• Խաղաղությունը բոլորի գլխավոր պարտականությունն է

    Եկե՛ք թույլ տանք, որ Քրիստոսի խաղաղությունը հաղթի մեզ:


    Ապրիլի 17-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը աշխարհի բոլոր քրիստոնյաներին շնորհավորեց Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ: Ուկրաինայի պատերազմը վշտի հետք է թողնում այս տարվա Զատիկի տոնակատարության վրա, նշեց Նորին Սրբությունը քաղաքին ու աշխարհին ուղղված իր ուղերձում և հորդորեց «վերջ տալ մկանների ցուցադրմանը, քանի դեռ մարդիկ տառապում են»:

     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի զատկական ուղերձն ամբողջությամբ.

     

    Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, շնորհավորում եմ ձեզ Քրիստոսի հրաշափառ Սուրբ Զատիկի առթիվ:

     

    Խաչյալ Հիսուսը հարյավ: Նա գնում է նրանց մոտ, ովքեր տանը փակված սգում են՝ լի վախով և կարոտով: Նա նրանց ասում է. «Խաղաղությու՜ն ձեզ» (Հվհ. 20,19): Նա ցույց է տալիս ձեռքերի, ոտքերի և կողի վերքերը. ուրվական չէ, Նա է, այդ նույն Հիսուսը, Ով մահացավ Խաչի վրա և թաղվեց: Ի պատասխան աշակերտների անհավատ հայացքների՝ Նա կրկնում է. «Խաղաղությու՜ն ձեզ» (տես՝ Հվհ. 20,21):

     

    Այս Զատիկը մենք տոնում ենք պատերազմի ամենաթեժ պահին. մենք չափազանց շատ արյուն ենք տեսել, չափազանց շատ բռնություն: Մեր սրտերը նույնպես լի են վախով և կարոտով, մինչդեռ մեր եղբայրներից ու քույրերից շատերը ստիպված են թաքնվել տներում՝ փորձելով փրկվել ռումբերից: Մեզ դժվար է հավատալ, որ Հիսուսն իսկապես հարություն առավ, որ Նա իսկապես հաղթեց մահին: Միգու՞ցե սա պատրանք է կամ մեր երևակայության պտու՞ղը։

     

    Սակայն սա պատրանք չէ: Այսօր, առավել քան երբևէ, հնչում է զատկական ավետիսը. «Քրիստոս հարյավ։ Իսկապես հարյավ»: Այսօր՝ Մեծ Պահքի ավարտին, որը կարծես թե չի ցանկանում ավարտվել, մենք Տիրոջ կարիքն ունենք առավել քան երբևէ։ Իր ծանր հետևանքներով հետևում մնացին համավարակի երկու տարիները: Արդեն թունելից դուրս գալու ժամանակն է՝ միասին, ձեռք ձեռքի տված, միավորելով մեր ուժերն ու ռեսուրսները… Բայց փոխարենը մենք ցույց ենք տալիս, որ մեր մեջ դեռ կենդանի է Կայենի ոգին, ով Աբելին նայում է ոչ թե որպես եղբոր, այլ որպես մրցակցի և մտածում, թե ինչպես սպանի նրան։ Մենք Հարուցյալ Խաչյալի կարիքն ունենք՝ սիրո հաղթանակին հավատալու, հաշտության հույս ունենալու համար: Այսօր, առավել քան երբևէ, մենք Նրա կարիք ունենք, որպեսզի գա մեզ մոտ և նորից ասի. «Խաղաղությու՜ն ձեզ»:

     

    Միայն Նա կարող է դա անել: Այսօր միայն Նա խաղաղություն հռչակելու իրավունք ունի, քանզի Նա Իր մեջ կրում է մեր վերքերը: Նրա այդ վերքերը մերն են. նախ, որովհետև մենք ենք դրանք պատճառել Նրան մեր մեղքերով, սրտի կարծրությամբ, եղբայրասպան ատելությամբ: Երկրորդ, քանի որ Նա կրում է դրանք մեզ համար, Նա չի ջնջել դրանք Իր փառավոր Մարմնից, Նա ցանկացավ պահել դրանք և հավիտյան կրել իր վրա: Այս վերքերը Նրա սիրո անջնջելի դրոշմն ու անդադար բարեխոսությունն են մեզ համար, որպեսզի մեր Երկնային Հայրը տեսնի դրանք և ողորմի մեզ ու համայն աշխարհը: Հարուցյալ Հիսուսի մարմնի վերքերը նշան են այն ճակատամարտի, որը մեր փոխարեն Նա մղեց և հաղթեց սիրո զենքերով, որպեսզի մենք խաղաղություն ունենանք, խաղաղ լինենք, խաղաղ ապրենք:

     

    Այդ փառավոր վերքերին նայելով՝ մեր անհավատ աչքերն ու կարծրացած սրտերը բացվում են և թույլ տալիս, որ զատկական պատգամը մուտք գործի. «Խաղաղությու՜ն ձեզ»:

     

    Եկե՛ք թույլ տանք, որ Քրիստոսի խաղաղությունը մտնի մեր կյանք, մեր տներ, մեր երկրներ:

     

    Թո՛ղ խաղաղություն լինի տանջված Ուկրաինայում, որը մեծապես տառապում է դաժան ու անիմաստ պատերազմի բռնություններից և ավերածություններից, որին ներքաշվել է: Թո՛ղ հույսի մի նոր արշալույս բացվի տառապանքի և մահվան այս սարսափելի մշուշի վերևում: Թող ընտրություն կատարվի օգուտ խաղաղության։ Վերջ տվե՛ք մկանների ցուցադրմանը, քանի դեռ մարդիկ տառապում են: Խնդրում եմ, եկե՛ք չհամակերպվենք պատերազմի հետ, եկե՛ք բոլորս միասին խաղաղության կոչ անենք: Թո՛ղ երկրների քաղաքական առաջնորդները լսեն ժողովրդի խաղաղության ճիչը։ Թո՛ղ նրանք ուշադրություն դարձնեն այս մտահոգիչ հարցին, որը առաջադրել են գիտնականները գրեթե յոթանասուն տարի առաջ. «Արդյո՞ք մենք պետք է ոչնչացնենք մարդկային ցեղը, թե՞ մարդկությունը կկարողանա հրաժարվել պատերազմներից» (Ռասել- Էյնշտեյնի հրովարտակ, հուլիսի 9, 1955թ.)։

     

    Իմ սրտում են ուկրաինացի ժողովրդի բազմաթիվ զոհերը. միլիոնավոր փախստականներ և ներքին տեղահանվածներ, իրարից բաժանված ընտանիքներ, մենակ մնացած ծերեր, խորտակված կյանքեր և երկրի երեսից ոչնչացված քաղաքներ: Աչքերիս առաջ են պատերազմից փախած որբ երեխաների հայացքները: Նրանց նայելով՝ մենք չենք կարող չլսել նրանց ցավի ճիչը, ինչպես նաև ամբողջ աշխարհում տառապող շատ այլ երեխաների աղաղակը, ովքեր մահանում են սովից, բռնությունից և իրենց նկատմամբ վատ վերաբերմունքից, ովքեր զրկված են ծնվելու իրավունքից:

     

    Սակայն պատերազմի այս վշտերի ու տառապանքների մեջ կան հուսադրող նշաններ, որ Եվրոպայում շատ ընտանիքներ և համայնքներ բացել են իրենց դռները գաղթականների և փախստականների առաջ: Թո՛ղ ողորմածության այդ մեծաթիվ գործերը օրհնություն դառնան մեր համայնքների համար, որոնք երբեմն կազմալուծվում են եսասիրության ու անհատապաշտության պատճառով, և օգնեն, որ դրանք հյուրընկալեն բոլորին:

     

    Հակամարտությունն Եվրոպայում ստիպում է մեզ առավել ուշադիր լինել լարվածության, տառապանքների ու ցավի այլ իրավիճակների նկատմամբ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում աշխարհի մի շարք տարածաշրջանների վրա, որոնց մասին մենք չենք կարող և չենք ուզում մոռանալ:

     

    Թո՛ղ խաղաղություն լինի Մերձավոր Արևելքում, որը վիրավորված է երկարամյա տարաձայնություններով և հակամարտություններով: Այս փառավոր օրը մենք խաղաղություն ենք խնդրում Երուսաղեմի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են նրան (տես՝ Սղմ. 121 [122]), ինչպես նաև քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների համար: Թո՛ղ իսրայելցիները, պաղեստինցիները և Սուրբ քաղաքի բոլոր բնակիչները ուխտավորների հետ միասին տեսնեն աշխարհի գեղեցկությունը, ապրեն եղբայրության մեջ և ազատորեն այցելեն սուրբ վայրեր՝ փոխադարձ հարգանք դրսևորելով բոլորի իրավունքների նկատմամբ։

     

    Թո՛ղ խաղաղություն և հաշտություն լինի Լիբանանի, Սիրիայի և Իրաքի բոլոր ժողովուրդների և հատկապես Մերձավոր Արևելքում ապրող բոլոր քրիստոնյա համայնքների համար։

     

    Թո՛ղ խաղաղություն լինի Լիբիայում և երկար տարիների լարվածությունից հետո կայունություն հաստատվի: Թո՛ղ խաղաղություն լինի Եմենում, որը տառապում է բոլորի կողմից մոռացված հակամարտոթյան պատճառով. վերջին օրերին ստորագրված զինադադարը կարող է հույս ներշնչել բնակչությանը:

     

    Մենք խնդրում ենք Հարուցյալ Տիրոջից հաշտություն Մյանմարի համար, որտեղ ատելության և բռնության դրամատիկ սցենարը դեռ շարունակում է զարգանալ, և Աֆղանստանի համար, որի ժողովուրդն ապրում է սոցիալական անողոք լարվածության ու հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում:

     

    Թո՛ղ խաղաղություն լինի ողջ Աֆրիկյան մայրցամաքում, որպեսզի դադարեն ահաբեկչական հարձակումների հետևանքով առաջացած շահագործումներն ու արյունահեղությունը, հատկապես Սահելի շրջանում, և կոնկրետ աջակցություն ցուցաբերվի ժողովուրդների միջև եղբայրություն հաստատելու համար: Թո՛ղ Եթովպիայում հաստատվի երկխոսության և հաշտեցման ուղին, որտեղ տիրում է հումանիտար ծանր ճգնաժամը, և թո՛ղ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում դադարեն բռնությունները: Թո՛ղ աղոթքի և համերաշխության պակաս չլինի ավերիչ ջրհեղեղներից տուժած Հարավային Աֆրիկայի արևելյան հատվածի ժողովրդների համար:

     

    Թո՛ղ Հարուցյալ Քրիստոսը առաջնորդի և օգնի Լատինական Ամերիկայի ժողովուրդներին, որտեղ համավարակի այս դժվարին ժամանակներում տեղի ունեցավ սոցիալական վիճակի վատթարացում, ինչը սրվում է նաև հանցագործության, բռնության, կոռուպցիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության բազմաթիվ դեպքերի պատճառով:

     

    Մենք խնդրում ենք Հարուցյալ Տիրոջը, որպեսզի առաջնորդի Կանադական Կաթողիկէ Եկեղեցուն իր հաշտության ճանապարհին, որով նա քայլում է բնիկ ժողովուրդների հետ միասին: Թո՛ղ Հարուցյալ Քրիստոսի Հոգին բուժի անցյալի վերքերը և սրտերը մղի դեպի ճշմարտություն և եղբայրություն:

     

    Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, ցանկացած պատերազմ իր հետ բերում է հետևանքներ, որոնք ազդում են ողջ մարդկության վրա. տառապանք, փախստականներ, տնտեսական և պարենային ճգնաժամ, որի նշաններն արդեն տեսնում ենք։ Չնայած շարունակվող պատերազմին, ինչպես նաև կյանքի բազում ցավալի պարտություններին, Քրիստոսը՝ մեղքի, վախի և մահվան հաղթողը, հորդորում է մեզ չտրվել չարի ու բռնության սադրանքներին: Եկե՛ք թույլ տանք, որ Քրիստոսի խաղաղությունը հաղթի մեզ: Խաղաղությունը հնարավոր է, խաղաղությունն անհրաժեշտ է, խաղաղությունը բոլորի գլխավոր պարտականությունն է։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց