Բաժիններ՝ Աղոթքներ, Գրադարան
  • Աղոթք՝ հիվանդների համար

    Տեր Հիսու՛ս, այսօր այս Սուրբ Պատարագը մատուցեցինք բոլոր հիվանդների դիտավորությամբ, նաեւ հիշեցինք մեր հարազատների անունները, ում մասին մտածում ենք եւ միշտ աղոթում:


    Դու գիտես, թե ինչ է մարդկային տառապանքը, ինչ է հիվանդությունը, հուսահատությունը, ցավը, որովհետեւ Դու Ինքդ կրեցիր դրանք քո երկրային կյանքի օրերին եւ այդ ամենը քեզ հետ միասին խաչ բարձրացրեցիր, որպեսզի մեզ բացատրես, որ մենք մենակ չենք մեր տառապանքի մեջ, որ Դու կիսում ես մեր ցավերը ամբողջությամբ:

     

    Դու համբերությամբ եւ ինքնազոհ սիրով կրել ես մարդկանց մեղքերի լուծը եւ երբեք չես հոգնում կրել նաեւ մեր բոլոր հիվանդությունների, ցավերի, վախերի, հուսահատությունների ծանր բեռը:

     

    Քո խաչելությամբ մեզ այսօր էլ  բացատրում ես, որ Դու ամեն վայրկան պատրաստ ես դարձյալ խաչ բարձրանալու, միայն թե թեթեւացնես մեր տառապանքի բեռը, միայն թե մենք հասկանանք, թե Դու մեզ ինչքա՛ն ես սիրում:

     

    Դու պատրաստ ես այսօր էլ ամեն վայրկան մեռնել մեզ համար, բայց որպեսզի մենք ոչ թե սգանք, այլ ուրախանա՛նք՝ գիտակցելով, որ Դու Քո մահով մեզ համար բացել ես նոր կյանքի, մեծ հույսի դուռը, որի սեմից այն կողմ մեր բոլոր հիվանդությունների, ցավերի, թուլությունների ավարտն է եւ մեր երջանկության սկիզբը:

     

    Քո Խաչի զորությանն ու առատ շնորհներիդ ապավինելով՝ միասնաբար աղաչում ենք, եթե Քո կամքն է, շուտափույթ բուժում շնորհի՛ր բոլոր նրանց, ում անունները հիշեցինք Սուրբ Պատարագին եւ ում համար աղոթում ենք այժմ, զորացրու՛ նրանց կամքը եւ հավատը, որ համբերությամբ կրեն իրենց դժվարությունները՝ դարձնելով դրանք ապաշխարության միջոց՝ իրենց կամ ուրիշների մեղքերի համար:

     

    Շնորհ տու՛ր բոլորիս, որպեսզի մեր դժվարությունները նվիրենք Քեզ՝ որպես մի գեղեցիկ նվեր, որպես կիսում Քո Խաչի տառապանքների, որպես մի ճանապարհ, որով կարող ենք քայլել Քո հետքերով:

     

    Քո Սուրբ Պատարագի զորությամբ աղոթում ենք նաեւ բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում տառապում են կորոնավիրուսի, էբոլա վիրուսի եւ այլ համաճարակներից, աղոթում ենք նրանց ընտանիքների համար, խնդրում ենք զորացրու՛ նրանց եւ շուտափույթ բուժում շնորհիր:

     

    Խնդրում ենք, հեռու պահի՛ր ամեն տեսակ հիվանդություններից եւ ցավերից մեզ, Քո ողջ Ընդհանրական Սուրբ Եկեղեցին եւ ամբողջ մարդկությունը, իսկ հիվանդության ժամին ցու՛յց տուր այն հաղթահարելու Քեզ հաճելի ճանապարհը, որը նաեւ մեր սրբության ճանապարհն է:

     

    Սուրբ Կու՛յս, Մա՜յր Եկեղեցու, քո մայրական խնամքի ներքո պահի՛ր բոլոր այն հիվանդներին, ում համար աղոթում ենք. Ամեն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց