Սրբուհի Թերեզա Մարտինի ծնողները կսրբացուեն.Քահանայապետը ճանաչել է նրանց գործած հրաշքները
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այս տարուայ հոկտեմբերին սրբերի շարքն է դասելու Սբ. Թերեզա Մարտինի (Thérèse de Lisieux) ծնողներին՝ Zélie Martin եւ Louis Martin.Նորին Սրբութիւնը ճանաչել է նրանց բերախօսութեանը վերագրուած հրաշքները: Այդ հրաշքների մասին աւելի մանրամասն տեղեկութիւններ կհրապարակուեն առաջիկայում: Զելին եւ Լուին ապրել են Ֆրանսիայում, ամուսնացել 1858թ., լոյս աշխարհ բերել 9 զաւակ, որոնցից 5-ը նուիրուել են Եկեղեցուն եւ դարձել միանձնուհիներ: Նրանցից մէկն էլ «Հոգու պատմութիւն» հանրայայտ գրքի հեղինակ, Սրբուհի Թերեզան է, ում սրբակեաց կեանքը Կարմեղիտեան վանքում ընդհատուեց 24 տարեկանում: Թերեզան 1997թ. հռչակուեց նաեւ Վարդապետ Եկեղեցւոյ (Doctor Ecclesiae): Թերեզայի մայրը՝ Զելին, մահացել է քաղցկեղից 46 տարեկանում, իսկ Լուին՝ 1984թ., հոգեկան խանգարումից: Այս սուրբ զոյգը երանացուեց 2008թ.: Նրանց սրբադասման օրը դեռեւս չի նշանակուել, բայց, յայտնի է, որ այն զուգադիպելու է հոկտեմբերին Եպիսկոպոսաց Սինոդի հերթական գլխաւոր 14-րդ համագումարի ժամանակահատուածին: Սինոդի այդ կարեւոր համագումարը քննարկելու է Եկեղեցում ընտանիքի առաքելութեան եւ կոչման ժամանակակից դրութիւնն ու մարտահրաւերները: Սրբադասումը այդ սինոդին զուգընթաց կատարելը պատահականութիւն չէ.Եկեղեցին ուզում է քրիստոնեաների եւ ամբողջ աշխարհի համար քրիստոնեական առաքինի ընտանիքի օրինակ տալ: Բաց լինել Աստուծոյ առաջ, ունենալ 9 զաւակ եւ 5-ին նուիրել Եկեղեցուն. համաձայնէք՝ մե՛ր օրերում նման բան քիչ է հանդիպում, նոյնիսկ Կաթողիկէ Եկեղեցու ծոցում: Մարտինների ընտանիքը նաեւ երեխաների քրիստոնէական դաստիարակութեան գեղեցիկ մի օրինակ է: Ընտանիքը, ինչպէս սովորեցնում է Եկեղեցին, հաւատքի ուսուցման եւ փոխանցման առաջնային օղակն է: Դա է ընտանիքի առաջնային կոչումն ու առաքելութիւնը: