• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսը Սբ. Պատարագ է մատուցել Գյումրիում

    Ի՞նչ դասեր ունենք քաղելու Ադամի արտաքսման պատմությունից


    2022թ. մարտի 6-ին՝ Մեծ Պահոց Բ կիրակի, Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում Սբ. Պատարագը մատուցեց Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի և Վրաստանի համայնքներում: Սբ. Պատարագի ընթացքում Ամեն. Հոգևոր Տերը հավատացյալներին ուղղեց հետևյալ պատգամը.

     

    «Սիրելի՜ քույրեր և եղբայրներ, այս կիրակին, որ նվիրված է Ադամի և Եվայի մեղքին, մեր ծեսում կոչվում է Արտաքսման կիրակի: Ավետարանը, որ կարդացինք ճիշտ հակապատկերն է Աստվածային արդարության, որ մեղքի դիմաց պատիժ է, բայց միևնույն ժամանակ Աստվածային գերազանց սերն ու գուրգուրանքը մարդկային էությանը, մարդկությանը արդարանալու և երկնքի կյանքին արժանանալու հնարավորություն է տալիս: Այն ամենը ինչ լսեցինք և կարդացինք Ավետարանում, մեզ տալիս է ուղերձ՝ առ այն, որ մենք կարողանանք մեր սրտերն ու հոգիները մաքրել, իրար չվշտացնել, իրար հետ եղբայրասիրության մեջ ապրել, բայց ի նկատի ունի ոչ հաշվենկատ եղբայրասիրությունը. կսիրեմ, եթե այս կամ այն շահը ունենամ, հաճելի կդառնամ, եթե ես հարստանամ իմ եղբոր, ընկերոջ, հարևանիս ինչքերից: Դա եղբայրասիրություն չէ, դա սիրտը և հոգին մաքրելու միջոց չէ, որպեսզի կարողանամ արդարանալ Աստծո դիմաց: Եղբայրասիրությունը չհայհոյելն է, չամբաստանելը, իրար չվշտացնելը, պարզապես Աստված ցանկանում է ասել, որ սերը այն չէ, ինչը ես ընդունում եմ, այլ՝ այն, ինչը ես կարող եմ տալ: Սիրելու իմաստը զոհվելն է, ինչպես Քրիստոս զոհվեց Խաչի վրա և ոչինչ չառավ դրա դիմաց, Ինքն Իրեն մեզ նվիրեց՝ մեզ փրկելու համար: Ահա այս սերն է այսօր պահանջվում մեզանից, որ մենք կարողանանք իրականացնել մեր կյանքում. դիմացինի մեջ տեսնել Քրիստոսի պատկերը, իմ եղբոր, իմ հարևանի, իմ բարեկամի դեմքին տեսնել Քրիստոսին, որ մոտենում է ինձ: Պիտի է ասեք, որ մի քիչ երևակայական է, բայց ոչ, քանզի եթե ես իսկապես հավատում եմ Քրիստոսին, եթե ես իսկապես սիրում եմ Քրիստոսին, ապա ես Քրիստոսին կտեսնեմ իմ ընկերոջ մեջ և նրա հետ կվարվեմ այնպես, ինչպես եթե Քրիստոս կանգնած լիներ իմ դիմաց: Ահա հենց սա է իմաստը, որ այդ հոգևոր կյանքը մեր առօրյա կյանք ներմուծենք և այդպես ապրենք: Հեշտ է, եթե իսկապես ցանկանանք և եթե այդ հոգևոր կյանքն ունենք անհատապես: Աղոթել՝ նշանակում է զրուցել Աստծո հետ և երբ զրուցում ես Աստծո հետ պետք է կարողանաս ճիշտ խնդրել ու տալ: Խնդրում ես այն ամենը, ինչը շահ է քո կյանքի համար, սակայն Իրեն ի՞նչ ես տալիս: Ահա՛ այս կետերի մասին պետք է մտածենք պահքի շրջանում: Հայրե՛ր, մայրե՛ր ձեր զավակներին պետք է կարողանաք փոխանցել այդ հոգևոր շունչը, հոգևոր կյանքը և վարժեցնեք աղոթքի, որպեսզի իրենք էլ տեսնեն Աստծո սերն ու գուրգուրանքը մեր կյանքում: Այս Սուրբ Պատարագը մատուցում եմ ձեր բոլորի դիտավորությամբ, որ ամենաբարի Աստված կարողանա տալ Իր առատ շնորհքը ձեզանից յուրաքանչյուրին՝ ուրույն պետքերի համաձայն և դուք էլ ձեր կողմից կարողանաք շնորհակալության աղոթք անել Քրիստոսին, որ մեզ պահում է ամեն վտանգներից ու մեզ տալիս է առողջություն, հաջողություն, ընտանեկան և եղբայրասիրական գեղեցիկ կյանք: Ամեն»:

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզի

     

Օրացույց

Օրացույց