Արդեօ՞ք Քահանայապետը երբեմն կծում է իր լեզուն.Քահանայապետի հարցազրոյցը մեքսիկական թերթին
Մարտի սկզբին Սրբազան Քահանայապետը հարցազրոյց էր տուել մեքսիկական Televisa News ընկերութեանը, որտեղ ի թիւս տարբեր հարցերի, խօսել է նաեւ իր գահակալութեան 2-ամեակի մասին: Նա ասել է, թէ ներքին զգացում ունի, թէ իր քահանայապետութիւնը կարճ կլինի, թէ Աստուած իրեն կանչել է այդ ծառայութեան կարճ ժամանակով: Թէ ինչու, այլ բացատրութիւն Քահանայապետը չի տուել: Հրաժարականի հաւանականութեան մասին լրագրողի հարցին Նորին Սրբութիւնը պատասխանել է, թէ իր նախորդը դուռ բացեց հետագայ հրաժարականների համար: Բենեդիկտոս 16-րդը երջանիկ է, գոհ, ասել է Ֆրանցիսկոս Քահանայապետը.«Ես երբեմն խօսում եմ նրա հետ հեռախօսով, կարծէս՝ մի իմաստուն պապիկ ունեմ տանը».ասել է նա: Կարդինալների ծերակոյտի բարեփոխումների մասին Նորին Սրբութիւնը ասել է, որ իր ակնկալիքը հոգեւորականների սրտի փոփոխութիւնն է, որպէսզի պալատական բարքերի մնացորդը մի կողմ թողնեն եւ իրօք ծառայեն ժողովրդին: Հարցին, թէ ինչպէս է վերաբերւում իր բարեփոխումներին դէմ արտայայտուողներին, պատասխանել է, թէ ոչ մէկին չի պատժում դէմ առ դէմ այլ կարծիք յայտնելու համար, այլ խրախուսում է այդպիսի համագործակցութիւնը: Մէկ այլ հարցի, թէ արդեօ՞ք Քահանայապետը երբեմն կծում է իր լեզուն՝ իր ինքնաբուխ եւ երբեմն անպայմանական, անմիջական խօսուածքի համար, պատասխանել է.«Ես միշտ եմ այդպէս խօսել, գուցէ, սխալ է, չգիտեմ, բայց յուսով եմ՝ մարդիկ հասկանում են ինձ»: Իսկ ի՞նչը դուր չի գալիս իրեն Քահանայապետութեան մէջ: «Միակ բանը, որ կուզենայի լինէր, կարողանայի երբեմն դուրս գալ այնպէս, որ ոչ ոք ինձ չճանաչէր եւ գնայի պիցցերիա՝ պիցցա ուտելու».ասել է միշտ անմիջական, 78-ամեայ Սրբազան Քահանայապետը: