպի Համալսարանում:
1988-1989թթ.
Սկսել է հաճախել Զմմառի (Լիբանան) Փոքր Նորընծայարան՝ ի պատրաստություն Հռոմի Քահանայապետական Լևոնյան Վարժարանում ուսանելու:
1989-1997թթ.
Սովորել է Հռոմի Քահանայապետական Գրեգորյան Համալսարանի Փիլիսոփայության և Աստվածաբանության ֆակուլտետում: Նույն տարիներին սովորել է նաև Լիբանանում՝ Հարիսսայի Սբ. Պողոս Ինստիտուտում: Այս տարիներին, ուսումը ստացել է իտալերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:
Տիրապետում է հայերեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբեր 21, 1997թ.
Բեյրութում ստացել է քահանայական աստիճանը՝ ձեռամբ Ամեն. և Գերերջ. Տ.Տ. Հովհաննես Պետրոս 19-րդ Գասպարյան Կաթողիկոս-Պատրիարքի:
Մի քանի ամիս Բեյրութի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում՝ որպես փոխժողովրդապետ ծառայելուց հետո, ուղարկվել է ծառայության Հայաստան և Վրաստան:
1998-2000թթ.
Որպես միսիոներ ծառայել է Հայաստանում և Վրաստանում: Ծառայության առաջին ամիսներին աշխատել է Գյումրու Փոքր Նորընծայարանում՝ որպես փոխտեսուչ: Միևնույն ժամանակ, պատարագներ է մատուցել Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում, այնուհետև, տեղափոխվելով Հեշտիա՝ նշանակվել է Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի Հայ Կաթողիկէ ութ գյուղերի ժողովրդապետ:
2000-2002թթ.
Լիբանանի Զմմառի վանքում եղել է Մարդկային ռեսուրսների կառավարիչ, ինչպես նաև Վանքի և Ճեմարանի ներքին գործերի և անձնակազմի կառավարման հարցերով պատասխանատու:
2002-2007թթ.
Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ծառայել է որպես Հայ Կաթողիկէների ժողովրդապետ:
2007-2008թթ.
Լիբանանի Զմմառի վանքի Փոքր Նորընծայարանի տեսուչ:
2009-2014թթ.
Ծառայության է նշանակվել Հարավային Նյու Ջերսիի և Փենսիլվանիայի Հայ Կաթողիկէ համայնքներում: Եղել է Ֆիլադելֆիայի Սբ. Մարկոս Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ժողովրդապետ:
2014թ. – Օգոստոս, 2018թ.
Ժողովրդապետ՝ ԱՄՆ, Միչիգանի նահանգի, Դետրոյթի շրջանի Սուրբ Վարդան Հայ Կաթողիկէ Եկեղեցում:
Օգոստոս, 2018թ. – մինչ օրս
Ծառայության է նշանակվել ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի, Բոստոնի Հայ Կաթողիկէ համայնքում:
Ժողովրդապետ՝ ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի, Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում:
Դիվան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության