• Աղօթք նվիրաբերման Մարիամի Անարատ սրտին

    Ո՜վ Մայր, թոյլ մի տո՛ւր, որ նաւաբեկուենք պատերազմի փոթորիկի մէջ։


     

    Ո՜վ Մարիամ, Մայր Աստծոյ եւ մեր Մայր, նեղութեան այս պահին, քեզ ենք դիմում: Դո՛ւ Մայր ես, սիրում ես մեզ, ճանաչում ես մեզ, մեր մտածումներից ոչինչ ծածուկ չէ Քեզ համար: Ողորմութեան Մայր, բազմիցս փորձարկեցինք քո նախախնամական քնքշութիւնը, քո ներկայութիւնը, որ խաղաղութիւն է պարգեւում, որովհետեւ դու միշտ մեզ առաջնորդում ես դէպի Յիսուսը՝ խաղաղութեան Իշխանը։

     

    Բայց մենք կորցրեցինք խաղաղութեան ուղին, մոռացանք անցեալ դարի ողբերգութիւնների դասը, համաշխարհային պատերազմներում միլիոնաւոր զոհուածների զոհաբերումը, անտեսեցինք պարտաւորութիւնները, որ ստանձնեցինք՝ որպէս Ազգերի Հասարակութիւն, եւ դաւաճանում ենք ժողովուրդների խաղաղութեան երազանքին եւ երիտասարդների յոյսերին: Հիւանդացանք ագահութեամբ, փակուեցինք ազգային շահերի մէջ, թոյլ տուեցինք թառամել անտարբերութեամբ եւ անդամալոյծ դառնալ եսասիրութեամբ։ Նախընտրեցինք անտեսել Աստծուն, ապրել մեր կեղծիքներով, սնուցել բռնութիւնը, խլել կեանքեր եւ կուտակել զէնքեր՝ մոռանալով, որ մենք պահապաններն ենք մեր մերձաւորի եւ միեւնոյն միասնական տան։ Պատերազմով յօշոտեցինք Երկրի պարտէզը, մեղքով վիրաւորեցինք մեր Հօր սիրտը, որ մեզ ուզում է տեսնել իբրեւ եղբայրներ եւ քոյրեր։ Դարձանք անտարբեր բոլորի եւ ամէն բանի նկատմամբ, բացի մեզանից: Եւ ամօթով ասում ենք. «Ների՛ր մեզ Տէր»։

     

    Մեղքի թշուառութեան մէջ, մեր հօգնութիւնների եւ դիւրաբեկութիւնների մէջ, չարի եւ պատերազմի անօրինութեան խորհուրդի մէջ, դու՝ Մայր Սուրբ, մեզ յիշեցնում ես, որ Աստուած մեզ երբէք չի լքում, այլ շարունակում է մեզ նայել սիրով, մեզ ներելու եւ վերականգնելու ցանկութեամբ։ Նա է, որ քեզ պարգեւեց մեզ, և քո անարատ Սրտի մէջ ապաստան դրեց Եկեղեցու եւ մարդկութեան համար։ Աստուածային բարութեամբ դու մեր հետ ես, եւ, նոյնիսկ պատմութեան ամենանեղ դարձուածքների մէջ մեզ առաջնորդում ես քնքշութեամբ։

     

    Առ այդ, քեզ ենք դիմում՝ բախելով քո Սրտի դուռը, մենք՝ քո սիրելի զաւակները, որոնց ամէն ժամանակների մէջ չես յոգնում այցելել եւ զղջումի հրաւիրել: Այս խաւար պահին, ե՛կ մեզ օգնելու եւ մխիթարելու։ Իւրաքանչիւրիս կրկնի՛ր. «Միթէ՞ ես այստեղ չեմ, ես՝ որ քո Մայրն եմ»։ Դու գիտես ինչպէս արձակել մեր սրտի եւ մեր ժամանակների հանգոյցները։ Մեր վստահութիւնն ենք յայտնում քեզ: Վստահ ենք, որ դու, մասնաւորապէս փորձութեան պահին, չես արհամարհի մեր աղերսները եւ կը հասնես մեզ օգնութեան։

     

    Այդպէս արեցիր Գալիլեայի Կանայի մէջ, երբ արագացրեցիր Յիսուսի միջամտութեան ժամը եւ ներկայացրեցիր Նրա առաջին նշանը աշխարհի մէջ։ Երբ տօնախմբութիւնը վերափոխուած էր տխրութեան, նրան ասացիր. «Գինի չունեն» (Յովհ. 2,3)։ Դարձեալ կրկնիր այս խօսքերը Աստծուն, ո՜վ Մայր, որովհետեւ այսօր, մենք վերջացրել ենք յոյսի գինին, անհետացաւ ուրախութիւնը, ջրի վերածուեց եղբայրութիւնը, կորցրեցինք մարդկայնութիւնը, վատնեցինք խաղաղութիւնը, կարող դարձանք ամէն տեսակ բռնութեան եւ կործանումի։ Հրատապ կարիքը ունենք քո մայրական միջամտութեան:

     

    Ընդունի՛ր ուրեմն, ո՜վ Մայր, մեր աղերսը.

     

    Դու՝ աստղ ծովի, թոյլ մի տո՛ւր, որ նաւաբեկուենք պատերազմի փոթորիկի մէջ։

     

    Դու՝ նոր ուխտի տապանակ, ներշնչի՛ր հաշտութեան ծրագրեր եւ ճանապարհներ։

     

    Դու՝ «Երկնային երկիր», Աստծոյ համերաշխութիւնը վերադարձրո՛ւ աշխարհին։

     

    Մարի՛ր ատելութիւնը, հանդարտեցրո՛ւ վրէժխնդրութիւնը, մեզ սովորեցրո՛ւ ներումը։

     

    Ազատի՛ր մեզ պատերազմից, աշխարհը պահպանի՛ր միջուկային զէնքի սպառնալիքից։

     

    Վարդարանի Թագուհի, մեր մէջ արթնացրո՛ւ աղօթելու եւ սիրելու կարիքը։

     

    Մարդկային ընտանիքի Թագուհի, ցո՛յց տուր ժողովուրդներին եղբայրութեան ճանապարհը։

     

    Խաղաղութեան Թագուհի, տո՛ւր աշխարհին խաղաղութիւն:

     

    Քո ողբը, ո՜վ Մայր, թո՛ղ շարժի կարծրացած սրտերը։ Արցունքները, որ թափեցիր մեզ համար, թո՛ղ վերածաղկեցնեն այս հովիտը, որ ցամաքեց մեր ատելութիւնից: Եւ մինչ զէնքերի աղմուկը չի դադարում, թո՛ղ քո աղօթքը մեզ տրամադրի խաղաղութեան։ Քո մայրական ձեռքերը թո՛ղ շոյեն նրանց, ովքեր փախչում եւ տառապում են ռումբերի ծանրութեան տակ։ Քո մայրական գիրկը թո՛ղ մխիթարի նրանց, ովքեր ստիպուած են թողնել իրենց տները եւ իրենց երկիրը։ Քո վշտահար Սիրտը թող մեզ մղի կարեկցութեան ու մեզ դրդի՝ բացելու դռները եւ խնամելու վիրաւոր եւ մերժուած մարդկութեանը։

     

    Սուրբ Մայր Աստծոյ, մինչ Խաչի տակ էիր, Յիսուս՝ տեսնելով քո մօտ կանգնած աշակերտին, քեզ ասաց. «Ահա՛ քո որդին» (Յովհ. 19,26), այդպիսով՝ քեզ յանձնեց մեզանից իւրաքանչիւրին, ապա, աշակերտին՝ մեզանից իւրաքանչիւրին, ասաց. «Ահա՛ քո Մայրը» (Յովհ. 19,27)։ Մա՛յր, այժմ ուզում ենք քեզ ընդունել մեր կեանքի ու մեր պատմութեան մէջ։ Այս պահին մարդկութիւնը՝ հիւծուած եւ վրդովուած, Խաչի տակ է քո հետ միասին եւ կարիքն ունի քեզ յանձնուելու, քո միջոցով նուիրուելու Քրիստոսին։ Ուկրաինացի եւ ռուս ժողովուրդները սիրով քեզ են մեծարում եւ քեզ են դիմում, մինչ քո Սիրտը բաբախում է նրանց համար եւ բոլոր ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմից, սովից, անարդարութիւնից եւ թշուառութիւնից:

     

    Ուստի, Մայր Աստծոյ եւ մեր Մայր, քո Անարատ Սրտին հանդիսաւոր կերպով յանձնում եւ նուիրում ենք ինքներս մեզ, Եկեղեցին եւ համայն մարդկութիւնը, մասնաւորապէս՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ընդունի՛ր մեր արարքը, որ կատարում ենք վստահութեամբ եւ սիրով, այնպէս արա, որ դադարի պատերազմը, աշխարհին ապահովի՛ր խաղաղութիւն։ «Այո»-ն, որ բխեց քո Սրտից՝ պատմութեան դուռը բացեց խաղաղութեան Իշխանի առջեւ: Մենք վստահ ենք, որ եւս մէկ անգամ, քո Սրտի միջոցով խաղաղութիւնը կը գայ։ Ուստի, քեզ ենք նուիրում մարդկային համայն ընտանիքի ապագան, ժողովուրդների կարիքներն ու ակնկալիքները, աշխարհի տագնապներն ու յոյսերը:

     

    Քո միջոցով աստուածային Ողորմութիւնը թող յորդի երկրի վրայ եւ խաղաղութեան քաղցր զարկը վերադառնայ նշելու մեր օրերը: «Այո»-ի Կին, որի վրայ իջաւ Սուրբ Հոգին, մեր մէջ վերահաստատի՛ր Աստծոյ ներդաշնակութիւնը։ Յագեցրո՛ւ մեր սրտի չորութեան ծարաւը, դու՝ որ «յոյսի կենդանի աղբիւր ես»։ Դու մարդկութեանը շաղկապեցիր Յիսուսին, մեզ դարձրո՛ւ հաղորդութեան արհեստաւորներ։ Քայլեցիր մեր ճանապարհների վրայ, առաջնորդի՛ր մեզ դէպի խաղաղութեան արահետներ: Ամէն։

     

    Աղբիւրը՝ Վատիկան նյուզ, հայկական բաժին

Օրացույց

Օրացույց