• Բուն Բարեկենդանի տօնը Փանիկում

    «Նախ խնդրեցէք Աստծոյ արքայութիւնը եւ նրա արդարութի՛ւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կտայ: Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կհոգայ» (Մատթ. 6, 33-34)


    2022 թուականի 27 փետրուարի, Ա․ Կիրակի Քառասնորդաց: Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

    Սուրբ գրային ընթերցումներից յետոյ, Գերյարգելի Վարդապետն իր քարոզի ընթացքում խօսեց օրուայ խորհուրդի մասին՝ ասելով հետեւեալը.

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

    Այսօր, Հայ Եկեղեցին տօնում է Բուն Բարեկենդանը, որով ազդարարւում է Մեծ Պահքի սկիզբը: Մեծ պահքն ընդգրկում է յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատաւորի, Գալստեան եւ Ծաղկազարդի տօնը, որոնք միասին կազմում են «ոսկէ շղթայ»:

    Բուն Բարեկենդանի օրը փակւում է Եկեղեցւոյ վարագոյրը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից: Այսօր եւս, բոլոր նրանք, ովքեր հեռու են Եկեղեցուց եւ Աստծոյ կենարար խօսքից՝ նմանւում են Ադամին, ով անհնազանդութեան պատճառով արտաքսուեց Դրախտից:

    Բուն Բարեկենդանը առաքինութիւնների արտայայտման շրջան է: Բարեկենդան բառն ինքնին մեկնաբանւում է բարի կենդանութիւն, այսինքն՝ բարի կեանք: Քառասնորդաց այդ շրջանը, նախ եւ առաջ, սեփական անձի, ներքին ձգտումների եւ յոյզերի քննութեան շրջան է, եւ ապա՝ զղջումի, ապաշխարութեան, աղօթքի եւ պահեցողութեան:

    Թէեւ Եկեղեցին յորդորում է հրաժարուել կենդանական ծագում ունեցող կերակուրներից, այնուամենայնիւ, առաւել կարեւոր է խորապէս գիտակցել եւ սնուել Աստծոյ խօսքով, հրաժարուել մոլի սովորութիւններից եւ բոլոր այն մեղքերից, որոնք հիւանդ են դարձնում մեր հոգին, քանզի անօգուտ է պահեցողութեամբ հիւծել մարմինը, եթէ հոգին լի է մեղքերով:

    Ինչպէս Մատթեոս առաքեալի գրքում է նշւում՝ պահեցողութիւնը, որպէս ներքին հոգեվիճակ, չպէտք է ի ցոյց դրուի մարդկանց. «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ եղէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լուա երեսդ, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

    Մեծ Պահքի տեւողութիւնը 48 օր է՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Յարութեան տօնը: Այս տարի Մեծ Պահքի շրջանը մեկնարկում է փետրուարի 27-ին: Պահքի ընթացքում հաւատացեալ մարդու հոգին պէտք է սնուի աղօթքներով եւ աւետարանական ընթերցումներով:

    Սիրելի՛ հաւատացեալներ, պահքի եւ ծոմապահութեան այս շրջանում հայցում ենք Աստծոյ ողորմածութիւնը եւ լիառատ շնորհները, որպէսզի զօրանայ մեր կամքը եւ կարողանանք հաւատարիմ մնալ Մեծ Պահքի սուրբ խորհուրդին:

    Այսօր, ինչպէս Սուրբ Խորանը վարագուրուեց, այնպէս էլ մենք պէտք է վարագուրենք մեր միտքը եւ հոգին ամէն տեսակ մեղքի եւ մարմնական ցանկութիւնների դէմ, որպէսզի կարողանանք անսասան կամքով եւ մաքրագործուած հոգով անցնել այն ճշմարիտ ուղին, որը տանում է դէպի Քրիստոսի հրաշափառ Յարութիւն»:

    Սուրբ եւ Անմահ Պատարագից անմիջապէս յետոյ, Եկեղեցւոյ բակում, բազմաթիւ հիւրերի, առաքինազարդ քոյրերի եւ համայնքի բնակիչների մասնակցութեամբ մեկնարկեց Բուն Բարեկենդանի տօնին նուիրուած գեղեցիկ արարողութիւնը: Միջոցառման սկզբում, գիւղի փոքրիկները բեմադրեցին Յովհաննէս Թումանեանի «Բարեկենդանը» հեքիաթը: Ներկայացմանը յաջորդեցին ազգային պարերը՝ «Հրայրք» աւանդական պարի խումբի եւ «Իրական դպրոց»-ի Գիւմրու մասնաճիւղի ուսանողների կատարմամբ: Փանիկի տիկնանց միութեան անդամները՝ գիւղի սիրուած եւ աւանդական ճաշատեսակներով պատրաստել էին հիւրասիրութիւն։

    Միջոցառմանը ներկայ էր նաեւ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ Ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ․ Մկրտչեանը, ով իր խօսքում ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդն ու կարեւորութիւնը իւրաքանչիւր քրիստոնեայի կեանքում։ Ստորեւ մէջբերում ենք Տէր Գրիգորի խօսքը.

    «Սիրելի՛ ժողովուրդ,

    Թոյլ տուէք ողջունել եւ շնորհաւորել բոլորիդ Բարեկենդանի այս ուրախ տօնի առիթով: Նախ եւ առաջ, կ’ուզեմ մի քանի խօսքով ներկայացնել Մեծ Պահքի եկեղեցական խորհուրդը: Պահք, պաս, պահոց օրեր, պահեցողութիւն, ծոմ, ծոմապահութիւն: Որոշ կրօններում, այս բառերը նշանակում են ուտելիքից կամ դրա առանձին տեսակներից որոշակի ժամանակով լրիւ կամ մասնակի հրաժարում: Իրականում, Մեծ Պահքը ինքնաքննութեան եւ խոկումի ժամանակաշրջան է, երբ հաւատացեալները հրաժարւում են ոչ միայն կերակուրներից, այլեւ հեռու են մնում մարմնական հաճոյքներից եւ ապաշխարութեամբ ու աղօթասացութեամբ չափաւոր կեանք վարում։ Քրիստոնէութեան մէջ՝ Պահքը հաւատի ամրապնդման եւ հոգու մաքրագործման շրջան է, երբ մարդը հնարաւորութիւն է ունենում մեղքերի թողութիւն ստանալու եւ երկնքի արքայութեանը արժանանալու:

    Համաձայն Հայ Եկեղեցւոյ կարգի՝ տարուայ մօտ վեց ամիսը պահոց օրեր են։ Հետեւաբար, Հայ Եկեղեցին տարուայ օրերը բաժանել է երկու մասի՝ տօնական եւ պահոց օրերի։ Եկեղեցական կանոնների համաձայն, իւրաքանչիւր շաբաթուայ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը պահոց օրեր են։ Կան բուն պահոց օրեր, երբ պէտք է հրաժարուել կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ նաւակատեաց պահոց օրեր, երբ կարելի է ուտել կաթնեղէն եւ ձկնեղէն։ Նաւակատիքի օրեր են հինգ տաղաւարների շաբաթապահոց շաբաթ օրերը։ Հինգ տաղաւարների կամ տէրունական օրերի շաբաթապահքեր են Ծննդեան, Յարութեան, Վարդավառի, Ս. Աստուածածնի եւ Ս. Խաչի տօները։

    Ներկայումս նոյնացուած են Պահք եւ ծոմ բառերը, որոնք նախկինում տարբեր իմաստներ են արտայայտել։ Ծոմ նշանակել է օրական մէկ անգամ ուտելով պաս պահել, իսկ Պահք՝ ընդհանրապէս կերակուր չ’ուտել»։

    Տէր Գրիգորը յատկապէս կարեւորեց պահոց շրջանում հոգեւոր շնորհների եւ եղբայրսիրութեան մէջ զօրանալը, քանզի, ինչպէս Եզնիկ Կողբացին է ասում. «Մէկը կարող է կենդանու միս չ’ուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

    Շարունակելով իր խօսքը՝ Տէր Գրիգորն ասաց. «Պահքի նպատակը հոգու կեանքը զօրացնելն է՝ տկարացնելով զգացական հաճոյքների կործանիչ ոյժը: Պահեցողութեան գերագոյն նպատակը ապաշխարանքն է, որի էութիւնը մեղքի պատճառով զգացած ցաւն է: Արդ, մեղքի հետեւանքով զգացած ներքին ցաւի արտաքին արտայայտութիւններից գլխաւորը պահեցողութիւնն է: Ինչպէս գիտենք, կան որոշ հիւանդութիւններ, որոնք մահացու են մարդու համար, եթէ դրանք իրենց սկզբնական շրջանում չբուժուեն: Կան նաեւ «մահացու» կոչուած մեղքեր, օրինակ՝ ամբարտաւանութիւնը, չար նախանձը, բարկութիւնը, անսահման ագահութիւնը եւ սրանց տարատեսակները, որոնք մահացու են, որովհետեւ մարդու մէջ մեռցնում են բարոյական գիտակցութիւնը, մարդկային արժանապատուութիւնը եւ, ի վերջոյ, փոխում մարդու նկարագիրն ու բնութիւնը: Երբ մարդը զրկւում է բարոյական արժէքներից, դադարում է մարդ լինելուց:

    Զղջումը, աղօթքը եւ ապաշխարանքը պահեցողութիւնից անբաժան պէտք է լինեն: Ս. Օգոստինոս Ափրիկէցին ասել է. «Պահեցողութիւնը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի եւ հակակշռի ներքեւում պահում կրքերը, ցրում է ցանկութեան ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալութիւնը եւ վառում ճշմարտութեան լոյսը»:

    Բարեկենդանի տօնին նուիրուած միջոցառումների աւարտին՝ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան առթիւ, որը նաեւ գիրք նուիրելու տօնն է եւ նշուել է օրեր առաջ՝ Փանիկի գրադարանի գրադարանավարուհի Աննա Ստեփանեանի կողմից ներկայացման մասնակիցներին նուիրուեցին Յովհաննէս Թումանեանի հեղինակած հեքիաթների գրքեր։

    Շնորհաւոր Բարեկենդան, բարով հասնինք Սուրբ Յարութեան:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու

     

Օրացույց

Օրացույց