• Հաղորդագրություն

    Միասնականությունը համակարգված և արդյունավետ աշխատանքի գրավական:


    Շաբաթ, 19 մարտի, 2022 թվական: Հայաստանի ժամանակով 12:00-ին տեղի ունեցավ Պատրիարքական Հաղորդամիջոցների հանձնախմբի հերթական հեռավար ժողովը՝ գլխավորությամբ Հայ Կաթողիկէ Պատրիարքական Հաղորդամիջոցների հանձնախմբի նախագահ Արհ. Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանի և մասնակցությամբ  Գերհ. Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանի, Գերպ. Հայր Սեպուհ Վրդ. Կարապետյանի, Արժ. Տեր Հովսեփ Քհն. Գալստյանի, Պարոն Ռոբեր Աթթարյանի և Հրանուշ Սարգսյանի:

     

    Ժողովի մեկնարկին, մասնակիցները շնորհավորեցին Արհ. Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանին՝ Սինոդոսական հայրերի որոշումով Հայ Կաթողիկէ Պատրիարքական Հաղորդամիջոցների հանձնախմբի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

     

    Ժողովի քննարկման առանցքը սինոդոսականությունն էր և այն, թե Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ որպես թեմական Եկեղեցի, ինչպես կարող է մասնակիցը դառնալ Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցու գործունեությանը և տեղական եկեղեցիներից յուրաքանչյուրում ինչպիսի ձևաչափով հանդիպումներ պետք է կազմակերպի, որպեսզի կարողանա Սինոդոսականության գաղափարը հնարավորինս մատչելի կերպով մեկնաբանել աշխարհականներին՝ փորձելով նրանց հետ միասին քայլել և անցնել Սրբազան Քահանայապետի կողմից նախանշված «Սինոդոսական Եկեղեցու» այս երեք հանգրվանները և միասնական աշխատանքով Եկեղեցին առաջ տանել:

     

    Այնուհետև, ժողովականները անդրադարձան Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հրավերին՝ առաջիկա մարտի 25-ին Ռուսաստանը և Ուկրաինան Մարիամի Սուրբ Սրտին նվիրելու խաղաղության աղոթքին միանալու անհրաժեշտությանը:

     

    Ժողովի ընթացքում մասնակիցները կարևորեցին Հայ Կաթողիկէ հաղորդամիջոցների գործունեությանն ուղղված նոր ռազմավարական ծրագրի մշակումը, քննարկեցին մոտ ապագայում ընդհանուր համագումար կազմակերպելու անհրաժեշտությունը՝ մասնակցությամբ աշխարհում գործող բոլոր Հայ Կաթողիկէ թեմերի և դրանց հաղորդամիջոցների, ինչը համագործակցության նոր հարթակ կստեղծի և կնպաստի հաղորդամիջոցների համակարգված և արդյունավետ աշխատանքին:

     

    Համաժողովի ավարտին որոշվեց, որ հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի, 2022 թվականի ապրիլի 19-ին, Հայաստանի ժամանակով՝ 19:00-ին:

     

    Պատրաստեց՝ Հրանուշ Սարգսյանը 

Օրացույց

Օրացույց