Մենք ևս Աստծո լույսի կարիքն ունենք, որն օգնում է մեզ ամեն ինչին այլ կերպ նայել:
2022թ. մարտի 13-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշատակեց Հիսուսի Պայծառակերպությանն ականատես եղած առաքյալներին՝ ընդգծելով, որ մենք ևս Աստծո լույսի կարիքն ունենք, որը ոգեշնչում է մեզ աղոթել և ծառայել:
Նորին Սրբությունը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունեց ուխտավորներին և սկսեց իր խորհրդածությունը Մեծ Պահքի II կիրակիի ավետարանական ընթերցման շուրջ, որտեղ պատմվում էր Տիրոջ Պայծառակերպության մասին՝ Թաբոր լեռան վրա աղոթքի ժամանակ։ Աստծո փառքի լույսի ներքո հայտնվում են Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի Զատիկի մասին Երուսաղեմում, այսինքն՝ Նրա չարչարանքների, մահվան ու հարության մասին:
Այս զարմանահրաշ իրադարձության վկաներն են Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալները, ովքեր Հիսուսի հետ բարձրացել էին լեռը։ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Ղուկասի Ավետարանում առաքյալները «քնի ծանրության տակ էին», սակայն «արթնանալով» տեսան Տիրոջ փառքը: Աշակերտների քնկոտությունը նման արտակարգ պահերին, ինչպես այս դեպքում է կամ էլ Գեթսեմանիում Հիսուսի տխուր աղոթքի ժամանակ, դիտվում է որպես արտասովոր մի բան: Սակայն տվյալ դեպքում նրանք քնեցին Պայծառակերպության նախօրեին և, հավանաբար, նաև աղոթեցին Ուսուցչի հետ, մինչև քունը կհաղթահարեր նրանց:
Երբեմն ամենակարևոր պահերին մենք ևս զգում ենք այս «անժամանակ նիրհը», շարունակեց Նորին Սրբությունը. հաճախ լարված և ծանր օրվանից հետո մենք բավականաչափ ուժ չենք ունենում աղոթելու, ընտանիքի հետ շփվելու, առավել ուշադիր և հետաքրքրված լինելու համար: Մեծ Պահքը մեզ հնարավորություն է տալիս արթնանալ այդ «հոգևոր անտարբերությունից», սակայն մենք ինքներս չենք կարող դա անել, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, քանզի այդ շնորհը ստանալու համար պետք է աղոթել, օգնություն խնդրել Սուրբ Հոգուց. «Արի՛, Սուրբ Հոգի, օգնի՛ր ինձ, ես ուզում եմ հանդիպել Հիսուսին և լինել ուշադիր ու զգոն»: Ինչպես տեսնում ենք Հիսուսի երեք աշակերտները չկարողացան զգոն, արթուն մնալ և նրանք արթնացան հենց Պայծառակերպության ժամանակ, երբ Քրիստոսի լույսը լուսավորեց նրանց.
«Մենք ևս Աստծո լույսի կարիքն ունենք, որն օգնում է մեզ ամեն ինչին այլ կերպ նայել. այն հրապուրում է մեզ, արթնացնում, կրկին ոգեշնչում և ուժ տալիս աղոթելու համար, սա հնարավորություն է ինքներս մեզ հասկանալու և ուրիշներին ժամանակ տրամադրելու համար»:
Մեծ Պահքի ժամանակ, ամենօրյա աշխատանքից հետո, նախքան սենյակի լույսը հանգցնելը, մենք պետք է թույլ տանք, որ Տերն Իր լույսով լուսավորի մեզ, այսինքն պետք է աղոթենք, ասաց Նորին Սրբությունը. «Հնարավորություն տանք Տիրոջը, որպեսզի զարմացնի մեզ և արթնացնի մեր սրտերը»: Մենք դա կարող ենք անել՝ Աստվածաշնչից մի հատված կարդալով կամ էլ մտահայելով խաչված Հիսուսին՝ զգալով Աստծո անսահման սիրո հրաշքը, «Ով երբեք չի հոգնում մեզանից և մեր օրերը վերափոխելու, դրանց նոր իմաստ հաղորդելու զորություն ունի»:
Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա «օգնի մեզ արթուն պահել մեր սրտերը և ընդունել այս շնորհը, որն Աստված առաջարկում է մեզ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը