• Ինչու՞ Ֆաթիմայի Տիրամայրը հիշատակեց միայն Ռուսաստանը: Եվ ինչու՞ XX դարի սկզբին Նրա խնդրած նվիրաբերումն այդքան արդիական է այսօր

    «Հերթական համաշխարհային պատերազմը կանխելու համար Ես կգամ խնդրելու, որ Ռուսաստանը նվիրվի Իմ Անարատ Սրտին և ապաշխարական Հաղորդության առաջին շաբաթ օրերին: Եթե Իմ խնդրանքները լսվեն, ապա Ռուսաստանը դարձի կգա, և մարդիկ խաղաղություն կիմանան»:


     

    Մարտի 25-ին Ն. Ս. Ֆրանցիկոս Սրբազան Քահանայապետը Ռուսաստանը և Ուկրաինան նվիրելու է Մարիամի Անարատ Սրտին: Աստվածամայրն Ինքն է խնդրել դա Ֆաթիմայի երևումների ժամանակ: Ինչու՞ այդպիսի շեշտադրում հենց Ռուսաստանի վրա։ Ինչո՞ւ է այս ամենն անհրաժեշտ։

     

    Շատերին կարող է տարօրինակ թվալ, որ պորտուգալական Ֆաթիմայում երևումների ժամանակ, Աստվածամայրը հիշատակում է հենց Ռուսաստանին: Սակայն, եթե դա դիտարկենք պատմական համատեքստում, ապա Տիրամոր նման ուշադրությունը Ռուսաստանի հանդեպ սկսում է իմաստավորվել:

     

    1917թ.

    Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանում սով էր, իսկ երկրի տնտեսությունը թուլացել էր: Նրա բանակը չէր կարող համեմատվել գերմանական բանակի հետ և հսկայական կորուստներ էր կրում: Սա մեծացրեց թշնամանքն իշխանության հանդեպ: Մարդիկ փորձում էին լուծումներ գտնել:

     

    Ռուսաստանում սկսվեցին անկարգություններ, այդ թվում նաև այն, ինչն հիմա կոչվում է «Փետրվարյան հեղափոխություն» (այն ժամանակ Ռուսաստանն օգտագործում էր հուլյան օրացույցը)։ Դա տեղի ունեցավ 1917թ. մարտի 8-ին և 1917թ. մարտի 15-ին հանգեցրեց ցար Նիկոլայ II հրաժարականին:

     

    Դա էլ ավելի մեծ շարժման սկիզբ դարձավ, քանի որ նպաստեց Վլադիմիր Լենինի իշխանության գալուն: Լենինը Կարլ Մարքսի աշակերտն էր և պատրաստ էր Ռուսաստանում ներդնել մարքսիզմի իր տարբերակը՝ սկսելով սոցիալիստական ​​հեղափոխությունից։

     

    Կոմունիզմի նրա տարբերակը, թեև արդարացված և խոստումնալից էր թվում, սակայն հաջորդ տասնամյակներում Ռուսաստանում հանգեցնում է մարդկանց իրավունքների սահմանափակման, տոտալիտարիզմի, զանգվածային ռեպրեսիաների, Աստծո մերժմանն ու հակակրոնական հալածանքների և բազմաթիվ այլ բացասական հետևանքների: Այս գաղափարները հետագայում տարածվում են աշխարհի շատ այլ երկրներում:

     

    Օրինակ, 1921թ. Չինաստանն ընդունեց կոմունիզմը՝ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության անմիջական ազդեցության տակ։

     

    Կաթողիկէ Եկեղեցին պաշտոնապես դատապարտեց կոմունիզմը Պիոս XI Պապի Divini Redemptoris շրջաբերականում, որն հրապարակվել է 1937թ. մարտի 19-ին հետևյալ ենթավերնագրով. «Անաստված կոմունիզմի և քրիստոնեական սոցիալական դոկտրինայի (վարդապետության) մասին»։ Սակայն, ավելի վաղ Լեո XIII Պապը իր Quod apostolici muneris շրջաբերականում կոմունիզմն անվանեց «կործանարար ժանտախտ, որը, դիպչելով մարդկային հասարակության ոսկրածուծին, կարող է հանգեցնել նրա փլուզմանը»: Հետագայում Պապերը բազմիցս դատապարտել են այս աթեիստական ​​և կործանարար գաղափարախոսությունը։

     

    Սուրբ Կույս Մարիամը Ֆաթիմայում հայտնվել է 1917թ. մայիսի 13-ին՝ Ռուսաստանում հեղափոխության սկսվելուց ընդամենը մի քանի ամիս անց: Աշխարհն արդեն գիտեր հեղափոխոթյան մասին, սակայն չգիտեր կոմունիստների իշխանության գալու և դրա հետևանքների մասին ամբողջ աշխարհի համար։

     

    Տիրամոր խոսքերը Ֆաթիմայում

    Ֆաթիմայում 1917թ. մայիսի 13-ի հայտնության ժամանակ Աստվածամայրը երեխաներին պատմում է Ռուսաստանի մասին. «Հերթական համաշխարհային պատերազմը կանխելու համար Ես կգամ խնդրելու, որ Ռուսաստանը նվիրվի Իմ Անարատ Սրտին և ապաշխարական Հաղորդության առաջին շաբաթ օրերին: Եթե ​​Իմ խնդրանքները լսվեն, ապա Ռուսաստանը դարձի կգա, և մարդիկ խաղաղություն կիմանան, իսկ եթե ոչ, ապա նրա մոլորությունները կտարածվեն աշխարհով մեկ, կլինեն պատերազմներ և հալածանքներ Եկեղեցու դեմ: Բարեպաշտները կնահատակվեն, Սրբազան Քահանայապետը շատ կտառապի, ամբողջ ազգեր կկործանվեն։ Բայց ի վերջո, Իմ Անարատ Սիրտը կհաղթի: Սրբազան Քահանայապետն Ինձ կնվիրի Ռուսաստանը, որը դարձի կգա, և աշխարհին որոշ ժամանակով խաղաղություն կշնորհվի»:

     

    Փոքրիկ երեխաները Ֆաթիմայում չէին էլ կարող պատկերացնել, որ ռուսական կառավարությունը և նրա կոմունիստական ​​փիլիսոփայությունը կարող են վնաս պատճառել ամբողջ աշխարհին:

     

    Սակայն հենց դա էլ տեղի ունեցավ, երբ Խորհրդային Միությունը մեծացրեց իր ազդեցությունը աշխարհի տարբեր երկրներում՝ տարածելով պետական ​​համակարգի իր «տարբերակը» և ներդնելով մի գաղափարախոսություն, որտեղ չկար ազատ մտածողություն, հավատք առ Աստված և մարդկանց իրավունքները շատ էին խախտվում: Կոմունիզմի գաղափարները չկիսող երկրների նկատմամբ արտաքին քաղաքականությունը հիմնված էր զենքի սպառնալիքի սկզբունքների վրա, ձեռնարկվեցին բավականին հաջող գործողություններ վերահսկողություն հաստատելու համար այն երկրների նկատմամբ, որտեղ ժողովուրդը դեմ էր «սովետական» տիպի բարեփոխումներին։

     

    Առաջին հայտնությունից 12 տարի անց՝ 1929թ. հուլիսի 13-ի գիշերը, Աստվածամայրը երևում է արդեն չափահաս Լուսիային, ով միանձնուհի էր դարձել, և ասում. «Եկել է ժամանակը, Աստված ցանկանում է, որ Սրբազան Քահանայապետը, ամբողջ աշխարհի եպիսկոպոսների հետ միասնաբար, Ռուսաստանը նվիրաբերի Իմ Անարատ Սրտին: Դա կփրկի նրան: Աստծո արդարությունը շատ հոգիների է դատապարտել Իմ դեմ գործած մեղքերի համար, ուստի Ես եկա փոխհատուցում խնդրելու: Զոհաբերի՛ր քեզ այս մտադրության համար և աղոթի՛ր»։

     

    Սակայն այս ամենից հետո երկար ժամանակ ոչինչ տեղի չի ունենում։ Հետագա Քահանայապետերից ոչ մեկին չի հաջողվում կատարել Նվիրաբերումը: Միայն 1980-ականներին որաշակի բեկում տեղի ունեցավ, երբ Պետրոսի գահին նստեց Հովհաննես Պողոս II Պապը: 1984թ. մարտի 25-ին՝ Ավետման տոնին, Սուրբ Պետրոսի տաճարում Հովհաննես Պողոս II Պապը կատարում է 1917թ. երևումներում Մարիամի հնչեցրած խնդրանքը: Ֆաթիմայի Տիրամոր արձանի դիմաց նա հանդիսավոր կերպով աշխարհը նվիրաբերում է Մարիամի Անարատ Սրտին։

     

    Եկեղեցու ծնունդից ի վեր հավատացյալները դիմել են Աստվածամորը տարբեր խնդիրների ու դժվարին իրավիճակների ժամանակ, որոնք մարդկային ջանքերով հնարավոր չի եղել լուծել: Ահա թե ինչու 2022թ., երբ Եվրոպայում նորից պատերազմ բռնկվեց, Ուկրաինայի Կաթողիկե Եպիսկոպոսները խնդրանքով դիմեցին Սրբազան Քահանայապետին կրկին կատարել այդ նվիրաբերումը, որպես «վերջին միջոց ընդդեմ անընդհատ տարածվող պատերազմի» և «որպեսզի դադարի մոլեգնող չարիքը»: Սրբազան Քահանայապետն արձագանքեց այս խնդրանքին և մարտի 25-ին կկատարի Ռուսաստանի և Ուկրաինայի նվիրաբերման արարողությունը Մարիամի Անարատ Սրտին։

     

    Աշխարհի բոլոր հավատացյալները կարող են միանալ այդ աղոթքին և Սրբազան Քահանայապետի հետ միասին խնդրեն, որպեսզի վերջ տրվի այս ողբերգական իրադարձություններին: Բացի այդ, մենք կարող ենք լավ ազդեցություն ունենալ աշխարհի վրա, եթե լսենք և հետևենք Տիրամոր կոչին. «Ապաշխարությու՛ն, ապաշխարությու՛ն, ապաշխարությու՛ն»:

     

    ФБ страница Катология 

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց