Եկե՛ք ապաշխարենք չարից, հրաժարվենք մեզ գայթակղող մեղքից, բացվենք Ավետարանի տրամաբանության առաջ:
2022թ. մարտի 20-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հորդորեց ականջալուր լինել ապաշխարելու, դարձի գալու Տիրոջ թախանձալից կոչին՝ երես թեքելով մեղքից և սրտաբաց ընդունելով Ավետարանի տրամաբանությունը, քանի որ այնտեղ, որտեղ թագավորում է սերն ու եղբայրությունը, չարն այլևս զորություն չունի։
Խորհրդածելով Ղուկասի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ (Ղկ. 13, 1-9), որտեղ Հիսուս մեկնաբանում է այդ ժամանակի որոշ իրադարձություններ, Նորին Սրբությունն ընդգծում է, քանի դեռ մարդկանց մտքերում թարմ էր Սիլովամում աշտարակի փլուզոմից մահացած տասնութ զոհերի մասին հիշողությունները, Հիսուս մատնանշում է մի քանի գալիլիացիների, որոնց սպանել էր Պիղատոսը (տես՝ Ղկ. 13, 1): Հարց է առաջանում, թե ո՞վ է այս սարսափելի իրադարձությունների մեղավորը։ Միգու՞ցե այդ մարդիկ ավելի մեղավոր էին, քան մյուսները, և Աստված պատժեց նրանց։ Այդ հարցերն այսօր էլ են առաջանում, երբ մեզ վատ լուրեր են հասնում, և մենք մեզ անզոր ենք զգում չարի դրսևորումների առաջ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, մենք հաճախ հարցնում ենք ինքներս մեզ. գուցե՞ դա Աստծո պատիժն է: Գուցե՞ Նա թույլ տվեց, որ լինի պատերազմը կամ համաճարակը, որպեսզի պատժի մեզ մեր մեղքերի համար: Ինչո՞ւ Տերը չի միջամտում:
Մենք պետք է զգույշ լինենք, նախազգուշացրեց Նորին Սրբությունը, քանզի երբ չարը կեղեքում է մեզ, մենք կորցնում ենք մեր մտքի պարզությունը և, որպեսզի գտնենք պատասխանն այն բանի, ինչը մենք չենք կարող բացատրել՝ ի վերջո մեղադրում ենք Աստծուն: Շատ դեպքերում հենց այստեղից է գալիս Աստծուն հայհոյելու, սրբապղծելու սովորությունը։ Մենք հաճախ ենք աշխարհի աղետներն ու մեր դժբախտությունները վերագրում Նրան, Ով, ընդհակառակը, մեզ միշտ ազատություն է տալիս և, հետևաբար, երբեք չի միջամտում, պարտադրում, այլ միայն առաջարկում է: Նրան, Ով երբեք բռնություն չի գործադրում և, ավելին, տառապում է մեզ համար և մեզ հետ միասին: Հիսուսը կտրականապես մերժում է մեր բոլոր դժվարությունների համար Աստծուն մեղադրելու գաղափարը. այն մարդիկ, ում սպանեց Պիղատոսը, և նրանք, ովքեր մահացան աշտարակի փլուզումից, ավելի մեղավոր չէին, քան մյուսները և ինչ-որ անողոք ու վրիժառու Աստծո զոհերը չեն եղել, ընդգծեց Նորին Սրբոթյունը.
«Չարն երբեք չի կարող Աստծուց լինել, որովհետև Նա «մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ» (Սղմ. 102, 10), այլ՝ Իր ողորմածությամբ: Հենց այդպես է վարվում Աստված, քանզի այլ կերպ չի կարող: Նա միշտ ողորմածությամբ է վերաբերվում մեզ»:
Հիսուս ասում է, որ Աստծուն մեղադրելու փոխարեն, մենք պետք է խորասուզվենք մեր մեջ. մեղքն է, որ մահ է բերում. մեր եսասիրությունն է, որ վերջ է դնում հարաբերություններին, չարիք է ծնում մեր ընտրությունը՝ հօգուտ անարդարության և դաժանության: Այդ պահին Տերն իրական լուծում է առաջարկում. «Եթե չապաշխարեք, – ասում է Նա, – ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղկ. 13, 5): «Սա թախանձալից կոչ է, հատկապես Մեծ Պահքի այս օրերին», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Եկե՛ք ընդունենք սրտաբաց: Եկե՛ք ապաշխարենք չարից, հրաժարվենք մեզ գայթակղող մեղքից, բացվենք Ավետարանի տրամաբանության առաջ. չէ որ այնտեղ, որտեղ թագավորում է սերն ու եղբայրությունը, չարն այլևս զորոթյուն չունի»։
Հիսուս, սակայն, գիտի, որ մեզ համար հեշտ չէ ապաշխարել, և Նա ցանկանում է օգնել մեզ, շարունակեց Նորին Սրբությունը. «Տերը գիտի, որ մենք հաճախ կրկնում ենք նույն սխալներն ու մեղքերը, որ հուսահատվում ենք և մեզ թվում է, թե բարու մեր ձգտումն անիմաստ է մի աշխարհում, որտեղ տիրում է չարը»: Դրա համար էլ Նա քաջալերում է մեզ մի առակով, որտեղ նկարագրվում է Աստծո համբերատարությունը մեր նկատմամբ: Այդ համբերության խորհրդանիշը թզենին է, որը ժամանակին պտուղ չտվեց, սակայն այն չկտրեցին՝ նրան ժամանակ և ևս մեկ հնարավորություն տալով: «Ինձ հաճելի է մտածել, որ Աստծո համար գեղեցիկ անուն կլիներ՝ «Աստված, ով ևս մեկ հնարավորություն է տալիս»: Նա միշտ մեզ ևս մեկ հնարավորություն է տալիս, – ասաց Սրբազան Քահանայապետը: – Դա Նրա ողորմածությունն է: Հենց այդպես է մեզ հետ վարվում Տերը. Նա չի զրկում մեզ Իր սիրուց, Նա չի ընկճվում, Նա չի հոգնում քնքշաբար մեզ կրկին վստահելուց: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, Աստված հավատում է մեզ: Աստված վստահում է մեզ և համբերատար ուղեկցում. դա Աստծո համբերությունն է մեր նկատմամբ: Նա չի ընկճվում, այլ միշտ հույս է դնում մեզ վրա։ Աստված Հայր է, և Նա մեզանից յուրաքանչյուրին նայում է որպես հայր՝ որպես լավագույն հայր, Նա տեսնում է ոչ թե այն արդյունքները, որոնց մենք դեռ չենք հասել, այլ այն պտուղները, որոնք դեռ կարող ենք տալ, Նա ուշադրություն չի դարձնում մեր թերություններին, այլ քաջալերում է մեր հնարավորությունները: Նա չի կանգնում մեր անցյալի վրա, այլ վստահորեն գրավ է դնում մեր ապագայի վրա, քանի որ Աստված մոտ է մեզ»։ Նա միշտ մեզ հետ է, ողորմած է ու քնքուշ: «Դրա համար եկե՛ք խնդրենք Սուրբ Կույս Մարիամին, որ մեզ հույս ու քաջություն տա և մեր մեջ բորբոքի ապաշխարելու փափագը», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը