Սևրի Մխիթարյան վարժարանի 180-ամյակը շնորհավորել է ՀՀ Սփյուռքի նախարարը
Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկե պատրիարքարանի դիվանը, հուլիս 25-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մխիթարյան Միաբանության Սևրում գտնվող «Սամվել Մուրադյան վարժարանի եւ մշակութային կեդրոնի» հիմնադրման 180-ամյակին: Ներկա էր նաև Մխիթարյան միաբանության անդամ եւ վարժարանի տնօրեն Յարություն վարդապետ Պզտիկյանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորելով Մխիթարյաններին վարժարանի 180-ամյակի առթիվ` նշել է, որ Մխիթարյանները 180 տարի առաջ հիմնեցին այդ դպրոցը` գլխավոր սկզբունք դարձնելով հայ հավատքի, կրթության, մշակույթի եւ լեզվի պահպանումը: Աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են 36 այդպիսի դպրոցներ, որոնց սաները դարձել են նշանավոր մտավորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հայազգի Փաթրիք Դևեճյանի մեծ աջակցությունը վարժարանին, որի շրջանավարտն է եղել: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել վարժարանի տնօրեն Հարություն վրդ. Պզտիկյանին մանկավարժական մեծ վաստակի համար: Պզտիկյանը համառոտ ներկայացրել է վարժարանի պատմությունը: Մխիթարյանների կրթական գործունեության մասին խոսեց նաև Մատենադարանի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ցուցադրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով նկարահանված Սևրի վարժարանի 180-ամյա պատմությունը լուսաբանաող մի տեսաֆիլմ, իսկ ՄեսրոպՄաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները երգել են Մխիթար Աբբահոր շարականները, ներկայացրել են Ղևոնդ Ալիշանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի ստեղծագործությունները: