• Պաշտոնական այցելություններ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքին

    Թող որ հակամարտությունները և լարվածությունները լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով, այլ ոչ թե զենքի և ուժի կիրառմամբ:


    Երկուշաբթի, մայիսի 9-ին՝ Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը ընդունեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանին:

    Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային և ազգային հարցեր, ի թիվս որոնց՝ Հայաստան-Սփյուռք կապերը և համագործակցության ծրագրերը:

     

    Երեքշաբթի, մայիսի 10-ին՝ Ամենապատիվ Հոգևոր Տերը ընդունեց Ֆրանսիայի Եպիսկոպոսական համահավաք դասի պատվիրակության անդամներին, գլխավորությամբ՝ նախագահ Գերապայծառ Էրիկ դը Մուլեն-Բոֆորի: Պատվիրակությունը մայիսի 8-ից 12-ը գտնվելու է Լիբանանում և հանդիպումներ է ունենալու տեղի Պատրիարքների և քրիստոնյա համայնքների հետ:

     

    Եպիսկոպոսները, մայիսի 9-ին, հատուկ աղոթք կատարեցին Բեյրութի նավահանգստում, որտեղ 2020 թվականի օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել հուժկու պայթյուն:

     

    Պատվիրակության մաս էր կազմում նաև «l’Œuvre d’Orient»-ի Ընդհանուր տնօրեն Գերապայծառ Պասկալ Գոլլնիշը:

     

    Ֆրանսիայի Եպիսկոպոսական համահավաք դասի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիբանանի ընդհանուր կացությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Հայ Կաթողիկէ համայնքի, նրա կառույցների, դպրոցների և խնամքի կենտրոնների վիճակը:

     

    Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաև Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին և վերջերս Կաթողիկոս Պատրիարքի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցին: Պատվիրակության անդամները մտահոգություն հայտնեցին Արցախի գրավյալ շրջաններում իրականացվող մշակութային և կրոնական ժառանգության կործանման, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը միշտ զորավիգ լինել հայ ժողովրդին, Հայաստանին և Միջին Արևելքում ապրող քրիստոնյաներին: Եպիսկոպոսների մաղթանքն էր, որ հակամարտությունները և լարվածությունները լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով, այլ ոչ թե զենքի և ուժի կիրառմամբ:

     

     

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

Օրացույց

Օրացույց