Երիտասարդնե՛ր, մի՛ վերածուէք թանգարանային ցուցանմուշների.Քահանայապետի հարցազրոյցը «La Carcova News»-ին
Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Քահանայապետը իր գահակալութեան 2-ամեակի առթիվ հարցազրոյց է ունեցել “La Carcova News” իտալական թերթի հետ: Ի թիւս շօշափուած տարբեր հարցերի, Քահանայապետը կոչ է ուղղել երիտասարդներին չվերածուել թանգարանային ցուցանմուշների՝ ի նկատի ունենալով արդի աշխարհում երիտասարդութեան մեծ մասին մոլի հակուածութիւնը համացանցային վիրտուալ շփումներին, ինքնարտայայտման միջոցներին: Իրական կեանքը կենդանի երկխոսութեան եւ դիմացինին լսելու մէջ է: Վիրտուալ աշխարհում մնալով՝ երիտասարդը կուտակում է տեղեկատւութեան մեծ պաշար, բայց մնում է անպտուղ իրական կեանքում, մինչդեռ անհրաժեշտ է փոխել կենսակերպը: «Կարող ես սիրել մէկին, բայց եթէ չես սեղմում նրա ձեռքը, չես գրկում նրան, դա սէր չէ…Վիրտուալ սէր գոյութիւն չունի…Մի՛ եղէք եիրտասարդների թանգարան՝ տեղեկացուած միայն վիրտուալ բաներից, այլ եղէք երիտասարդներ, ովքեր զգում եւ խօսում են ներդաշնակօրէն՝ սրտի, գլխի եւ ձեռքերի լեզուներով».ասել է Քահանայապետը: «Ո՞րն է ամէնակարեւոր բանը, որ պէտք է տալ երեխաներին».հարցին նա պատասխանել է.«Պատկանելութիւնը օջախին…սիրելով նրանց, ժամանակ տրամադրելով, նրանց ձեռքից բռնելով, ընկերակցելով նրանց, խաղալով նրանց հետ, տալով նրանց այն ամէնն, ինչի կարիքն ունեն իրենց աճման համար…նրանց ինքնարտայայտման համար տարածք տալով…եթէ թոյլ չէք տալիս, որ երեխաներն ասեն, այն ինչ զգում են, որ նաեւ վիճեն ձեզ հետ եւ ազատ զգան իրենց, դուք արգելում էք նրանց զարգացումը»: Եւ ամէնակարեւորը, ինչ պէտք է տալ երեխային ու երիտասարդին, հաւատքն է.բացատրում է Քահանայապետը: