Հավատքի փոխանցումը տեսության շարադրումը չէ, այլ հավատքով ապրելու պատմությունն է, այսինքն՝ վկայությունը
2022թ. մարտի 23-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց տարեցների մասին խորհրդածությունը, այս անգամ օրինակ բերելով Մովսեսին և նրա հոգևոր կտակները, որոնք կոչվում են Մովսեսի Երգեր: Դրանք կարելի է անվանել նաև հավատքի խոստովանություն, ընդգծեց Նորին Սրբությունը. «Տիրոջ անունը տվեցի: Օրհնություն առաքեցե՛ք մեր Տեր Աստծուն, Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու Նրա ուղիները՝ օրինավոր: Աստված հավատարիմ է, և Նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ» (2 Օրենք 32,3-4): Այս խոսքերում Աստծո հետ ապրած օրերի հիշողությունն է. Նրա հավատարմությունն անընդհատ փորձության է ենթարկվում ժողովրդի անհավատարմությամբ, սակայն Նա մնում է հավատարիմ և իր ժողովրդին մոտ:
Հավատքի այս խոստովանությունն անելիս՝ Մովսեսն արդեն Ավետյաց երկրի և իր կյանքին հրաժեշտ տալու շեմին էր: Նա հարյուր քսան տարեկան էր, սակայն «նրա տեսողությունը չէր վատացել», ասվում է Աստվածաշնչում (2 Օրենք 34,7): Տեսնելու այս կարողությունը, որն հասկացվում է նաև խորհրդանշական իմաստով, բնորոշ է հենց տարեցներին, քանզի նրանք ունակ են տեսնել իրերի ամենախորը իմաստը և իրենց ժառանգությունը փոխանցել ապագա սերունդներին:
Արդյո՞ք մենք ճանաչում և գնահատում ենք տարեցների այդ պարգևը մեզ, շարունակեց Սրբազան Քահանայապետը և պատմեց Առաջին Համաշխարհային պատերազմի մասնակից իր պապի մասին. հենց իր պապի ու պատերազմի տառապանքների մասին նրա պատմվածքների շնորհիվ է, որ Նորին Սրբությունը նման հակակրանք ունի պատերազմի նկատմամբ, և դրա մասին հնարավոր չէ իմանալ գրքերից: Սրբազան Քահանայապետը ցավով ընդգծեց, որ մեր «քաղաքական բարեկիրթ» մշակույթում չափազանց քիչ է ուշադրություն դարձվում պատմության ուսումնասիրությանը, իսկ որոշները նույնիսկ ցանկանում են այս առարկան հեռացնել ուսումնական ծրագրերից՝ պատմությունը համարելով ավելորդ տեղեկատվություն այն մասին, ինչը կորցրել է իր արդիականությունը և խլում է ներկայի ռեսուրսները։
Ինչ վերաբերում է հավատքի փոխանցմանը, ապա այնտեղ հաճախ բացակայում է հենց «փորձառության պատմությունը»: Հավատքի փոխանցումը տեսության շարադրումը չէ, այլ հավատքով ապրելու պատմությունն է, այսինքն՝ վկայությունը, և այդ վկայությունը պետք է ճշմարիտ լինի.
«Անկասկած, չի կարող ճշմարիտ լինել այն գաղափարախոսությունը, որը պատմությունն իր սխեմաներով է ներկայացնում, արդար չէ և պատմության քարոզչությունը՝ սեփական խմբին առաջ մղելու համար, սխալ է պատմությունը վերածել տրիբունալի, որտեղ դատապարտվում է ողջ անցյալը և փակվում է ապագայի ճանապարհը»։
Ավետարանն անկեղծորեն պատմում է Հիսուսի մասին՝ չթաքցնելով, օրինակ, մարդկանց սխալները, չհասկացվածությունը և նույնիսկ աշակերտների դավաճանությունը: Խոսքն այստեղ իրական պատմական վկայության մասին է: Հենց նման իրական պատմություն են տարեցները փոխանցում Եկեղեցուն՝ մեզ համար հանդիսանալով հիշողության անգնահատելի պարգև։ Սրբազան Քահանայապետը մատնանշեց մի «տարօրինակ անոմալիա»՝ երեխաները Աստծո Խոսքն ուսումնասիրում են կատեխիզմի սրահներում, սակայն Եկեղեցու մասին իմանում են դասարաններում և ԶԼՄ միջոցով: Հավատքի պատմության շարադրանքը պետք է լինի Մովսեսի երգի նման և այդ ժամանակ՝ Տեր Հիսուսի առաջնորդությամբ, ծերերն ու երիտասարդները միասին կմտնեն Նրա կյանքի և սիրո Թագավորություն, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը