• Մարդկանց մեջ տեսնել լավը:

    Եթե մենք մեր սեփական թերությունները տեսնելու ունակություն չունենք, ապա միշտ ուռճացնելու ենք ուրիշների թերությունները։ Իսկ եթե ընդունենք մեր սեփական սխալներն ու թերությունները, ապա մեր առաջ կբացվի ողորմածության դուռը: Հիսուսը կոչ է անում մեզ նայել ուրիշներին այնպես, ինչպես Ինքը, այսինքն փորձել մարդկանց մեջ տեսնել լավը, և ոչ թե վատը:


     

    Փետրվարի 27-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ օրվա ավետարանական ընթերցման հատվածում Հիսուս մեզ կոչ է անում խորհել այն մասին, թե ինչպես ենք նայում ուրիշներին և նրանց հետ խոսում:

     

    Եկե՛ք հասկանանք, թե ինչպես ենք նայում, ասաց Նորին Սրբությունը. «Տերն ասում է, որ մեզ վտանգ է սպառնում, երբ մենք միայն տեսնում ենք մեր եղբոր աչքի միջի շյուղը, սակայն չենք տեսնում մեր աչքի միջի գերանը» (տես՝ Ղկ. 6, 41): Այլ կերպ ասած, մենք շատ ուշադիր ենք ուրիշների թերությունների նկատմամբ, նույնիսկ փոքրիկ շյուղն ենք տեսնում, սակայն հանգիստ սրտով չենք նկատում և կարևորում մեր սեփական թերությունները: Հիսուս ճիշտ է ասում, շարունակեց Սրբազան Քահանայապետը, քանզի մենք միշտ պատճառ ենք գտնում՝ մեզ արդարացնելու և ուրիշներին մեղադրելու համար: Մենք հաճախ ենք դժգոհում, որ հասարակության մեջ, Եկեղեցում, աշխարհում ամեն ինչ այլ կերպ է ընթանում, մինչդեռ չենք քննադատում ինքներս մեզ և չենք փորձում փոխվել։ Մենք վարվում ենք ինչպես կույրերը, իսկ դա նշանակում է, որ չենք կարող առաջնորդել ուրիշներին, ինչպես որ կույրը չի կարող առաջնորդել կույրին (տես՝ Ղկ. 6, 39):

     

    Տերը կոչ է անում պարզ աչքերով նայելով ինքներս մեզ՝ մեր ողջ թշվառությունը գիտակցելու համար, շարունակեց Նորին Սրբությունը: Եթե մենք մեր սեփական թերությունները տեսնելու ունակություն չունենք, ապա միշտ ուռճացնելու ենք ուրիշների թերությունները։ Իսկ եթե ընդունենք մեր սեփական սխալներն ու թերությունները, ապա մեր առաջ կբացվի ողորմածության դուռը: Հիսուսը կոչ է անում մեզ նայել ուրիշներին այնպես, ինչպես Ինքը, այսինքն փորձել մարդկանց մեջ տեսնել լավը, և ոչ թե վատը: Հենց այդպես է Տերը նայում մեզ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. Նա տեսնում է ոչ թե մեր անուղղելի սխալները, այլ նայում է հենց մեզ՝ Իր զավակներին, որոնք երբեմն սայթաքում են ճանապարհին: Աստված միշտ տարբերում է մարդուն իր սխալներից։ Նա միշտ փրկում է մարդուն՝ հավատալով նրան և ներելով սխալները։ Նա հորդորում է մեզ անել նույնը. ուրիշների մեջ փնտրել բարին և ոչ թե չարը, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Հիսուս այսօր կոչ է անում մեզ նաև խորհել այն մասին, թե ինչպես ենք մենք խոսում ուրիշների հետ, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Տերը բացատրում է, որ սրտի ավելցուկից է խոսում բերանը (տես՝ Ղկ. 6, 45): Իսկապես, մարդու խոսելուց կարելի է անմիջապես հասկանալ, թե ինչ կա նրա սրտում: Մեր խոսքերը բնութագրում են մեզ: Սակայն երբեմն մենք անմտածված ենք խոսում՝ չկարևորելով և ոչ մի նշանակություն չտալով մեր խոսքերին: Խոսքերը կշիռ ունեն, նրանցով մենք արտահայտում ենք մեր մտքերն ու զգացմունքները, վախերը, ծրագրերը, որոնք պատրաստվում ենք իրականացնել, օրհնում ենք Աստծուն և այլ մարդկանց: Սակայն, ցավոք սրտի, խոսքի միջոցով մենք կարող ենք նաև սնել նախապաշարմունքները, արգելքներ առաջացնել, վնասել և նույնիսկ ոչնչացնել: Խոսքի միջոցով մենք կարող ենք կործանել մեր եղբայրներին, քանզի բամբասանքները ցավեցնում են, իսկ զրպարտությունը կարող է ավելի սուր լինել, քան դանակը»: Ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների շնորհիվ խոսքը շատ արագ է տարածվում, սակայն դրանք հիմնականում տարածում են զայրույթ և ագրեսիա, սնուցում են կեղծ լուրերով և օգտագործում են կոլեկտիվ վախերը՝ խեղաթյուրված գաղափարներ տարածելու համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու մեջբերեց Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներից մեկի՝ Դագ Համարշյոլդիի խոսքերը, ով ասել է. «խոսքի չարաշահումը հավասարազոր է մարդու նկատմամբ արհամարհանքին»։

     

    Նորին Սրբությունը կոչ արեց. Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ինչ խոսքեր ենք մենք ասում. Խոսքե՞ր, որոնք արտահայտում են ուշադրություն, հարգանք, ըմբռնում, մոտիկություն, կարեկցանք, թե՞ խոսքեր, որոնց միջոցով մենք մեզ լավ ենք զգում ուրիշների առաջ: Արդյո՞ք մենք հեզությամբ ենք խոսում, թե՞ թույն ենք թափում և պղծում աշխարհը՝ քննադատելով, բողոքելով, սնուցելով համատարած ագրեսիան։

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ում խոնարհությունը նկատեց Տերը, լռության Կույսը, ում մենք հիմա աղոթում ենք, օգնի մեզ մաքրել մեր խոսքն ու հայացքը», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց