• Վատիկանը փորձել է կանգնեցնել հայերի ցեղասպանութիւնը.գերմանացի պատմաբան Միշէլ Հեսմանի հարցազրույցը ամբողջությամբ

    Ֆրանցիսկոս Քահանայապետը առաջին Պապը չէ, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը


     

    17 մարտի, 2015թ.

     Մինչ աշխարհը կհիշատակի Հայկական Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, գերմանացի հայտնի պատմաբան Միշել Հեսմանը հայտարարում է երկու հազար էջանոց, մինչ այժմ չհրատարակված փաստաթղթերի մասին, որոնք նա անվանում է «պատմության մեջ քրիստոնյաների ամենամեծ հալածանքները» Վատիկանի գաղտնի արխիվներում:

     

    ZENIT-ի հետ ունեցած հարցազրուցի խորը վերլուծություններում պատմաբանը քննարկում է իր  բացահայտումները Հայկական Ցեղասպանության եւ նրա զոհերի հետ կապված, որոնք հաճախ  չեն իրականացվել, թեմաներ, որոնք նա քննարկում է իր նոր գրքում:

     

    Նա նաև խոսում է Սրբազան Հոր՝ վերջերս  Թուրքիա կատարած այցի մասին, թե նա ինչու չխոսեց այս թեմայով, թե մարդիկ ինչ  գիտեն այն ժամանակ տեղի ունեցած ողերբերգության մասին, թե ինչ է տեղի ունենում հիմա:

     

    ZENIT.   Ի՞նչը  Ձեզ մղեց  այս փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվելու, եւ ի՞նչ   բացահայտումներ արեցիք:

     

    Հեսման.  Քյոլնի Արքեպիսկոպոսի կողմից գրված նամակը կարդալուց հետո ես իրապես հետաքրքրվեցի Հայկական Ցեղասպանությամբ – ես նույնպես Քյոլնի Արքեպիսկոպոսությունից եմ,- 1913 թվականին, Կարդինալ վոն Հարթմանը նամակ է ուղարկում  Ռեյխ՝ Գերմանիայի Կանցլերին՝ Գերմանիայից պահանջելով կանխել  Հայկական Ցեղասպանությունը՝ Թուրքիայի հյուսիսարևելյան մասից ռուսական զորքերի նահանջից հետո: Նրա խոսքերը շատ տպավորիչ են: Նա հաստատում է   1915/1916 թվականի Հայկական Ցեղասպանությունը և այն համեմատում  քրիստոնյաների՝  չորրորդ դարասկզբին տեղի ունեցած  հալածանքների հետ՝ նման Դիոկղետիանոսի հալածանքին:

     

    Նա ասում է, քանի որ Գերմանիան Թուրքիայի մոտ դաշնակիցն է, Գերմանիայի ապագա սերունդների  անվանը ամոթաբեր կլինի, եթե Գերմանիան ոչինչ չանի այն դադարեցնելու համար: Ես անմիջապես հասկացա, թե որքան նա ճիշտ է, և որ նա  արդարության ձայնն է այս սարսափելի առաջին աշխարհամարտում: Ինքս ինձ  հետո հարցրեցի. «Ի՞նչ արեց Գերմանիան  Առաջին Աշխարհամարտից հետո և ինչ է անում այսօր՝ աշխարհին պատմելու համար այն, ինչ գիտի այդ սարսափելի դեպքերի մասին՝ առնվազն կանխելու համար այն, որ պատմությունը չկրկնվի նորից: -Իսկապես ոչինչ»:

     

    Հետո, 1939 թվականին Ադոլֆ Հիտլերը հանդիպում է իր գլխավոր հրամանատարության հետ  «Բերգոֆ»-ում, Բերչտեսգադենի մոտակա լեռներում տեղակայված իր բնակատեղիում, և հայտարարում Լեհաստանի հետ կապված իր պլանների մասին՝ լեհ ազնվականության ամբողջական անխնա ջարդի և  այլ վայրագություների մասին: Նա հրամայում է գործել ծայրահեղ անգութ դաժանությամբ, քանի որ «պատմությունը միշտ էլ գրվում է հաղթողների կողմից» և, ամեն դեպքում, «ո՞վ է  այսօր խոսում  Հայկական Ցեղասպանության մասին»: Մի՞թե Հայկական Ցեղասպանության հերքումն ու ծածկումն էր, որ այսպես ակնհայտորեն պատճառ  դարձավ Լեհաստանում հիտլերյան դաժանության և նույնիսկ Հոլոքոստի: Թվում է դա այսպես է: Եթե դու չես պատմում եղելությունը, պատմությունը միշտ  կրկնվելու է նորից: Ուստի, ես՝ որպես պատմաբան, կարծում եմ, որ 2008 թվականից ի վեր  իմ պարտականությունն է մուտք գործել Վատիկանի գաղտնի արխիվներ՝ փնտրելու ավելի շատ փաստաթղթեր: Ես հետաքրքրվեցի և «հրապուրվեցի» այս թեմայով: Ես ուզեցի իմանալ, թե ինչ է  իսկապես տեղի ունեցել:

     

    Այսպիսով, ես գտա փաստաթղթեր, փաստաթղթեր և  էլի փաստաթղթեր, ավելի քան երկու հազար էջեր, որոնցից շատերը երբևէ չեն հրատարակվել, չեն ուսումնասիրվել կամ գնահատվել որևէ պատմաբանի կողմից: Բնականաբար, ես ինքս ինձ զարգացրել եմ ցեղասպանության որոշ կողմերով, կարդացել եմ  այս բնագավառի ժամանակակից գլխավոր պատմաբանների աշխատությունները, ինչպիսիք են՝ Գևորգյանը, Դադրյանը և այլոք, և ես միանգամից կռահեցի, որ մուտք եմ գործում մի նոր տեսակի տարածք՝ նրանց կարևոր  աշխատությանը նոր տեսակետ հաղորդելով: Հայկական Ցեղասպանության մասին մեր ունեցած աղբյուրներն անշուշտ գերմանական փաստաթղեր են՝ ուղարկված Օսմանյան կայսրությունում տեղակայված հրամանատարների և դիվանագետների կողմից, որոնք մենք գտնում ենք  Գերմանիայի արտաքին գործերի բաժնի արխիվներում: Ամերիկյան դիվանագետների տեղեկագրություններն այլ կարևոր թիվ են կազմում, և, իհարկե,  Կոնստանդնուպոլսում Ամերիակայի դեսպան՝  Հենրի Մորգենթաուի հանճարեղ զեկույցները: Մենք, իհարկե, ունենք նաեւ այդ տարիներին Թուրքիայում գտնվող և՛ բրիտանացի, և՛ ֆրանսիացի, և՛ իտալացի դիվանագետների տված խելացի տեղեկություններ: Բայց Վատիկանի փաստաթղթերը գերազանց, առաջնակարգ տեղեկատվական աղբյուրներ են:

     

    ZENIT.  Ինչու՞ տեղի ունեցան այս ջարդերը:

     

    Հեսման. Լավ, ջարդերը տեղի ունեցան թուրքերի՝ հայկական տներում զենք որոնելուց հետո, և նրանք ցանկացած գտած զենք օգտագործեցին որպես հարձակման կամ նախատեսված ապստամբության «վկայություն», որը, իհարկե, անհեթեթություն էր,- մարդիկ իրենց բնակավայրերում ինքնապաշտպանության համար զենքի կարիք ունեին: Հետո  բոլոր տղամարդիկ ձերբակալվեցին, կտտանքների ենթարկվեցին, քաղաքներից ու գյուղերից դուրս հանվեցին եւ սպանվեցին: Լավ, ինչպե՞ս  կարող է վերահաստատել մի  ժողովուրդ, որի բոլոր տղամարդիկ սպանված են: Սա ապագա սերնդի վախճանն է: Առանց տղամարդու,  ընտանիքները չեն կարող լինել:

     

    Ապա բոլոր կանայք, ծերերն ու երեխաները ոտքով ուղարկվեցին նոր տարածքներ՝ Անատոլիայի լեռնային բարձրավանդակից հազարավոր մղոն հեռավորության վրա՝ հաճախ առանց  սննդի և ջրի: Երբեմն նրանց չէր թուլատրվում ջուր խմել այն գետերից, որոնց կողքից անցնում էին: Նրանք հափշտակվում ու կողոպտվում էին լեռնային ցեղերի կողմից, ազատ արձակված բանտարկյալների և իրենց իսկ սեփական ոստիկանության պահակախմբի կողմից, և այդ մահացու հարձակումներից վերապրածները՝ երբեմն միայն հինգ տոկոսը, մնում էին բոլորովին մերկ, կեղտոտ և բարոյալքված թուրքական շոգ արևին և ցուրտ գիշերներին:

     

    350, 000 մարդ, որ այնուամենայնիվ  հասավ Սիրիայի անապատ, դրվեց համակենտրոնացման ճամբարներում՝ առանց սննդի  և քիչ    ջրով, և տարածվեց մահաբեր համաճարակ: Իսկ նրանք, ովքեր ողջ մնացին, հաջորդ կես տարին ուղարկվեցին մահվան նոր երթերի՝ դեպի  անապատի խորքերը, կամ ուղղակի ջարդվեցին: Այսպիսով, վերջում միայն մի քանի հազար մարդ ողջ մնաց: Նրանցից շատերը որբեր էին: Բենեդիկտոս ԺԵ-ն  ավելի ուշ երկու որբանոցներ բացեց՝ նրանց մի մասին ապաստան տրամադրելու համար:

     

    Երբ կարդում ենք ականտեսների վկայությունը, այն իսկապես սրտաճմլիկ է: Կարդում ենք նույնիսկ բռնաբարված միանձնուհիների վկայությունները, որոնց բոլոր հագուստները գողացված էին: Այս ամենից հետո նրանցից շատերը խելագարվեցին, որովհետև նրանք չկարողացան դիմակայել այս բոլոր սարսափելի փորձություններին: Մայրերն իրենց երեխաներին նետեցին կիրճերը, գետերը՝ նրանց սպանելու համար, որպեսզի նրանք չտառապեին այնքան, որքան իրենք են տառապել: Ինքնասպանությունները՝ օրակարգում էին:

     

    Ամիսներ շարունակ Մոսուլի և այլ քաղաքների ազգաբնակաչությանը, որ մահմեդականների էին անշուշտ, կառավարության կողմից նախազգուշացված էր  գետից ջուր չխմել, որովհետև այն աղտոտված էր  հազարավոր դիակներով, որոնք թափվում էին Եփրատ և Տիգրիս գետերի մեջ: Այս ամենը շատ լավ է փաստագրված: Բայց այն դեռ պաշտոնապես հերքվում է թուրքական կառավարության կողմից:

     

    ZENIT.  Կարո՞ղ եք այս մասին ավելի խոսել:

     

    Հեսման. Օրինակ, եթե դուք կարդաք Թուրքիայի հանրապետության զբոսաշրջության բաժնի՝ «Թուրքիայի պատմության երկու հազար տարիները», այդ արտասովոր վերնագրով գիրքը, որտեղ նշվում է, որ Թուրքիան ունի ավելի քան հինգ հազար տարվա փաստագրված պատություն, ապա դուք կհանդիպեք հետևյալ մեջբերմանը. «Օսմանյան կայսրությունը որոշեց տեղափոխել հայերին, քանի որ նրանք ապստամբություն էին բարձրացրել, ավելի ապահով վայրեր, այսինքն՝ Սիրիա և Լիբանան… Ներգաղթեցման գործընթացն ընթացավ հաջողությամբ, եւ  հայերից շատերն  անվտանգ տեղափոխվեցին  Սիրիա»,-  սա կարելի է անվանել ցինիկ սուտ:

     

    Թուրքական կառավարությունը այնքան ջանադրաբար է փորձում անել ամեն ինչ՝ ճնշելու համար Հայկական Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքն ազատ աշխարհի դպրոցական դասագրքերում կամ կանխելու՝ Հայկական Ցեղասպանության ճանաչումը որպես Ցեղասպանություն:

     

    Իհարկե, «ցեղասպանություն» տերմինը կարող է քննարկվել Միացյալ Ազգերի բնորոշման համաձայն, այսինքն այն, որ որեւէ  խմբի կամ ժողովրդի  զանգվածային սպանությունը,  եւ նույնիսկ  կրոնական խմբինը, կոչվում է  «ցեղասպանություն»:

     

    Ի վերջո հայերը չսպանվեցին,  հայ լինելու համար, այլ որովհետև նրանք քրիստոնյաներ էին: Նույնիսկ հայ կանանց առաջարկված էր խնայել, եթե նրանք ընդունեին իսլամը: Հետո նրանց ամուսնացնում էին թուրքական ընտանիքներում կամ  վաճառվում էին ստրուկների  շուկաներում կամ էլ որպես սեռական ստրուկներ վերցվում էին պոռնկանոցների կողմից  թուրքակական զինվորների համար, բայց ամեն դեպքում նրանք կենդանի էին մնում: Իսլամն ընդունելու ենթակա ծպտյալ հայերի մի ամբողջ խումբ էր ստեղծվել: Բայց, ի վերջո, այն ցույց տվեց, որ  հայերը չէին սպանվել, որովհետև նրանք հայեր էին, այլ որովհետև նրանք քրիստոնյաներ էին, միևնույն պատճառով էլ սպանվել էին Սիրիայի քրիստոնյաները:

     

    ZENIT. Հիմնվելով վիճակագրության վրա ինչպե՞ս կարելի է հաշվել զոհերի թիվը:

     

    Հեսման. Թե՛ ըստ Միացյալ Ազգերի կողմից տրված սահմանումի եւ թե՛ միաժամանակ պատմության մեջ քրիստոնյաների ամենամեծ հալածանքի, երկուսուկես միլիոն մարդ է սպանվել, որից մեկուկես միլիոնը հայեր են, իսկ  մեկ միլիոնը՝ ասորի և հույն քրիստոնյաներ:

     

    ZENIT. Ո՞րն է Ձեր կարծիքը Ֆրանցիսկոս Պապի՝ Թուրքիա կատարած այցի մասին, և, թե ինչպես նա ներկայացրեց Հայկական Հարցը:

     

    Հեսման. Նա պատմության մեջ առաջին Պապը չէ, ով խոսում է Հայկական Ցեղասպանության մասին, Բենեդիկտոս 15-րդ և Հովհաննես Պողոս 2-րդ Պապերն այդ մասին նույնպես խոսել են: Բայց, ես շատ երախտապարտ եմ, որ  նույնիսկ նախքան Պապ ձեռնադրվելը, Ֆրանցիսկոս Պապն իր գրքում,  օրինակ՝ Ռաբբի Սկորկայի հետ զրույցում, հիշատակում է Հայկական Ցեղասպանությունը: 2013 թվականի մայիսին՝ իր Քահանայապետության առաջին իսկ ամիսներին, Պապը, ընդունելով Հայ Պատրիարքներից մեկին, 1915-1916 թվականների դեպքերն անվանեց ցեղասպանություն, որը  պատճառ հանդիսացավ մեծ անհանգստությունների և անբայրացակամ հակառակության թուրքական կողմից,  ինչպես դա պատահեց Հովհաննես Պողոս Բ-ի՝ ցեղասպանության մասին ակնարկությունների ժամանակ: Անչափ երախտապարտ եմ, որ նա շարունակեց Պապերի այն երկար շարքը, ովքեր բացահայտորեն խոսեցին Հայոց Ցեղասպանության մասին:

     

    Ես մի փոքր հիասթափված էի, որ նա այդ հարցը չբարձրացրեց, երբ հանդիպեց Էրդողանին, որովհետև նրա այցելությունը տեղի ունեցավ Հայկական Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման  տարեսկզբին: Բայց հետո՝ նա  հյուր էր այնտեղ և  չցանկացավ հրահրել  ավելի թշնամական իրավիճակ քրիստոնյաների համար,  Թուրքիայում դեռեւս  հալածվող քրիստոնյա փոքրամասնությունների համար: Դիվանագիտության տեսանկյունից նա ճիշտ վարվեց:

     

    ZENIT.  Սրբազան Հայրը  ապրիլին  որևէ  բան անելու՞ է  այդ  տարելիցը  հիշտակելու համար:

     

    Հեսման. Այո, իսկապես որ: Ֆրանցիսկոս Պապը հայտարարեց, որ ապրիլի  12-ին  մատուցելու է Սուրբ Պատարագ հայկական ծիսակարգով՝ ի հիշատակ  հարյուր տարի առաջ տեղի ունեցածի: Հույսով եմ, որ այդ առումով  նա հստակ բառեր կգտնի իր ճառի մեջ Եվ ես հույս ունեմ, որ նա կընդունի Հայաստանի նախագահի  և Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հրավերը Հայաստան մեկնելու: Եթե նույնիսկ ապրիլին 24-ին նա Հայաստան չգնա, կարող է  ավելի ուշ գնալ այս տարի: Երբեմն ճշմարտությունը և համերաշխությունը  նահատակների հետ ավելի կարևոր են, քան դիվանագիտությունը: Յուրաքանչյուր ոք, ով կարդում է Վատիկանի 1915/1916 թվականի  փաստաթղթերը, ավելի լավ գաղափար է կազմում պատահածի մասին: Նույնիսկ Բենեդիկտոս ԺԵ Պապը, ով շատ զգույշ դիվանագետ էր, պահելով չեզոքությունը, որտեղ կարող էր, չկարողացավ լուռ մնալ և բողոքեց երեք անգամ. երկու անգամ սուլթանին գրած իր անձնական նամակով և մեկ անգամ  եկեղեցական ժողովի ժամանակ իր ելույթով: Իրոք, հասարակական բողոքի ցույցերի միջոցով Հայկական Ցեղասպանությունը դադարեցնելու իր փորձը պատմության մեջ ամենատպավորիչ օրինակներից մեկն է, թե ինչպես վատիկանյան դիվանագիտությունը  մարդկայնորեն  փորձեց անել հնարավորինս  ամեն ինչ՝ կանգնելու այս  հալածված եղբայրների  ու քույրերի կողքին և փրկելու այս անմեղ զոհերին պատմության ամենամեծ հանցագործությունից: Միևնույն ժամանակ խիստ զայրացնող է, որ Վատիկանի դիվանագիտությունը չի կարող փոխել մոլեռանդ գաղափարախոսների մտքերը, ովքեր միայն ցույց են տալիս, որ «խիղճը» եւ « կարեկցանքը»  օտար  բառեր են իրենց համար:

     

    ZENIT.   Արդեն մոտենում ենք հարյուրամյա տարելիցին, ի՞նչ եք կարծում՝ մարդիկ ի՞նչ պետք է հասկանան կամ  ի՞նչը պետք է վերացնեն, որ դեռ չեն արել:

     

    Հեսման. Մեկ բան պետք է սովորենք. ոչ ոք երբևէ չպիտի շրջվի և հեռվից  նայի, երբ  լսի աշխարհի ցանկացած մասում տեղի ունեցող վայրագությունների մասին: Եթե դուք  անտարբեր եք այսօր,  վաղը կրելու եք դրա հետևանքները: Ավելի լավ է գործել և արձագանքել հիմա:

     

    Հիտլերը կարծում էր, թե նա անվտանգ կողմում էր, բայց դա այդպես չէր: Ուստի ես հույս ունեմ, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցած վայրագությունները կարթնացնեն քրիստոնյաներին և պատասխանատու մարդկանց՝ քաղաքականության, արվեստի, գիտության, բարոյականության, կյանքի բոլոր բնագավառներից, նայելու, թե ինչ է տեղի ունենում քրիստոնյաների հետ այսօր նույն տարածաշրջանում:

     

    Երբ ես տեսա հաշվետվությունները եւ տեսանյութերը, թե ինչ է տեղի ունենում Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում, դա ինձ համար նորություն չէր: Ես ստիպված էի ընդունել, որ, երբ ուսումնասիրում էի այս փաստաթղթերը, նկարները և Հայկական Ցեղասպանության հետ կապված ամեն ինչ,  երբեմն մտածում էի, թե իմ ունեցած աղբյուրներից մի քանիսը   չափազանցություն էին:

     

    Այնքան անիրական էին հնչում այդ բոլոր վայրագությունները, այդ դաժանությունները, խաչելության մասին հաշվետվությունները եւ գլխատված տղամարդկանց գանգերից կազմված բլուրները եւ այլն: Եվ հետո այս ամենը տեղի ունեցավ իմ աչքերի առաջ՝ նորություններում: Պատմությունը ինքնին կրկնվում է. եթե  չենք սովորում անցյալից, եթե տեղյակ չենք անցալում տեղի ունեցածից, մենք թույլ ենք տալիս մարդկանց նորից հանցանքներ գործել: Ահա թե ինչու յուրաքնչյուր հանցանքի համար պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի մարդիկ իմանան, որ  հանցագործությունների համար պետք է  հատուցել: 1915 թվականին Գերմանիայի կանցլեր  Բեթման-Հոլուեգը Հայկական Ցեղասպանության մասին գիտեր ամեն ինչ, քանի որ նա ստացել էր բոլոր  զգուշավոր հաշվետվությունները իր դիվանագետների կողմից: Սակայն նա չէր ցանկանում կոտորածը դադարեցնել, այլ դրա փոխարեն նա հայտարարեց. «Մենք պետք է Թուրքիային՝ որպես մեր դաշնակցի, մեր կողքին  պահենք, մինչև պատերազմը կավարտվի, եթե նույնիսկ հայերը բնաջնջվեն»: Այս պատճառով Գերմանիան  նույնպես մեղավոր է, որովհետեւ թույլ տվեց, որ այս ամենը տեղի ունենա: Այսօր մենք չպիտի  հետևենք Գերմանիայի օրինակին և անտեսենք այն, ինչ տեղի է ունենում, դիվանագիտական կամ առեւտրային հարաբերությունները  չվտանգվելու համար: Մենք պե՛տք է կանգնեցնենք Իսլամական պետությանը և դադարեցնե՛նք քրիստոնյաների կոտորածները հենց հիմա:

     

    Եվ վերջապես, որպես կաթողիկե, ես հավատում եմ, որ ամեն- ոք կարող է ներում ստանալ, եթե  խոստովանի  իր մեղքերը: Բայց դա առաջին պայմանն է: Ես չեմ ցանկանում որևէ   վրեժխնդրություն կամ պատիժ Թուրքիայի համար: Ամենևին էլ ոչ: Ես ուզում եմ ապաշխարություն: Հայ և թուրք ժողովուրդների  միջև հաշտություն, բայց սրա պայմանը, ներումի պայմանը, ճշմարտությունն է: Եթե  գնամ խոստովանության եւ ժխտեմ իմ մեղքերը, ապա այն անարժեք է, և  ես   ներում չեմ գտնի: Ներում կգտնեմ միայն այն դեպքում, երբ ազնվորեն խոստովանեմ, թե ինչ է իսկապես տեղի ունեցել: Միայն ճշմարտությունը  կարող  է  մեզ  տալ ազատություն:

     

    Պատմական փաստերը բյուրեղյա մաքրություն ունեն: Դրանք այնքան մաքուր են, որքան Հոլոքոստինը, կամ ցանկացած այլ դեպք, որը դուք կգտնեք պատմություն մի որեւէ գրքում… այնքան շատ փաստաթղթեր, աղբյուրներ, հստակ վիճակագրություններ, հստակ վկայություն կա այն մասին, որ  մեկուկես միլիոն հայեր և  մեկ միլիոն ասորի և հույն քրիստոնյաներ  են սպանվել: Չե՛ք կարող դա հերքել: Չե՛ք կարող  արդարացնել  դա: Դուք կարող եք միայն,- եւ դա արդեն ուշացած է,- ընդունել:

     

    Սա է  հաշտեցման առաջին քայլը: Ցանկացած պատմաբան,  նույնիսկ եթե կաշառվի կամ ճնշման տակ դրվի, աչքի անցկացնելով այս բոլոր վկայությունները, գալու է նույն եզրակացությանը, թե ինչ է տեղի ունեցել: Բացի մեր ունեցած վկայությունների հետ առերեսվելուց, այլ  հնարավոր եզրակացություն չի կարող լինել: Դա ցեղասպանություն էր: Պատմության մեջ դա քրիստոնյաների ամենամեծ հալածանքն էր: Եթե  դեռեւս հերքում եք դա, ապա պաշտպանում եք հանցագործներին,  կանգնում եք  մարդասպանների կողքին և թույլ եք տալիս, որ դա կրկին տեղի ունենա:  

     

    Այս տեքստը հայերեն է թարգմանվել Zenit.org կայքի անգլերեն հրապարակված տեքստից:

     

Օրացույց

Օրացույց