Երջանկութիւնը սահմաններ չի ճանաչում.Happy Aregak
Մարտի 20-ը երջանկութեան միջազգային օրն է՝ հաստատուած ՄԱԿ-ի կողմից 2012թ.՝ յատուկ որոշմամբ, որտեղ գրուած է, որ երջանկութիւնը մարդու հիմնարար նպատակն է: Արդեն երկու տարի է ՄԱԿ-ի անդամ երկրներում տարբեր հասարակական կառոյցներ ժպիտներով, հանդիսաւոր միջոցառումներով նշում են այս յուրօրինակ տօնը:
Երջանկութեան յուրովի ընկալում ու զգացողութիւն ունեն սահմանափակ կարողութեամբ անձինք, ովքեր կարիք ունեն հասարակութեան ուշադրութեան, սիրո, քաջալերանքի, մխիթարութեան: Բայց «խոցելի» համարուող այդ անձինք, յատկապէս երիտասարդները, երեխաները, երբեմն իրեշնք են քաջալերում ու ոգեւորում ֆիզիկական ու մտաւոր կարողութիւններով իրենց գերազանցող տարեկիցներին, իրենց օրինակով սովորեցնում են ժպտալ՝ ի դէմս դժուարութիւնների, հուսա՛լ՝ ի դէմս անելանելի դրութեան, պայքարե՛լ, երբ բոլորը վստահ են, որ պայքարելն այլեւս անիմաստ է, հաւատա՛լ Տիրոջ օգնութեանը, երբ շատերն այլեւս չեն կարողանում հաւատալ, եւ, վերջապէս, սիրե՛լ անվերապահօրէն ու մեծագոյն նուիրումով, երբ իրենց կեանքի մէջ ներփակուած շրջապատի մարդիկ դադարում են սիրել ուրիշներին, լինել ուշադիր ու նկատել գեղեցի՛կը մոխրագոյնի մէջ, երբ իրենց կեանքով տարուած «ոչ խոցելի» մարդիկ այլեւս անտարբեր են գեղեցիկի հանդէպ, այլեւս անտարբեր են նաեւ իրե՛նց հանդէպ եւ չեն տեսնում երջանկութեան այն մեծ ուժը, պոտենցիալը, որ կայ այդ «խոցելի» անձանց մէջ:
Հայ Կաթողիկէ Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան «Արեգակ» բազմակի հաշմանդամութեամբ անձանց ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները մարտի 19-ին նշեցին իրե՛նց երջանկութեան տօնը.նրանք անվասայլակներով, կամաւորական երիտասարդների օգնութեամբ, լայն ժպիտներով, օդապարիկներով դուրս էին եկել Գիւմրիի հրապարակ՝ գիւմրեցիներին ասելու, որ իրե՛նք էլ են երջանիկ, չնայած գամուած են անուասայլակին կամ ունեն բազում խնդիրներ, որոնք շա՛տ աւելի ծանր են ու երկարատեւ, քան գիւմրեցիների բոլոր սոցիալական խնդիրները միասին վերցուած, բայցեւայնպէս, իրենք կարողանո՛ւմ են լայն ու ինքնամոռաց ժպտալ, երբ տեսնում են արեւի լոյսը, երբ տեսնում եմ միմեանց, երբ տեսնում են ինքնամոռաց նուիրումով իրենց մասին հոգ տանող կամաւորական երիտասարդներին, ովքեր անշահախնդիր աշխատանքի ուժը ստանում են հենց իրե՛նց անմիջական ժպիտներից, վայրկենական ուրախութիւնից, ինչու՞ չէ, նաեւ՝ տխրութիւններից, որոնք ստիպում են է՛լ աւելի ուշադիր լինել այս անմեղ, բայց երջանկութեան իրաւունք ունեցող եւ երջանկութեան հարգն իմացող փոքրիկների հանդէպ:
Նրանց ուրախութիւնը կիսելու էին եկել Գիւմրի եւ Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Պետրոս վրդ. Եսայեանը, Քաղաքապետարանի Մշակոյթի բաժնի պետ Ատուշ Մկրտչեանը, Հայ Կաթողիկէ «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաներն ու այլ հիւրեր: Հ. Պետրոսը հայրական սիրով երեխաների հետ զրուցեց երջանկութեան հոգեւոր իմաստի մասին.կատարեալ երջանկութիւնը հիմնուած է ներքին խաղաղութեան եւ Աստուծոյ հետ յարատեւ յարաբերութեան, աղօթքի վրայ, շեշտեց վարդապետը եւ խնդրեց երեխաներին աւելի շատ աղօթել եւ այդպիսով օրինակ ծառայել ուրիշներին: Քաղաքապետարանի աշխատակիցը երեխաներին փոխանցեց քաղաքապետի բարեմաղթանքներն ու նուերը՝ հրապարակի մեծ էկրանին ցուցադրուեց Արեգակի երեխաների մասնակցութեամբ պատրաստուած Happy Aregak փոքրիկ տեսագրութիւնը, որը ներկայացնում ենք ստորեւ: