Գերշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Սբ. Պատարագ է մատուցել Վարշավայում՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութան նահատակների
Մարտի 15-16-ը լեհական հայ կաթողիկէ համայնքի հրաւերով Լեհաստանում էր Գերշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը: Մարտի 15-ին Սրբազան Հայրը Սբ. Պատարագ է մատուցել Վարշաւայի Սբ. Հոգի եկեղեցում, առընթերակայութեամբ Վարշավայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկի եւ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհնյ. Մկրտչեանի: Պատարագին ներկա է եղել նաեւ Լեհաստանի արեւելեան ծէսի կաթողիկէների առաջնորդ, կարդինալ Կազիմէժ Նիչը, Գերհ. Հ . Հենրիկ ծ.վրդ. Բլաշչիկը, մխիթարեան միաբան Գերպ. Հ. Վահան վրդ. Յովակիմեանը, Լեհաստանի հայ առաքելական համայնքի հոգեւոր հովիւ Տ. Տաճատ աբեղա Ծատուրեանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարեանը, Լեհաստանի Ազգային եւ էթնիկական փոքրամասնութիւնների համատեղ յանձնաժողովում հայկական փոքրամասնութեան ներկայացուցիչ Էդուարդ Միեր-Էնդժեյովիչը, հայ կաթողիկէ սենատոր Ղուկաս Աբգարովիչը, հայ եւ լեհ մտաւորականներ, հասարակական գործիչներ, հայ կաթողիկէ համայնքի անդամներ: Սբ. Պատարագը մատուցուել է ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան նահատակների: Քարոզի ժամանակ խօսել է կարդինալ Նիչը: Կարդինալը ընդգծել է ցեղասպանութեան նահատակ հայերի հաւատքի վկայութեան մեծ արժէքը ոչ միայն հայ հաւատացեալների, այլեւ ողջ Ընդհանրական Եկեղեցւոյ համար: Ուրախութիւն է յայտնել այն փաստի առիթով, եւ Եվրոպայում պետական եւ հասարակական մակարդակով պատշաճ գնահատական է տրւում Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստերին.Լեհաստանի Սեյմը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել է 2005թ.: Կարդինալը յիշեցրել է, որ հայերի ցեղասպանութիւնը առաջինն է 20-րդ դարում: «Մենք ցեղասպանութիւնը յիշում ենք ոչ թէ ատելութեամբ լցուելու, այլ՝ ճշմարտութեան համար՝ որպէս զգուշացում ապագայ սերունդների համար: Թէեւ տասնամեակներ են անցել, բայց այսօր Թուրքիայի իշխանութիւնները չեն ուզում ընդունել ճշմարտութիւնը, այլ պաշտօնապէս յայտարարում են, թէ Թուրքիայի հայերը զոհ են գնացել համաճարակին՝ ռազմաճակատի տեղաշարժի ժամանակ».ասել է կարդինալ Նիչը: Նա առանձնակի ուշադրութիւն է հրաւիրել Երանելի Իգնատիոս եպս. Մալոյեանի եւ նրա հետ նահատակուած միւս հայ կաթողիկէների լուսաւոր կերպարներին, քաջալերել ողջ հայ ժողովրդին հայցելու այդ մեծ մարտիրոսի բարեխօսութիւնը: Օրեր առաջ Կարդինալ Նիչը յատուկ որոշմամբ Վարշաւայի կենտրոնական հայ կաթողիկէ համայնքը անուանակոչեց Սբ. Գրիգոր Նարեկացու անուամբ.Նարեկացին, ինչպէս գիտէք, ապրիլի 12-ին հռչակուելու է «Եկեղեցւոյ Վարդապետ»: Քարոզի ժամանակ կարդինալը յայտարարել է, որ Վարշաւայի հայ կաթողիկէներն այսուհետ յանձնուած են այդ սրբի հովանաւորութեանը:
Գերշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը շնորհակալութիւն է յայտնել կառաւարութեան ներկայացուցչին լեհահայերի նկատմամբ Լեհաստանի կառաւարութեան ուշադրութեան եւ հոգատարութեան համար՝ շեշտելով, որ հայերի եւ լեհերի միջեւ համագործակցիւնը երկարամեայ պատմութիւն ունի:
Կարդինալ Նիչը Սբ.Պատարագից յետոյ հայ հոգեւորականներին եւ միւս հիւրերին հրաուիրել է ընթրիքի: Յընթացս ընթրիքի, Ռաֆայէլ Սրբազանը իր երախտագիտութիւնն է յայտնել կարդինալ Նիչին եւ ասել, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, այլեւս սուգի օր չէ, այլ՝ փառաբանութեան եւ յաղթանակի.«Նրանք, որ ուզում էին մեզ բնաջնջել, առիթ տուեցին մեզ ավելի՛ աճել մեր հաւատքի ապրումի մէջ եւ վկայութիւն տալ նորովի»: Իսկ ՀՀ դեսպան Է. Ղազարեանը իր հերթին շնորակալութիւն յայտնելով, խնդրել է կարդինալին, որ երբ ապրիլի 23-ին Սբ. Էջմիածնում եւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ղօղանջեն եկեղեցական զանգերը, Լեհաստանի կաթողիկէ եկեղեցիներում եւս զանգեր ղօղանջեն:
Մարտի 16-ին Ռաֆայէլ Սրբազանը այցելել է լեհական Պոլսկ քաղաքը, որը 2016թ. կհիւրընկալի Երիտասարդութեան համաշխարհային օրուա միջոցառումների համար Լեհաստան մեկնող հայ երիտասարդներին: Սրբազանը հանդիպել է տեղի եպիսկոպոսին, կազմակերպչական աշխատանքների պատասխանատու վարդապետին եւ ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Տեղի համայնքը իրականացնում է «Տոմս եղբորդ համար» ծրագիրը՝ օգնելու ուխտաւորներին՝ Լեհաստան ժամանելու եւ ուխտագնացութեան օրերը լեհ համայնքի հետ միասին անցկացնելու ծախսերը հոգալու համար: Ռաֆայէլ Սրբազանը նախատեսում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի թեմից 2016թ. յուլիսին Լեհաստան ուղարկել մօտ 700 ուխտաւոր երիտասարդ: