• Սբ. Հովսեփը՝ Եկեղեցու պաշտպան. փետրվարի 16-ի ընդհանուր ունկնդրությունը

    Փետրվարի 16-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան
    Քահանայապետն ավարտեց Սբ. Հովսեփի մասին հրապարակային
    մեկնաբանությունները՝ վերջին զրույցը նվիրելով Նրա «Եկեղեցու երկնային
    հովանավոր» կոչմանը և նշելով, որ հենց Ավետարաններն են տալիս այս կոչումը
    հասկանալու բանալին։


    Ավետարանում ասվում է, որ Հովսեփը «առավ Մանկանն ու Նրա Մորը» (Մտթ. 2:14)
    և արեց այն, ինչ Աստված պատվիրել էր իրեն: Այս ամենն ընդգծում է Հովսեփի
    առաքելությունը. պաշտպանել Հիսուսին և Մարիամին: Սբ. Հովսեփը Տիրոջ և Նրա
    Սուրբ Մոր պահապանն է, Ովքեր մեր հավատքի թանկարժեք գանձերն են. փրկարար
    ծրագրում չի կարելի զատել Որդուն Մորից, իսկ Սուրբ Ընտանիքը՝ Հիսուս, Մարիամն
    ու Հովսեփը, որոշակի իմաստով Եկեղեցու սկզբնական միջուկն են: Մենք նույնպես,
    հավելեց Նորին Սրբությունը, «պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյո՞ք
    պաշտպանում ենք Հիսուսին և Մարիամին, քանի որ նրանք խորհրդավոր կերպով
    վստահված են նաև մեր պատասխանատվությանը, խնամքին ու հոգատարությանը
    (Patris corde 5): Պահապան լինելը քրիստոնեական կոչման գեղեցիկ հատկանիշն
    է. մենք կոչված ենք պաշտպանելու ոչ միայն մեր, այլ նաև ուրիշների և Եկեղեցու
    կյանքը:

     

     

    Հովսեփին վստահել է հենց Աստված, այս սրբի երկնային հովանավորության մասին
    շարունակեց իր խորհրդածությունները Սրբազան Քահանայապետը: «Եկեղեցին
    Քրիստոսի Մարմնի շարունակությունն է պատմության մեջ, ինչպես որ Մարիամի
    մայրությունն է արտացոլվում Եկեղեցու մայրության մեջ։ Միշտ պաշտպանելով
    Եկեղեցուն՝Հովսեփը շարունակում է պաշտպանել Մանկանն ու Նրա Մորը, և մենք
    Եկեղեցու հանդեպ ունեցած մեր սիրով շարունակում ենք սիրել Մանկանն ու Նրա
    Մորը»:

    Ամեն մի կարիքավորը, աղքատը, գաղթականը, հիվանդը կամ բանտարկյալը Հովսեփին
    վստահված «Մանուկն» է, և մենք պետք է պաշտպանենք մեր այդ եղբայրներին և
    քույրերին: Մենք պետք է նրանից սովորենք «սիրել Խորհուրդները և Աստծո
    ժողովրդին, սիրել աղքատներին և մեր ծխական համայնքը, քանզի նրանցից
    յուրաքանչյուրը Մանուկն ու Նրա Մայրն են»:

    Այսօր համատարած ընդունված է քննադատել եկեղեցուն և ընդգծել նրա
    թերություններն ու մեղքերը, շարունակեց Նորին Սրբությունը: Սակայն իրականում
    դրանք մեր թերություններն ու մեղքերն են, քանի որ Եկեղեցին «մեղավոր ժողովուրդ
    է, որը հանդիպում է Աստծո ողորմությանը»:

     

    «Եկեղեցին ամենևին էլ քահանայի հետ մտերիմ մարդկանց խումբ չէ, ով ամեն ինչ
    տնօրինում է։ Եկեղեցին մենք բոլորս ենք, որ ճանապարհին ենք: Պետք է պաշտպանել
    և պահպանել միմյանց: Հարցնենք ինքներս մեզ. ե՞րբ մեզ մոտ առաջանում են
    խնդիրներ այլ մարդու հետ, ապա մենք փորձում ենք պաշտպանել նրան, թե՞
    անմիջապես մեղադրում, զրպարտում ու ոչնչացնում ենք»։

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին խնդրել Սբ. Հովսեփի
    բարեխոսությունը՝ մեր և մեր համայնքի կյանքի դժվարին պահերին, հայցելով նրանից
    ուժ և համբերություն՝ ի սեր Ավետարանի բոլոր փորձանքներին ու տառապանքներին
    դիմակայելու համար։ Նորին Սրբությունն իր խորհրդածություններն ավարտեց Սբ.
    Հովսեփին ուղղված աղոթքով, որը տրված է առաքելական Patris corde ուղերձի
    վերջում։

    Ողջու՜յն, Փրկչի պահապան և
    Սուրբ Կույս Մարիամի փեսացու:
    Աստված քեզ վստահեց Իր միածին Որդուն,
    Մարիամն իր միակ ապաստարանը քո մեջ գտավ,
    Քո կողքին Քրիստոս մեծացավ:

    Երանելի՜ Հովսեփ,
    Մեզ համար ևս եղիր հայր
    Եվ առաջնորդիր մեզ կյանքի ճանապարհին:
    Տու՛ր մեզ շնորհ, ողորմածություն ու քաջություն
    Եվ պաշտպանիր մեզ չարից: Ամեն:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց