• Տ. Սահակ Սրկ. Քեշիշյանի Քահանայական ձեռնադրությունը

    Կոչում և նվիրում. ահավասիկ այն անհրաժեշտ շնորհները Քահանայական կարգի հասնելու ճանապարհին։


    Շաբաթ, 2022 թվականի մարտի 19-ին, Բուրջ Համուդի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության անդամ Տ. Սահակ Սրկ. Քեշիշյանի քահանայական ձեռնադրությունը՝ ձեռամբ Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի: Արարողությունը մեկնարկեց Սուրբ և Անմահ Պատարագով, որ մատուցեց Հոգևոր Տերը: Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Մեծավոր Հայր Գաբրիել Թ.Ծ.Վ. Մուրադյանն առաջնորդեց Տ. Սահակ Սրկ. Քեշիշյանին դեպի խորան, որտեղ՝ առընթերակայությամբ Հռոմի Քահանայապետական Լևոնյան Վարժարանի Մեծավոր Գերհ. Հայր Նարեկ Ծ. Վրդ. Նաամոյանի և Հայաստանի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանի տեսուչ Գերպ. Հայր Մաշտոց Վրդ. Զահթերյանի, տեղի ունեցավ ձեռնադրության արարողությունը: Արարողությանը ներկա էին՝ Արհ. Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանը, Արհ. Տեր Հովհաննես Եպս. Թեյրուզյանը և Արհ. Տեր Գևորգ Արքեպս. Խազումյանը, Մխիթարյան Միաբանության հայրեր, Առաքելական քույր եկեղեցուց Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը, պատգամավոր պարոն Ժան Թալուզյանը, նախկին պատգամավորներ Ժակ Չուխատարյանը և Անտուան Շատերը, նախկին նախարար Ռիշար Գույումճյանը, գերհարգելի և գերապատիվ վարդապետներ, արժանապատիվ հայրեր, առաքինազարդ քույրեր, արտասահմանից և Հայաստանից հատուկ այս առիթով Լիբանան ժամանած հայրեր և լիբանանյան քույր եկեղեցիների հայրեր: Արարողությանը մասնակցում էր նաև Հ.Կ.Մ.-ի շեփորախումբը:

     

    Իր հայրապետական քարոզի մեջ, Հոգևոր Տերը՝ խոսքը ուղղելով նորօծ քահանային, ասաց. «Սիրելի՛ նորօծ Հայր Սահակ Վարդապետ, այսօր մեծ տոն է մեր բոլորի կյանքում: Մեծ և ուրախալի տոն, որովհետև, այսօր ծնվեցիր որպես Քրիստոսի առաքյալ՝ այլ ոմն Քրիստոս: Այսօր, Սուրբ Հոգու առատ շնորհներով օծվեցիր՝ Տիրոջ այգու մեջ պտղաբերելու համար: Այն այգու մեջ, ուր քո ծառայությամբ՝ Քրիստոսի սրբարար արյամբ և կենարար մարմնով պիտի սրբացնես Նրան հավատացողներին: Այսօր ընտրվեցիր՝ ինչպես Պողոս առաքյալը Դամասկոսի ճանապարհին, այսինքն, քո մեջ հին մարդը մեռավ, որպեսզի ծնունդ տա նոր մարդուն։ Նոր մարդ, ով պետք է քարոզի և իր բարի օրինակով վկայի Քրիստոսի գալուստը և փրկչագործական առաքելությունը։ Այսօր ընդունեցիր Սուրբ Հոգին, ինչպես առաքյալները ընդունեցին Հոգեգալստյան օրը: Հետևաբար, ժամանակդ մի՛ վատնիր՝ դիտելու միայն մարդկանց թերություններն ու սխալները, այլ տե՛ս նաև նրանց դրական և բարի գործերը։ Նորից եմ խրատում՝ մի՛ վատնիր ժամանակդ՝ դիտելու մարդկանց տկարությունները, այլ եղի՛ր օգնական տկարներին և աղքատներին, մխիթարիչ՝ վշտացյալներին և հիվանդներին: Առաջնորդ եղի՛ր ուղեկորույսներին, քաջալերող՝ երիտասարդներին՝ ուղղորդելով նրանց դեպի կյանքի նպատակներ։ Քահանայական ծառայությունդ թող նվիրված լինի հոգիների փրկությանը, որ այնքան ծարավի են Քրիստոսի։ Այնտեղ է քո ամբողջական մխիթարությունը:

     

    Ընտանիքը աստվածային հաստատություն է: Քո քահանայությամբ քեզ հանձնված է պահել ընտանիքի սրբությունը, միասնականությունը և մաքուր ընթացքը՝ նմանությամբ Սուրբ Ընտանիքի: Հիշի՛ր Քրիստոսի խոսքը իր աշակերտներին. «Հունձքը առատ է, և մշակները քիչ»: Դու այն կանչվածն ես, որ անսալով Աստծո կանչին՝ դարձավ Նրա առաքյալը, ուստի, Աստված քեզ ընտրելով հանձնում է իր զավակներին և նրանց ապահովությունը՝ հասնելու երկնային անանց երջանկության: Այս ամենը, քեզանից կպահանջի սեփական կյանքի անէացում՝ մինչև արյան վերջին կաթիլը, ինչպես Քրիստոսը Խաչի վրա թափեց Իր արյունը՝ մեզ մաքրագործելով նախածնողների սկզբնական մեղքից: Քեզ խրատելը հեշտ է, բայց, մեզանից չպետք է պակասի խիզախությունը որդեգրելու Քրիստոսի փափագը, որ է. «Գնացե՛ք, մկրտեցե՛ք բոլոր ազգերին՝ անվամբ Հոր և Որդու և Սուրբ Հոգու»: «Տարածե՛ք բարի լուրը համայն աշխարհին»։ Այս է նաև կոչումը Զմմառի Արծիվյան Միաբանության առաքյալների, որոնք Քրիստոսի պատգամը որդեգրելով ստանձնում են առաքելություն՝ չփնտրելով սեփական կամքը, ցանկությունները և պայմանները, այլ, Քրիստոսի նման առնելով իրենց խաչը՝ նվիրվում ամբողջական ծառայության։

     

    Սիրելի՛ Հայր Սահակ, հայրական այս խրատս թո՛ղ մնա կենդանի հիշատակ, որ քեզ կառաջնորդի քահանայական առաքելությանդ մեջ։ Հիշատակ, որ հարատև խթանի, խանդավառի և առաքելական կրակը վառ պահի քո սրտի մեջ: Հիշատակ, որ մաքուր, եղբայրասեր, խաղաղասերի վկայությամբ պահես Քրիստոսի ավանդը այնտեղ, ուր պիտի ծառայես։ Քաջ առաքյալ, ա՛ռ քեզ Սուրբ Պողոս առաքյալի խրատը, որ իր հոգեզավակ Տիմոթեոսին ասում է. «և դո՛ւ որդյակ իմ, զորացի՛ր Քրիստոս Հիսուսի շնորհով», ապա շարունակում է. «հիշի՛ր ումից ավանդվեց քեզ, և ում հավատացիր…»։ «Ուստի, քեզ հիշեցնում եմ, որ վերարծարծես Աստծո շնորհը, որ տվեցի քեզ, իմ ձեռքերը դրեցի քո վրա» (Բ. Տիմոթեոսի)։

     

    Հոգեպարար աղոթքների և խնկաբույր շարականների ուղեկցությամբ՝ ձեռնադրության արարողությունը ամբողջանալուց և սրբալույս մյուռոնի օծումը ստանալուց հետո, Հայր Սահակը, քահանայական ամբողջական զգեստավորմամբ, իր անդրանիկ օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին։

     

    Ս. Պատարագի ավարտին, բոլոր հավատացյալները շնորհավորական մաղթանքներով համբուրեցին նվիրյալի մյուռոնօծ ձեռքերը։

     

    Նշենք, որ հավատացյալների հոծ բազմություն էր ժամանել Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Բացի վերոնշյալ պաշտոնատար անձանցից, ներկա էին նաև ձեռնադրյալի ընտանիքը և հարազատները, ինչպես նաև միաբանության մտերիմ հոգևորականներ և բարեկամներ, քանի որ Հայր Սահակը սիրված և հարգված է իր շրջապատի և եկեղեցասեր ժողովրդի կողմից։

     

     

    Աղբյուրը՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքության պաշտոնական կայքէջ 

     

Օրացույց

Օրացույց